Մատչելիության հղումներ

Բաքուն մերժեց Երևանի առաջարկը մասամբ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը ստորագրելու մասին


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադե, արխիվ
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադե, արխիվ

Բաքուն անընդունելի է համարում ոչ ամբողջությամբ համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին:

Ադրբեջանցի պաշտոնյան պնդել է՝ «երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը մի շարք ուղղություններով պետք է հստակեցվեն»։

«Համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար, առաջին հերթին, Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ, որը մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջներ ունի», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը և հավելել. - «Չնայած Հայաստանը տեղյակ է իր գրավոր և ստորագրված պարտավորությունների մասին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման վերաբերյալ, վերջին չորս տարիներին դրանք չի կատարել»:

Անդրադառնալով ճանապարհի ապաշրջափակման դեպքում օտարերկրյա մասնավոր ընկերության ներգրավման հնարավորությանը, Հաջիզադեն վստահեցրել է՝ Ադրբեջանը երբեք նման հարց չի քննարկել:

«Եթե հայկական կողմն իրականում շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա պետք է կատարի իր պարտավորությունները», - հայտարարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Մեկ ամիս առաջ նախ պաշտոնական Բաքուն, ապա Երևանը հայտարարեցին, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը: Ռուսական կողմն էլ հաղորդեց, որ երթուղին, որը պետք է Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով միացնի Նախիջևանի հետ, քննարկվում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:

Իբրև տարբերակ Փաշինյանը խոսել է անվտանգության ապահովման գործառույթը մասնավոր պահնորդական կազմակերպությանն արտապատվիրակելու մասին։ «Անվտանգության ապահովման լրացուցիչ գործառույթներ կարող են իրականացնել նաև ՀՀ-ում լիցենզավորված գործունեություն ծավալող, օրինակ, պահնորդական կազմակերպություններ», - ասաց Հայաստանի գործադիրի ղեկավարը։

Իրանն էլ ողջունել է Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը տարածաշրջանի երկրների ինքնիշխանության շրջանակներում՝ հայտարարելով, որ դեմ է միջազգային սահմանների ցանկացած փոփոխության։

Երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ որևէ բան, որը ենթադրում է միջանցքի ստեղծում և դրա վերահսկողության հանձնում որևէ այլ կողմի, չի քննարկվում։

«Մենք ասել ենք, որ Հայաստանի համար երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը բացառվում է, մեր համար դա անընդունելի է», - ասել է Միրզոյանը՝ պարզաբանելով՝ խոսքը բոլորովին ուրիշ բանի մասին է:

«Իրականում, որպեսզի մարդկանց մոտ անվտանգության զգացողությունը մի աստիճանով էլ ավելանա, մենք կարող ենք ներգրավել: Սա քննարկվելիք տարբերակներից մեկն է միայն: Մենք կարող ենք ներգրավել երկու երկրներում էլ, օրինակ, արտոնագրված մի մասնավոր պահնորդական ընկերություն, որը գնացքի վրա, գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին, խոսքը սրա մասին է: Ենթադրվելիք ապաշրջափակվող ենթակառուցվածքի, տվյալ դեպքում երկաթուղու երկայնքով տեղակայվող ո՛չ պետական երրորդ կողմի, ո՛չ մասնավոր ներկայությունը մեզ համար ընդունելի չի եղել և հիմա էլ չկա», - ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հայաստանի արտգործնախարարը նաև հայտարարել է՝ Ադրբեջանին որպես 10-րդ խմբագրում ուղարկել են խաղաղության պայմանագրի նախագծի ամբողջությամբ համաձայնեցված տեքստ, որը, ըստ հայկական կողմի, կարելի է կարճ ժամանակում ստորագրել։ «Դրանք կա՛մ հոդվածներ են, որոնք նախկինում ամբողջապես են համաձայնեցվել, կա՛մ այլ հոդվածների համաձայնեցված մասեր: Ըստ էության, ստացվում է՝ տեխնիկապես և փաստացի, ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է», - ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:

Այս ամսվա սկզբին հայտնի դարձավ, որ Հայաստանն ադրբեջանական կողմին է փոխանցել պայմանագրի 10-րդ փաթեթը։ Բաքվից արձագանքել էին, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից մի քանի կարևոր կետեր է դուրս թողել։

XS
SM
MD
LG