Մատչելիության հղումներ

Փաշինյանը վերահաստատեց պատրաստակամությունը՝ ստորագրել համաձայնեցված դրույթներն «առաջիկա հնարավոր ժամկետում» 


Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլևս իրատեսական է, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ։

Անդրադառնալով խաղաղության բանակցություններին՝ գործադիրի ղեկավարը նախ վերահաստատեց, որ համաձայնագրի 80 տոկոսը համաձայնեցված է, ապա պարզաբանեց․ - «13 հոդվածներ և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս երեք հոդվածներ, որոնք բաղկացած են հիմնականում երկու նախադասությունից, մասնակի համաձայնեցված են, այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը՝ համաձայնեցված չէ»։

Նախադասությունների բովանդակությունը գործադիրի ղեկավարը չբացահայտեց, միայն նշեց, որ պաշտոնական Երևանն առաջարկում է ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։

Փաշինյանն ասաց, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը Երևանին և Բաքվին հնարավորություն կտա համատեղ մեզխանիզմի միջոցով շարունակել քննարկումները՝ նաև նշելով, որ խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում նախատեսվում է դրույթ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։

Հայաստանի վարչապետը վերահաստատեց իր պատրաստակամությունը ստորագրել համաձայնեցված դրույթներն «առաջիկա հնարավոր ժամկետում»։

Երեկ Բաքուն հայտարարեց, որ անընդունելի է համարում ոչ ամբողջությամբ համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ շեշտելով՝ «երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը մի շարք ուղղություններով պետք է հստակեցվեն»։

Բաքուն պնդում է, որ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ, ինչպես նաև նշում՝ «չնայած Հայաստանը տեղյակ է իր գրավոր և ստորագրված պարտավորությունների մասին՝ Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման վերաբերյալ, վերջին չորս տարիներին դրանք չի կատարել»:

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Մեկ ամիս առաջ նախ պաշտոնական Բաքուն, ապա Երևանը հայտարարեցին, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը: Այդուհանդերձ Հայաստանի վարչապետն օրերս հայտարարեց, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG