Կոռուպցիոն հանցագործությունները քննող կառույցի ղեկավարի պաշտոնը դեռ թափուր կմնա: Այս պաշտոնի համար դիմած միակ թեկնածուն՝ Ռաֆայել Երիցյանը, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակից է, քննության նվազագույն շեմը չի հաղթահարել:
Մրցութային հանձնաժողովը մոտ երկու ժամ քննելուց հետո դեմ է քվեարկել Ռաֆայել Երիցյանի թեկնածությանը: ԱԱԾ պաշտոնյան չկարողացավ համոզիչ հիմնավորել իր եկամուտների աղբյուրը, «Ազատությանն» ասաց հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը:
«Կարծում ենք, որ ինքը չկարողացավ պատշաճ բացատրել իր ունեցվածքի և ընտանիքի ունեցվածքի ծագումնաբանությունը», - նշեց նա:
Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքով՝ կոմիտեի ղեկավարը ընտրվում է մրցույթով: Նախ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է թեկնածուի բարեվարքությունն ուսումնասիրում, ապա մրցութային հանձնաժողովն է մասնագիտական կարողություններն ու դարձյալ բարեվարքությունը քննում, անցողիկ շեմը հաղթահարելուց հետո կառավարությունը թեկնածուին նշանակում է: Այս դեպքում, սակայն, բանը կառավարությանը չհասավ:
«Մի տարվա վերջում հայտարարագրել էր 18 միլիոն, մյուս տարեկսզբին՝ 15 միլիոն: Ստացվում էր, որ Նոր տարվա գիշերն էր 3 միլիոն ծախսել: Հետո ասում էր՝ վրիպակ է: Ինձ թվում է՝ հորինված թիվ է ընդհանրապես, ինչպես շատ կոռուպցիայի շրջանակներում ընդունված է կանխիկ գումար հայտարարագրել, որ եթե հարստանաս, ապօրինի եկամուտ ունենաս, ասես՝ այդ գումարն ի սկզբանե ունեի», - ասաց Դանիել Իոաննիսյանը:
Մրցութային հանձնաժողովից երկուսը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ են: Հատկապես Դանիել Իոաննիսյանի հարցերը թեկնածուի եկամուտների, ընտանիքի անդամների աճող ավանդների մասին էին՝ ինչի հաշվին է ավելացել ծնողներից մեկի ավանդը, Երիցյանն էլ պարզաբանել էր, թե եթե մեկինը ավելացել է, մյուսինը՝ պակասել:
Իոաննիսյանը պնդում է՝ չի պակասել:
Թեկնածուի կանխիկ գումարն էլ, որ տասը միլիոնից ավելի է, խնդրահարույց էին համարել հանձնաժողովում:
«Եթե ես շատ հարուստ եմ, դրա համար ուրախ եմ, անկեղծ ասած, ես այդ կարծիքին չէի, նոր իմացա», - ասաց Երիցյանը՝ հավելելով, որ ընտանիքում պետք է նաև կանխիկ գումար լինի հրատապ ծախսերի համար:
Կոռուպցիոն հանցագործությունները քննող կառույցի ղեկավարի պաշտոնը թափուր է անցած տարվա նոյեմբերից, երբ վարչապետ Փաշինյանի հորդորով Սասուն Խաչատրյանը հրաժարական տվեց:
Ռաֆայել Երիցյանի մասնագիտական պատասխաններն էլ Իոաննիսյանին չեն գոհացրել, բայց չընտրվելու հիմնական պատճառը, ասաց, Ազգային անվտանգության ծառայության պաշտոնյայի ունեցվածքի վերաբերյալ կասկածներն են, որոնք չեն փարատվել:
«Գրված է հայտարարագրերում», - արձագանքել էր Երիցյանը:
Նորից պետք է մրցույթ հայտարարվի, օրը դեռ հայտնի չէ: Թե երբ այս կարևոր կառույցը ղեկավար կունենա, դեռ պարզ չէ: