Մատչելիության հղումներ

«Հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում սահմանը կբացվի»․ Ֆիդան


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Sabah օրաթերթին տված հարցազրույցում, կրկին հայտարարել է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները շարունակվում են, և մենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դեպքում պետք է մեր սցենարը նախապատրաստենք։ Այժմ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մենք կարող ենք կյանքի կոչել դրական սցենարն, այսինքն՝ բացել սահմանը Հայաստանի հետ», - նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացների վերջին՝ հինգերորդ հանդիպումը հուլիսի 30-ին էր հայ-թուրքական սահմանին։ Հանդիպումից հետո Երևանն ու Անկարան նույնաբովանդակ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար, ինչպես նաև վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հայտարարվեց նաև, որ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։

2022-ի հուլիսին Վիեննայում կայացած չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկականի կողն արդեն վերակառուցել է հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը։ Պայմանավորվածությունից երկու տարի անց, սակայն, այս հունիսին Ռուբինյանը հայտարարեց՝ Անկարայի քայլերը չի տեսնում: Վերջին հանդիպումն էլ չտվեց հարցերի պատասխանը՝ կբացվի՞ արդյոք հայ-թուրքական սահմանը, ե՞րբ, ինչպե՞ս ու ի՞նչ ընթացակարգով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG