Մատչելիության հղումներ

Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է 16 հոդվածով խաղաղության պայմանագիր. Փաշինյան


Չնայած Ադրբեջանի նախորդ օրերին հնչեցրած անհամաձայնությանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին առաջարկեց Բաքվին Խաղաղության պայմանագիր ստորագրել՝ ներառելով մինչ օրս համաձայնեցված 16-հոդվածները՝ չհամաձայնեցված մեկ հոդվածը թողնելով ապագային:

«Մենք բոլոր 16 հոդվածների համար ունենք համաձայնեցված բովանդակություն, երեք հոդվածի համար այդ բովանդակությունն ի սկզբանեի հետ համեմատած մասամբ է համաձայնեցված, այսինքն, 13 պլյուս 3, այսինքն, 16 հոդվածով պայմանագիր», - նշեց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն այսօր առաջին անգամ խոսեց թվերով՝ խաղաղության պայմանագիրն ի սկզբանե ունեցել է 18 հոդված, սակայն ապաշրջափակման վիճահարույց հոդվածը հանվել է: Մնացած 17 հոդվածներից մեկն, ըստ Փաշինյանի, առհասարակ համաձայնեցված չէ: Թե դրանք ինչ բովանդակություն ունեն՝ փակագծեր չբացեց, միայն ասաց՝ համաձայնեցված է նաև նախաբանը, փաստաթղթի վերնագիրը:

«Ադրբեջանական կողմն ասում է՝ չէ, կարևոր հարցեր կան, որ պետք է արտահայտվեն, մեր հարցը հետևյալն է՝ եթե դրանք արտահայտենք, էլ չե՞ն լինելու, այսինքն՝ դրանով ամբողջ կարևոր հարցերի ցանկը սպառելո՞ւ ենք: Փաստ է, որ աշխարհում չկա այնպիսի պայմանագիր, խաղաղության-ոչ խաղաղության, որը բոլոր հարցերին պատախսան է տալիս: Այսինքն՝ ինչպիսին էլ լինի, եթե նույնիսկ 40, 50, 60, 80 հոդված էլ ունենա այդ պայմանագիրը, միևնույն է, բոլոր կարևոր հարցերին պատասխան չի տալու», - ասաց Փաշինյանը:

Իշխանական պատգամավոր Լիլի Մինասյանն առանց մանրամասնելու հարց տվեց, ինչպես ինքը ձևակերպեց, Ալմա Աթայի հռչակագրի վերաբերյալ Բաքվից հնչող երկակի հայտարարությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն էլ առանց հստակեցնելու, թե խաղաղության պայմանագրի տեքստում այն համաձայնեցվա՞ծ է, թե՝ ոչ, հղում արեց սահմանազատման հանձնաժողովների՝ օրեր առաջ ստորագրած կանոնակարգին:

«Երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները տարածել են հայտարարություն, եթե չեմ սխալվում միաժամանակ, որ Ալմաթայի հռչակագիրը դառնում է սահմանազատման գործընթացի բազային սկզբունք և կողմերը սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն դրանով: Սա է պաշտոնական հաղորդագրությունը, և ես որևէ այլ բանի անդրադառնալը ես անկեղծ ասած պատեհ չեմ համարում», - ընդգծեց վարչապետը:

Ադրբեջանը խաղաղության պայմանագրի կնքման համար նախապայման է դրել՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը: Բաքուն հետևողականորեն չի ընդունում Երևանի փաստարկը, թե պայմանագրում համաձայնեցված կետ կա, որ կողմերը չեն կարող որևէ հարցում շեղվել խաղաղության պայմանագրից՝ հղում անելով ներքին օրենսդրությանը: Այսօր Նիկոլ Փաշինյանը փորձեց կրկին փարատել Բաքվի մտահոգությունները:

«Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել, եթե Սահմանադրական դատարանն ասում է, որ համապատասխանում է Սահմանադրությանը և ուղարկում է Ազգային ժողով, որն էլ վավերացնում է, էն դրույթը, որ Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ստանում է բարձրագույն իրավական ուժ», - հայտարարեց նա:

Նոյեմբերի 9-ի հայտարարության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև նոյեմբերի 9-ի հայտարարությանը, մասնավորապես տարածաշրջանային ապաշրջափակման կետին: Ընդգծեց՝ այն ոչ թե Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապ հաստատելու մասին է, այլ տարածաշրջանի բոլոր կապուղիների բացման:

Իսկ ինչ վերաբերում այդ կետի շուրջ Մոսկվայից հնչող մեկնաբանություններին և ռուս սահմանապահների մասին հիշատակմանը պնդեց. - «Որտե՞ղ է գրված, որ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները պետք է տեղում ներկա լինեն, չկա տենց բան գրած, որովհետև եթե նույնիսկ նկատի է առնվում Հայաստանում ռուս սահմանապահների ներկայությունը, էդ ռուս սահմանապահների ներկայությունը մեր երկրում պայմանագրային հարց է, Հայաստանի որոշման հարց է. այսօր որոշել է, որ ներկա են իրենք, վաղը կարա որոշի, որ ներկա չեն»:

Իսկ թե կոնկրետ ինչ գործառույթ պետք է ունենային ռուս սահմանապահները, Նիկոլ Փաշինյանը չհստակեցրեց, բայց հայտարարեց՝ Հայաստանը պատրաստ է կատարել 9-րդ կետը, որն ըստ նրա չի ենթադրում ինքնիշխանության որևէ զիջում:

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ապահովել ու երաշխավորել անվտանգությունը ինչպես գրված է 9-րդ կետում, պատրաստ է կազմակերպել հաղորդակցությունը, ինչպես գրված է 9-րդ կետում», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ պատրաստ չեն զիջել ինքնիշխանությունն ու իրավազորությունների, բայց պատրաստ են պարզեցումների, թե կոնկրետ ինչպիսի՝ փակագծեր չբացեց:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG