Մատչելիության հղումներ

«Սա նման է «Բալասանյան» դաշինքի խուլ բողոքի». Լևոն Բարսեղյան


Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը պատահականություն չի համարում, որ Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի ավագանու անդամները մանդատները վայր են դնում նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մերձավորների դեմ քրեական գործ հարուցելուց հետո:

«Ոչ ոք դա արդեն պատահականություն չի համարում, դրանք ուղղակիորեն իրար հետ փոխկապակցված իրադարձություններ են, և սա նման է «Բալասանյան» դաշինքի կողմից խուլ բողոքի: Իհարկե, շատերս կնախընտրեիք, որ որևէ հրապարակային խոսք լիներ, բացատրություն, հայտարարություն, ասուլիս, բայց դժբախտաբար դա չեղավ և կարող է և չլինել», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասաց Գյումրիի ավագանու նախկին անդամը՝ շարունակելով. - «Այսինքն, «Բալասանյան» դաշինքը, կռահում եմ, որ դուրս է գալիս ոչ միայն Գյումրու ավագանու կազմից, այլև հեռանում է քաղաքականությունից ընդհանրապես»:

«Այդ խմբակցությունը այնտեղ էր որպես շարունակություն Սամվել Բալասանյանի համայնքային կառավարման համակարգի և պատմության: Հիմա, ըստ երևույթին, այս մեղադրանքներից հետո քննարկել են և որոշել են, որ ճիշտ կլինի՝ հեռանան քաղաքականությունից», - նշեց Բարսեղյանը:

«Խուլ բողո՞ք, թե՞ գործարք, որ՝ «այ, մենք դուրս կգանք քաղաքապետարանից, դուք էլ մոռացեք քրեական գործը», - այս հարցին Լևոն Բարսեղյանն արձագանքեց. - «Կարծում եմ, որ գործարքի պարագայում մենք էս ծավալի աղմուկ չպիտի լսեինք, գործարքների դեպքում, որպես կանոն, ավելի խուլ է լինում, թեթև տեղեկություններ են լինում, մի որևէ պատճառով կելնեին հրաժարական կտային, չէինք էլ իմանա, որ քրեական գործի նախադրյալներ են եղել, գուցե քրեական գործ հարուցելուն էր բանը չհասներ»:

Բարսեղյանն ընդգծեց, որ այդ քրեական գործը լուրջ չի համարում՝ հաշվի առնելով իր ունեցած տեղեկությունները և իր պատմությունը, երբ այդ տարիներին եղել է Գյումրի ավագանու անդամ. - «Չլինի թե ես հալած յուղի տեղ եմ ընդունում Քննչական կոմիտեի այդ պատմությունները հողերի ապօրինի օտարման հետ կապված»: Այդ քրեական գործը, նրա համոզմամբ, «քաղաքական ճնշման իրավական բաղադրիչ է»:

«Ստացվում է, որ սա կարող է նաև ընդհանրապես Հայաստանի ընտրական ինստիտուտը ստվերել: Այո, գուցե բուն քվեարկությունը չի կեղծվում, բայց արդյունքների հետ իշխանությունը հաշվի չի նստում, երբ պարտվում է. Ընդ որում, սա արդեն առաջին դեպքը չէ», - այս դիտարկմանը Լևոն Բարսեղյանն արձագանքեց. - «Առաջին դեպքը չէ՝ Ալավերդի, Ախուրյան Վանաձոր ինչ-որ մի չափով... Այո, սա ստվերում է, «Քաղաքացիական պայմանագիրը» ցույց է տալիս, որ ինքը չի հաշտվում իր պարտության հետ Հայաստանի համայնքների փոքրամասնությունում»:

«Այդպես էլ է լինում, այսինքն՝ պարտվում ես, պատճառները շատ խորն են: Երբ որ դուք ընտրական համակարգը արմատապես չեք բարեփոխում, չեք մաքրում խաղացողների ֆինանսական կասկածելի դրությունները, կոռուպցիայի ետևից մարդավարի չեք պայքարում, ընտրություններին մասնակցում են շա՜տ տարբեր խաղացողներ՝ Ազգային ժողովում մենք դրա պատկերը տեսնում ենք, էլի, հիմա էլ դժգոհում են խորհրդարանական ընդդիմությունից, հետո նոր գալիս ես ընտրություններից հետո փորձում ես ինչ-որ կերպ ավագանու անդամներին տարհամոզել, որ ինքը ճիշտ կլինի, որ էսինչ խմբակցությունում չլինի, և ճշմարիտ ապագան «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցությունում լինելն է, և համայնքապետը փոխվում է», - ասաց Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավարը:

«Կարող ենք ասել, որ, այո, օրինական է եղել, բայց լեգիտիմության բավականին ցածր մակարդակով: Իսկ հանրությունը դա տեսնում է, էգուց-մյուս օր ընտրությունների ժամանակ հատուցվելու է դա», - ընդգծեց Գյումրիի ավագանու նախկին անդամը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG