«Թրանսփարենսի ինթերնեշնլի» 2024 թվականի կոռուպցիայի ընկալման սանդղակում Հայաստանի ԿԸՀ արժեքը նախորդ տարվա համեմատ մնացել է նույնը՝ 47 միավոր:
180 երկիր ներառող կոռուպցիայի ընկալման համաթվի աղյուսակում Հայաստանը Խորվաթիայի հետ կիսում է 63-64-րդ տեղերը, 2023 թ.-ին Հայաստանը գրավում էր 62-րդ տեղը:
Հայաստանի ԿԸՀ արժեքը 2024 թվականին գերազանցում է հարևան երկրների (բացի Վրաստանից) և ԵԱՏՄ մյուս երկրների արժեքները։ Հարևաններից Թուրքիան (34) կիսում է 107-113-րդ տեղերը, Իրանը (23)` 151-153-րդ տեղերը, իսկ Ադրբեջանը (22)՝ 154-157-րդ տեղերը։
Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պայքարին ու ընկալման համաթվի փոփոխություններին հետևող Վարուժան Հոկտանյանը, նախորդ տարվա տվյալները «Ազատության» հետ զրույցում մեկնաբանելով, բացատրել էր՝ համաթվի հաշվարկի մեթոդի համաձայն՝ 2.5 միավորը համարվում է վիճակագրական սխալի տիրույթ: Հետևաբար 2023-ին Հայաստանը ոչ բարելավել, ոչ վատացրել էր ցուցանիշը 2022-ի համեմատ։
Թեև համաշխարհային միջինից Հայաստանի միավորը բարձր է, բայց Եվրոպայի խորհրդի շատ երկրների շարքում գտնվում է ցածր հորիզոնականում, ինչը, ըստ մասնագետների, նշանակում է, որ երկիրը դեռ շատ անելիքներ ունի՝ գրանցելու իրական առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում։
Այս տարվա զեկույցը բացահայտել է կոռուպցիայի անհանգստացնող մակարդակներ ամբողջ աշխարհում. երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ արժեքները 0-ից (բացարձակապես կոռումպացված) 100 (բացարձակապես մաքուր) սանդղակի վրա 50 միավորից ցածր են։ Համաթվի համաշխարհային միջին ցուցանիշը մնացել է անփոփոխ՝ 43 միավոր, ինչն ընդգծում է կոռուպցիայի դեմ հրատապ գործողությունների անհրաժեշտությունը:
Արդեն յոթերորդ տարին անընդմեջ Դանիան գլխավորում է ցուցակը (90 միավոր), որին գրեթե հավասար արդյունքով հաջորդում է Ֆինլանդիան (88) և Սինգապուրը (84):
Ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են հիմնականում անկայուն և հակամարտություններից տուժած երկրներում, ինչպիսիք են՝ Հարավային Սուդանը (8), Սոմալին (9), Վենեսուելան (10), Սիրիան (12), Լիբիան (13), Էրիթրեան (13), Եմենը (13) և Հասարակածային Գվինեան (13):