Մատչելիության հղումներ

Վաղարշապատի քաղաքապետը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի հետ


Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ՝ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար։ Ավելի վաղ նրա ամուսնու ծնողները հայտնվել էին Վաղարշապատում ապօրինի շինարարություն իրականացնելու սկանդալի կենտրոնում։ Սրան զուգահեռ Դիանա Գասպարյանի ՔՊ-ական ամուսնու՝ Արամայիս Միրզոյանի գույքի, եկամուտների հայտարարագրում կան էական անհամապատասխանություններ նրա եկամուտների և հայտարարագրած դրամական միջոցների միջև։

Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել սկեսրայրի՝ անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի հետ՝ սեղմված բնական գազի ձեռքբերման համար։ Պայմանագիրը կնքվել է հունվարի 27-ին։

Ըստ դրա՝ Աշոտ Միրզոյանի գազալցակայանում Վաղարշապատի համայնքապետարանի կարիքների համար պետք է կատարվեն լիցքավորումներ։ Միրզոյանը գազալցակայանը հիմնել է 2020-ին, այն գտնվում է Էջմիածին-Արտիմետ խճուղի 1 հասցեում։ Գազալցակայանի անհրաժեշտ թույլտվությունները Միրզոյանը ստացել էր ապագա հարսից՝ Դիանա Գասպարյանից, երբ վերջինս արդեն Վաղարշապատի քաղաքապետն էր։

Սեղմված գազի ձեռքբերման գնումն իրականացվել է էլեկտրոնային աճուրդի ընթացակարգով։ Ըստ Gnumner.am հարթակի՝ մրցույթին բացի Աշոտ Միրզոյան ԱՁ-ից մասնակցել են նաև «Լի գազ» և «Տնկարան» ՍՊԸ-ները։ Ամենացածր գնային առաջարկ ներկայացրել է Դիանա Գասպարյանի սկեսրայրը, ում վերջին գնառաջարկը «Տնկարան»-ից պակաս է եղել 133 հազար դրամով, և պայմանագիրը շնորհվել է Միրզոյանին։

Հայաստանում հանրային ծառայության մասին օրենքը սահմանում է, որ եթե պաշտոնյայի կողմից իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման, ապա պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր վերադասին ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախման մասին։ Համայնքապետերը քանի որ չունեն վերադաս մարմին, շահերի բախման հանգամանքների վերաբերյալ պետք է հայտարարություն ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Մինչ այդ պաշտոնատար անձը պետք է ձեռնպահ մնա հարցի վերաբերյալ որոշում կայացնելուց։

Հանձնաժողովից «Ազատությանը» տեղեկացրել են, որ շահերի բախման վերաբերյալ որևէ հայտարարություն կամ դիմում Վաղարշապատի քաղաքապետից չեն ստացել, իսկ Դիանա Գասպարյանը ձեռնպահ չի մնացել գործողություն կատարելուց և ստորագրել է համապատասխան պայմանագիրը Աշոտ Միրզոյանի հետ։

Պատասխանելով «Ազատության» գրավոր հարցմանը՝ Դիանա Գասպարյանը վստահեցրել է, որ Վաղարշապատի համայնքապետարանի գնման հանձնաժողովը գնումն իրականացրել է էլեկտրոնային եղանակով, ուստի անձնապես չի տեսել ու չի նույնականացրել որևէ մասնակցի:

«Ձեր կողմից ստացված դիմումից հետո համայնքապետարանը հետամուտ է եղել գնումների ընթացակարգով հաղթող ճանաչված ԱՁ-ն նույնականացնելուն ու ձեռնարկել քայլեր՝ իրավիճակը իրավական կարգավորմանը համապատասխանեցնելու համար»,-ասված է Դիանա Գասպարյանի կողմից մեզ ուղարկված պատասխանում։

Անդրադառնալով շահերի բախման առկայությանը՝ Վաղարշապատի համայնքապետը նշել է, որ ապագայում նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար նախատեսում է վերանայել ներքին վերահսկողության մեխանիզմները։

Նույնիսկ եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարզի, որ գործարքի ժամանակ եղել է շահերի բախում, Հայաստանի օրենսդրությունը չի նախատեսում պայմանագրի չեղարկում, ոչ էլ խոշոր տուգանքներ։ Հանձնաժողովն առավելագույնը կարող է վարույթ հարուցել և 300 հազար դրամով տուգանել պաշտոնատար անձին։

Դիանա Գասպարյանի ամուսինը՝ Արամայիս Միրզոյանը, Վաղարշապատի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ 2023-ի վերջին «Հետք»-ը բացահայտել էր, որ Գասպարյանի սկեսուրը Էջմիածնում ապօրինի շինարարություն էր սկսել։ Մասնավորապես, Գասպարյանի ամուսնու ընտանիքը Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես էր սկսել առանց շինթույլտվության, բացի այդ, համայնքապետի ընտանիքին 1.2 հեկտար հող անցել էր կասկածելի հանգամանքներում. Արաքս համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ Շահեն Շահինյանը հողը գնել էր Վաղարշապատի համայնքապետարանի աճուրդից, ապա օտարել Վաղարշապատի քաղաքապետի սկեսրոջը պատկանող «Նարե պլյուս» ընկերությանը։ Այս բացահայտումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվեց քրեական վարույթ, Դիանա Գասպարյանը հարցաքննվեց։

Այս գործարքում իր դերն ունեցող Շահեն Շահինյանը բացի ՔՊ-ական ավագանու անդամ լինելը, ըստ «Հետք»-ի, նաև Աշոտ Միրզոյանի՝ Վաղարշապատի քաղաքապետի սկեսրայրի աշխատակիցն է։

Միրզոյանը վերջին տարիներին դարձել է նաև Արաքսի համայնքապետարանի՝ սեղմված գազի մատակարարը. այսպես՝ 2024-ի հունվարին Միրզոյանի հետ ստորագրվել էր մոտ 7.5 մլն դրամի գնման պայմանագիր, իսկ մինչ այդ՝ 2023-ի փետրվարին, Գասպարյանի սկեսրայրի հետ կնքվել էր 1.7 միլիոն դրամի պայմանագիր։

Անհամապատասխանություններ Արամայիս Միրզոյանի հայտարարագրում

Դիանա Գասպարյանի ամուսնու վերջին տարիների հայտարարագրում կան էական անհամապատասխանություններ։ Միրզոյանը Վաղարշապատի ավագանու անդամ է 2021-ից. այդ տարվա հայտարարագրում Արմավիրի մարզի Մրգաստան գյուղում Միրզոյանը հայտարարագրել է երկու անհատական բնակելի տուն և մեկ շինություն։ Այս գույքերը, սակայն, անհետացել են Միրզոյանի 2023-ի հայտարարագրից։ Նշումներ չկան՝ Միրզոյանը դրանք վաճառե՞լ է, թե՞ նվիրատվություն արել, ինչպես նաև նրա եկամուտներում արտացոլված չեն այդ գույքերի հնարավոր վաճառքից ստացված գումարները, նշումներ չկան գործարքի մյուս կողմի մասին։

Արամայիս Միրզոյանը, լուսանկարը՝ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից
Արամայիս Միրզոյանը, լուսանկարը՝ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից

2023-ին Արամայիս Միրզոյանը հայտարարագրել է 4.2 միլիոն դրամ և 11 հազար 200 դոլար կանխիկ գումար, այն դեպքում, երբ Միրզոյանի տարեկան ողջ եկամուտը եղել է ընդամենը 280 հազար դրամ, վերջինս չի ունեցել ստացած նվիրատվություններ, փոխառություններ։ Նույն տարում Վաղարշապատի քաղաքապետի ամուսինը 2.2 մլն դրամ է ուղղել հանգստի կազմակերպմանը, սակայն տարեսկզբի ու տարեվերջի նրա դրամական միջոցներում այս նվազումը չի արտացոլվում, ուստի կասկածահարույց է նաև այդ գումարի ծագումը։

Բացի այս ամենից, Վաղարշապատի ավագանու ՔՊ անդամը 2022-ին ունեցել է 35 միլիոն դրամի վարկային մնացորդ, որը 2023-ի վերջին անհետացել է. Միրզոյանը կա՛մ չի հայտարարագրել վարկային մնացորդը, կա՛մ մարել է վարկն ամբողջությամբ։

Մկրտիչ Կարապետյան

XS
SM
MD
LG