Շուրջ 30 տարի դիվանագիտական ծառայության ընթացքում տարբեր պաշտոններ զբաղեցրած ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն ասում է, որ միջազգային պրակտիկայում շատ տարածված և ընդունված է, որ դիվանագիտական անձնագիր կրողները վիզա ստանում են անվճար: Հետևաբար՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև ձեռք բերված երեկվա որոշումը Մելիքյանը ինչ-որ նվաճում կամ քայլ առաջ 2 երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացում չի համարում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը երեկ տեղեկացրեց, թե Երևանն ու Անկարան որոշել են դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը՝ դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիրը դարձնելով անվճար:
ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի խոսքով. - «Դիվանագիտական վիզա հասկացությունը ինքը Free of charge է, այսինքն` անվճար է: Ես իմ պրակտիկայում տասնյակ տարիների, երբեք չեմ առնչվել մի դեպքի հետ, որևէ երկրի հետ, որ դիվանագիտական վիզա են խփում և դա վճարովի է, ես այդպիսի որևէ դեպք իմ կյանքում չեմ հիշում, չի էլ կարող լինել դա որպես խոշորագույն հաջողություն, քայլ առաջ և այլն ներկայացնելը, ես չէի համարի, որ դա ինչ-որ բան է»:
Դեսպան Մելիքյանն ասում է, որ նախկինում Հայաստան ժամանած թուրք դիվանագետներից Երևանը գումար չի գանձել:
Նախկին դիվանագետը նաև հիշեցնում է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովին և միջազգային տարբեր ֆորումներին մասնակցելու նպատակով Թուրքիա մեկնող հայ դիվանագետները ևս անվճար են ստացել իրենց մուտքի արտոնագրերը:
Ի՞նչ են պայմանավորվել Հայաստանն ու Թուրքիան
Գործող իրավակարգավորումներով՝ Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունեցող անձինք Թուրքիայի վիզան ստանում են վճարի դիմաց: Մինչդեռ, թուրք դիվանագետները Հայաստանի վիզան ստանում են անվճար՝ համաձայն հայաստանյան օրենսդրության: Փոխարենը՝ Հայաստանի մուտքի արտոնագրի համար վճար էր սահմանված Թուրքիայի ծառայողական և հատուկ անձնագրեր կրող անձանց համար: Եվ այժմ, կառավարության դեկտեմբերի 29-ի որոշման համաձայն, կողմերը որոշել են համահավասար պայմաներ ստեղծել՝ այս բոլոր խմբերի համար մուտքի արտոնագիրը անվճար դարձնելով:
Սահմանափակ թվով մարդկանց վրա տարածվող այս փոփոխության նպատակն, ըստ ԱԳՆ նախկին քարտուղարի, ընդամենը համոզելն է հայաստանյան հանրությանը, թե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում առաջընթաց կա:
«Որ ցույց տան, որ նայեք, կամ որ ասում եք՝ թուրքը մեզ կջարդի, կկոտորի, տենց բան չկա, բա 5 տարի առաջ ինչ էր...դե հիմա տենց են, հիմա հո նույնը չի, թուրքը հո նույնը չի, թուրքն էլ չէ փոխվում...: Բայց մենք հարյուրավոր տարիներ նույն բանին ենք ականատես լինում, բայց ոնց է փոխվում, դա եմ ուզում հասկանամ», - ասում է Մելիքյանը:
Անկարան արդեն երեքուկես տարի է չի կատարում խոստումը և չի բացում հայ-թուրքական սահմանը անգամ 3 -րդ երկրների քաղաքացիների համար: Այս համաձայնությունը երկու երկրների բանագնացները՝ Ռուբեն Ռուբինյանն և Սերդար Քըլըչը, ձեռք էին բերել դեռ 2022-ի հուլիսին:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Անկարան մշտապես կապել է հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ:
Արդյոք հաջորդ տարվա սկզբին Անկարան կկատարի խոստումը և կբացի սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար, երբ Հայաստանի իշխանությունն արդեն ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, երբ Ադրբեջանի հետ նախաստորագրվել է խաղաղության պայմանագիրը, իսկ Հայոց ցեղասպանության ճանաչումն էլ այլևս արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ, ավելին՝ վերջերս Հայաստանից ելքի ու մուտքի կնիքից պաշտոնապես հանվեց Արարարատ լեռան նկարը:
Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը օրերս խոստացել էր հաջորդ տարվա սկզբին խորհրդանշական քայլեր անել՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի: Դեսպան Վահագն Մելիքյանը չի բացառում, որ այդ սիմվոլիկ քայլը կարող է լինել 3-րդ երկրերի քաղաքացիների համար սահմանի բացումը:
Ուղղակի, ըստ նրա, պետք է պատասխանել հարցին, թե ինչու երեքուկես տարի Թուրքիան չկատարեց իր խոստումը և սիմվոլիկ քայլերի մասին սկսեց խոսել միայն Հայաստանի համար նախընտրական տարում: Երևանի հետ կապված Անկարայի բոլոր քայլերը, նախկին դիվանագտեի համոզմամբ, համաձայնեցված են Բաքվի հետ:
Մելիքյանի խոսքով.- «Քանի տարի մենք լսում ենք այդ 3-րդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը, ո՞ւր է, մինչև հիմա ինչո՞ւ չկա: Այդ ինչու հանկարծ եկանք, հասանք ընտրական տարի ու հանկարծ որոշեցին ինչ-որ խորհրդանշական քայլեր անեն: Մենք մտնում ենք ընտրական տարի և շատ ձեռնտու է այսօրվա իշխանությունը թե՛ Անկարային և թե՛ Բաքվին, նման բաներ կլսեք, որովհետև դա հետո պետք է թանկ գնով վաճառվի հասարակությանը, ոնց եղավ բենզինի, ցորենի դեպքում»:
Մինչ Երևանում սպասում են Անկարայի սիմվոլիկ քայլերին, սահմանի այն կողմում՝ Հայաստանին սահմանակից Իգդիր նահանագում, ըստ տեղական մամուլի, պատրաստվում են սահմանի բացմանը և Թուրքիայի կողմից Ալիջանի սահմանակետում ակտիվ վերազինման աշխատանքներ են իրականացվում: Իդգդիրի նահանագապետը տեղական կայքերի փոխանցմամբ՝ անձամբ է հսկում Ալիջանում ընթացող աշխատանքները, իսկ անցակետի բացումը նախատեսված է հունվարին, թե ում համար՝ պարզ չէ: Հայաստանը Ալիջանի դիմաց գտնվող Մարգարայի անցակետը դեռ անցած տարի է վերանորոգել և հայտարարել, որ այն պատրաստ է շահագործման: