Մեկնարկել են «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները
Այսօր մեկնարկել են «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, որոնցում ներգրավված են Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Կողմերը պաշտոնապես դեռ չեն հաղորդել վարժանքներին մասնակից զինվորականների թիվը։
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության փոխանցմամբ՝ տասնօրյա խաղաղապահ զորավարժության ընթացքում կանցկացվեն հրաձգության, կայունության, զենքերի ծանոթացման, տեղանքի կառավարման դասընթացներ։ Ամերիկյան կողմի համոզմամբ՝ դրանք կօգնեն, որ երկու երկրները ծանոթանան միմյանց տեխնիկային։
Հայաստանի ռազմական գերատեսչությունն էլ իր հերթին նշում է, թե զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ, կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև հայկական ստորաբաժանման պատրաստվածության բարձրացում:
Պաշտպանության նախարարությունն այսօր հակիրճ տեղեկատվություն է տարածել մեկնարկած զորավարժությունների մասին՝ միայն տեղեկացնելով, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։ Նրանք ողջունել են մասնակից զինծառայողներին։
«Բարձր եմ գնահատում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում բարձրացնելուն ուղղված այս համագործակցությունը», - ասել է նախարար Պապիկյանը։
Դեսպան Քվինը հավելել է. - ««Արծիվ գործընկեր» զորավարժությունը վկայում է մեր երկարամյա գործընկերության մասին, որը խարսխվում է տասնամյակներ շարունակ անվտանգային հարցերում ունեցած հաջող համագործակցության վրա»։
Հայաստանն ու Միացյալ Նահանգներն արդեն երկրորդ անգամ են Հայաստանում համատեղ զորավարժություններ անցկացնում, անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցած համատեղ զորավարժությանը մասնակցում էին 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։
Բավականին լուրջ քայլ է. փորձագետ
«Համագործակցությունը խաղաղապահ ուժերի հետ Արևմուտքում Հայաստանի համար առաջին դուռն էր, որ ինքն ստացավ, որ արևմտյան ռազմական կուլտուրան ձեռք բերի, ու հիմա այս զորավարժությունները նոր, ավելի մեծ հնարավորություն են այդ գիտելիքներն ու մոտեցումներն ստանալու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ապրի Արմենիա»-ի ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։
Նրա համոզմամբ՝ հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը թույլ կտա հետագայում ավելի ընդլայնել զորավարժության տեսակները։
«Ամենակարևորն այն է, որ Հայաստանի տարածքում ԱՄՆ-ն առաջ զորավարժություններ չէր անցկացնում, չէր մասնակցում, հիմա դա բավականին լուրջ քայլ է, ու եթե օրինակ՝ Հայաստանն ուզում է շարժվել դեպի ավելի լուրջ զորավարժությունների ԱՄՆ-ի հետ, օրինակ՝ ցամաքային ուժերի զորավարժություններ, այստեղ մենք մի քայլ մոտեցանք դրան, ու կարող է մյուս տարի կամ երկու տարուց տեսնենք, որ արդեն ուրիշ ձևաչափով էլ մենք ուրիշ զորավարաժությունների տեսակ էլ կավելացնենք այս ցանկի մեջ», - շեշտեց Ներսիսյանը։
Հարցին, թե այս խաղաղապահ առաքելության շրջանակում զորավարժությունը թույլ կտա՞ հետագայում ավելի ընդլայնել զորավարժության տեսակները, ռազմական փորձագետը պատասխանեց. - «Այո, որովհետև դա պրոցես է, ԱՄՆ-ն մեծ երկիր է, բավականին ծանր բյուրոկրատիայով, ինչպես բոլոր մեծ երկրներն ունեն, ու բավականին երկար ժամանակ է ինչ-որ հարաբերություններ զարգացնել, հատկապես, երբ որ ինչ-որ էքստրեմալ իրավիճակ չի, ռուս- ուկրաինական պատերազմի նման, որտեղ ԱՄՆ-ի համար շատ կարևոր է։ Այստեղ ավելի դանդաղ է շարժը, բայց մենք տեսնում ենք տարբերությունը՝ երկու տարի առաջ ու հիմա ահագին տարբերություն կա։ Միայն զորավարժությունների մասին չի խոսքը, համագործակցությունն ԱՄՆ-ի հետ ռազմական ոլորտում, օրինակ՝ որոշում կա, որ ամերիկական բանակի ներկայացուցիչ կաշխատի Պաշտպանության նախարարությունում, որը, ինձ թվում է, շատ կարևոր է»։
Փորձագետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի հետ ռազմական փոխգործակացության ավելի արագ կզարգանա, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից։ Լեոնիդ Ներսիսյանն ասում է՝ եթե Ֆրանսիայի համար այս հանգամանքը խնդիր չէ, ապա նույնը չի կարելի ասել ԱՄՆ-ի մասին։
«Մի քանի փակ դուռ էլ կարող է բացվի դրա պատճառով», - նկատեց նա։
Ռազմական փորձագետը նկատում է՝ պաշտոնական Երևանը այդ կառույցի աշխատանքներին տևական ժամանակ է՝ որևէ կերպ չի մասնակցում, և կարելի է ասել, որ Հայաստանն արդեն ՀԱՊԿ-ում չէ։
Պաշտոնական Մոսկվան արդեն կոշտ է արձագանքել այսօր մեկնարկած հայ-ամերիկյան զորավարաժություններին։
«Այդ զորավարժություններն ափսոսանքից զատ, ոչինչ չեն առաջացնում, հատկապես այն հանգամանքներում, երբ Երևանը փաստացի սառեցնում է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում », - ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա պնդմամբ՝ Հարավային Կովկասում ամերիկացիների հայտնվելը «միայն կուժեղացնի տարածաշրջանում հակամարտությունների մնացորդային ներուժը և կստեղծի նոր բաժանարար գծեր»։ Զախարովայի խոսքով՝ այդօրինակ զորավարժությունների միջոցով ամերիկացիները Հայաստանին պարտադրում են ՆԱՏՕ-ի զինված ուժերի չափանիշները և արտաքին քաղաքականությունը։