Մատչելիության հղումներ

Գյումրիի կառավարումը կոլապսի եզրին է, պնդում է ավագանու անկախ անդամը


Վարդևան Հակոբյանը Գյումրիի ավագանու նիստի ժամանակ, արխիվ
Վարդևան Հակոբյանը Գյումրիի ավագանու նիստի ժամանակ, արխիվ

Ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանը համարում է, որ իշխող ուժի հրաժարականից հետո Գյումրիում քաղաքային կառավարումը կոլապսի եզրին է։ Առաջարկում է գոնե տնային կալանքի տակ գտնվող փոխքաղաքապետին հնարավորություն տալ վերադառնալ աշխատանքի, որպեսզի փաստաթուղթ ստորագրող պաշտոնյա լինի։

«Անհապաղ որոշում պետք է փոխի, անհապաղ կասեցումը պետք է կանգնեցնի և տնային կալանքը, երևի իրենք կորոշեն, ստորագրությամբ, և մենք կունենանք փոխքաղաքապետ, որն որ ամբողջ համայնքապետարանը մինչև այ էս լիազորությունների դադարեցումը, ընտրությունները՝ դա կտևի մեկ ամիս, երկու ամիս, թե տաս օր, թե երեք ամիս, մենք կունենանք օրգանիզմ, որն որ կկառավարվի, այսինքն՝ ստորագրություն դնող: Նույնիսկ, ես ձեզ ասեմ, ինքը որ գա, ինքը չի կարող ազատվել, որովհետև իրեն ազատողը պիտի եկողն ազատվի: Ստեղծվել է նման իրավիճակ՝ ինքը գործող փոխքաղաքապետ է, ընդամենը կասեցվել է», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հակոբյանը:

Ջանոյանի խափանման միջոցը փոխելու համար, սակայն, քննիչի որոշում է պետք։ Ավագանու անդամն ասում է՝ այս պարագայում համայնքային շահն ավելի բարձր է, և իրավապահները կարող են դրանով առաջնորդվել. - «Այսինքն՝ քննիչի մեկ որոշմամբ ինքը մեկ մարդու կասեցման է տարել աշխատանքի հանրային շահի համար, որը նաև մեր պետական շահն է, հանրային շահը, բայց նույն ձեռքով էս պահին անկախ իր կամքից մեր համայնքապետարանը երրորդ անձի շահին է վնաս լինում՝ երրորդ անձը հարյուր հազարից ավելի բնակիչներս ենք էս պահին, երրորդ անձը երկրորդ քաղաքն է, երրորդ անձին վնաս է լինելու: Այսինքն՝ մեր էս ամբողջ իմաստն է, որ քննիչը անհապաղ, ելնելով, քանի որ իր բերած շահը էս առումով ավելի վնաս է էդ շահին՝ մեր երրորդ անձին, անհապաղ որոշում պետք է փոխի, անհապաղ կասեցումը պետք է կանգնեցնի»:

Գյումրին առանց իշխանության է մնացել երկուշաբթի օրվանից, երբ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մերձավորների, այդ թվում՝ փոխքաղաքապետ Ջանոյանի դեմ գործի հարուցումից հետո իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով հրաժարական տվեց։ Ջանոյանի աշխատասենյակից շաբաթասկզբին արդեն հանվել էր «Համայնքապետի տեղակալ» գրությամբ ցուցանակը։ Արդյոք սա չի՞ վկայում, որ փոխքաղաքապետը չի ցանկանա վերադառնալ, կամ գուցե քաղաքապետի նման աշխատանքից ազատման մի դիմում էլ ինքը կգրի։

«Ինքը չի էլ կարող ազատվել, ես ձեզ ավելին ասեմ, ինքը դիմում կարող է գրել, բայց իրեն պիտի ազատեն՝ նոր ով որ եկավ՝ ժամանակավոր պաշտոնակատարը կամ համայնքապետը, չկա՛ էդ մարդը», - հայտարարեց Վարդևան Հակոբյանը:

Գյումրիի ավագանիում հրաժարական տված «Բալասանյան» դաշինքից հետո ամենամեծ խմբակցությունը «Քաղաքացիական պայմանագիրը» ունի։ Արդեն հայտարարել են, որ արտահերթի են պատրաստվում, ու խոսում են նաև համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու սցենարով գնալու մասին։ ՔՊ տարածքային կառույցի ղեկավարն ասաց՝ չեն սատարի ավագանու անկախ անդամի առաջարկը, դա, ըստ Կարեն Սարուխանյանի, իրավական գործընթացին միջամտություն կլինի։

«Ի՞նչ է նշանակում միջնորդել Քննչական կոմիտեին, որպեսզի Քննչական կոմիտեն կալանքից... ու դա, չգիտեմ, էլի, արդյո՞ք ավագանու լիազորությունների տիրույթում է, արդյո՞ք ավագանին կարող է նման միջնորդություն ներկայացնել, [...] դա արդյո՞ք իրավական պրոցեսների մեջ մտնելու քայլ չի: Իմ կարծիքով՝ այդ ամենը ավելի շատ իրավական գնահատականի արժանի են իր հայտարարությունները», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սարուխանյանը:

Մինչդեռ Վարդևան Հակոբյանը պնդում է՝ համայնքապետարանում քաոսային իրավիճակ է, ո՞վ է ստորագրելու, որ 2 հազարից ավելի համայնքային աշխատողներ ժամանակին աշխատավարձ ստանան. - «Աշխատավարձի հարցը, ես ինչքանով տեղյակ եմ, էս պահին գնում են բաների, թե արդյո՞ք որևէ մեկը իրավունք ունի գոնե դա ստորագրելու, դուք պատկերացնո՞ւմ եք»:

Կարեն Սարուխանյանը հակադարձում է՝ համայնքապետարանը պարալիզացված չէ, բնականոն հունով աշխատում է։ Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա հարցը լուծվում է. - «Այս պահին Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը տեղում է: Համենայն դեպս, աշխատակազմի քարտուղարը կարող է այդ գործառույթները իրականացնել, և ֆինանսական, աշխատավարձերի բաշխման որևէ խնդիր չի առաջանալու: Այդ մասին մենք արդեն իսկ հոգացել ենք, մենք աշխատանքներ կատարել ենք այդ մասով, որ քաղաքը չտուժի, և համայնքապատկան աշխատակիցները ժամանակին իրենց աշխատավարձերը ստանան»:

Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանը հաստատեց, որ դիմել է Տարածքային կառավարման նախարարություն, բայց պատասխան դեռ չի ստացել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG