Մատչելիության հղումներ

«Իշխանությունների հերթական ոտնձգությունն է». «Ապրելու երկիր»-ը Գյումրիում արտահերթ ընտրությունների է պատրաստվում


«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը
«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը

«Ապրելու երկիր» կուսակցությունը համարում է, որ «Բալասանյան» դաշինքի ողջ կազմով հրաժարականը տեղական ինքնակառավարման համակարգի նկատմամբ իշխանությունների հերթական ոտնձգությունն է, որի նպատակը՝ «Գյումրիում իշխանության տիրացումն է»։

Կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Ազատության» հետ զրույցում թվարկեց այն համայնքները, որտեղ ՔՊ-ն ընտրությունների արդյունքում պարտվել էր և պարտության հետ չհաշտվելով՝ տարբեր մեթոդներով վերցրել իշխանությունը։

«Մեր կուսակցությունը բախվել է նման դեպքերի Ալավերդիում, Փարաքարում: Նման հետընտրական ապօրինություններ արդեն ավագանու շրջանակներում օրինազավթման ականատես ենք եղել, ու ակնհայտ է, որ Գյումրիում ունենք նույնպես այդպիսի իրավիճակ, որովհետև Գյումրիում իշխող խմբակցության կողմից մանդատները վայր դնելու որևէ և՛ քաղաքական, և՛ իրավական տրամաբանություն չկար», - ասաց Առաքելյանը:

«Բալասանյան» դաշինքն ու քաղաքապետը հրաժարական տվեցին երկուշաբթի օրը, բայց մինչ այս պահն ընտրողներին չեն բացատրել, թե ինչու այդ քայլին գնացին, արդյոք իրենց նկատմամբ ճնշումներ եղել են։ Նրանց այս որոշումից օրեր առաջ քրեական վարույթ էր հարուցվել դաշինքի հետ սերտորեն կապված նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մտերիմների դեմ։

Գյումրիում արտահերթի պատրաստվող «Քաղաքացիական պայմանագրից» պնդում են՝ եթե իշխանությունը զավթելու մտադրություն ունենային, ապա կշարունակեին կոալիցիոն կառավարումը «Բալասանյան» դաշինքի հետ։

Կարեն Սարուխանյան
Կարեն Սարուխանյան

«Ապրելու երկիրը» երբ որ ասում է՝ փորձում են իշխանությունը զավթել այն պարագայում, որ «Բալասանյան» դաշինքն ամբողջ մանդատները դրել է ու հրաժարական է տվել, ես ուզում եմ հասկանալ՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ի՞նչ է արել, որ այս պրոցեսը եղել է Գյումրիում, ի՞նչ գործունեություն է այդ ընթացքում ծավալել: Մենք հակառակը՝ ունեցել ենք իշխանություն, կիսել ենք Գյումրի քաղաքում իշխանությունն ու չենք կառչել մեր պաշտոններից, հակառակը, մենք խզել ենք հուշագիրն ու գնացել ենք, դարձել ենք ընդդիմություն՝ ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի, որ կերազեին Գյումրիում թեկուզ կիսեին իշխանությունը», - ասաց ՔՊ-ից Կարեն Սարուխանյանը:

«Սրա լուծումը մեր համար արտահերթ ընտրություններն են»

«Ապրելու երկիր»-ը ևս Գյումրիում արտահերթ ընտրությունների է պատրաստվում։ Գործող ավագանու կազմից համայնքի ղեկավար ընտրելու սցենարով չեն ցանկանում գնալ։

«Համայնքի ղեկավարումն ավագանու անձնակազմով շարունակելը մեր համար տրամաբանական չէ: Սրա լուծումը մեր համար արտահերթ ընտրություններն են», - նշեց Մեսրոպ Առաքելյանը:

ՔՊ-ն ևս ավագանիով համայնքի նոր ղեկավարի ընտրության տարբերակին հակված չէ։ «Բալասանյան» դաշինքը դեռ մանդատները վայր չէր դրել, կուսակցությունից արդեն հայտարարում էին, որ արտահերթի են պատրաստվում. - «Հստակ մեր դիրքորոշումն ենք հայտնում, որ գնում ենք ընտրությունների: Մարդիկ իշխանություն են եղել, քաղաքական ուժը եղել է իշխանություն, իշխանությունը հանձնել է գյումրեցիներին, գյումրեցիներին է վերադարձրել, գյումրեցիները կունենան այդ հնարավորությունը, թե ում են տալու քաղաքային իշխանությունը, դա միայն կլինի ընտրությունների միջոցով»:

Ժամկետների ու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հարցն է վիճահարույց։ «Ապրելու երկիր» կուսակցությունը չի ընդունում, որ Գյումրիում ՏԻՄ ընտրությունները պետք է հաջորդ ամռանը անցկացվեն, ինչպես նշել էր խորհրդարանի խոսնակը։ Եթե, այնուհանդերձ, գնան այդ քայլին, ապա քաղաքական գնահատականից բացի նաև իրավական գործընթաց կսկսեն։

«Կառավարության կողմից ավագանու անհապաղ լուծարման տրամաբանությունն է հուշում, որ որևիցե ժամանակավոր պաշտոնակատարի նշանակում չի կարող տեղի ունենալ, դա տեղական ինքնակառավարման մասին օրենքի կոպիտ խախտում կլինի: Գոնե հույս եմ հայտնում, որ նման հանցագործություն չի իրականացվի և որևիցե մեկը չի զավթի համայնքի ղեկավարի պաշտոնը թեկուզ ժամանակավոր: Եթե «Քաղաքացիական պայմանագիրը» կգնա նման հանցագործությունների, մեր կողմից համապատասխան քաղաքական ու իրավական արձագանք կլինի», - նշեց Առաքելյանը:

Ընտրությունների ժամկետի մասին այս պահին ՔՊ-ի տեղի կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը վաղ է համարում խոսել, քանի որ դեռ գործընթացներ կան։ Ինչ վերաբերում է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուն, ապա ասում է՝ քաղաքը առանց կառավարման հնարավոր չէ թողնել։

«Գյումրիում, այս պահին չկա քաղաքապետ, չկան քաղաքապետի տեղակալներ, այս պահին կառավարում որպես այդպիսին համայնքում չկա», - ասաց Սարուխանյանը:

«Ապրելու երկրի» ներկայացուցիչը կարծում է՝ իշխող ուժը փորձելու է ժամանակ շահել ընտրություններն ավելի ուշ նշանակելով. - «Փորձելու է ժամանակավոր պաշտոնակատար նշանակել, որ այդ անձնավորությունը և՛ վարչական ռեսուրսներ մոբիլիզացնի, և՛ իբր թե ինչ-որ գործեր անի, որ ժողովրդին ասի՝ տեսեք, ես ինչ լավն եմ, գործեր եմ անում: Վստահ եմ, որ գյումրեցիները միամիտ չեն ու այդ արհեստական նախընտրական 1-2 ծրագրերը հաստատ չեն ազդելու գյումրեցիների կամքի վրա»:

ՔՊ-ից էլ հակադարձում են՝ ընտրությունները և՛ շուտ, և՛ ուշ լինելու պարագայում բոլոր կուսակցությունների համար հավասար պայմաններ կան. - «Եթե ժամանակը կարճ է, նույն կարճ ժամանակը և՛ մեր համար է, և՛ մնացած քաղաքական ուժերի համար է: Եթե ժամանակը երկար է, նույն ժամանակը և՛ մեր համար է, և՛ մյուս քաղաքական ուժերի համար է»:

Ավելի վաղ Գյումրու «Ապրելու երկիր« խմբակցության ղեկավարն էր ՔՊ-ին մեղադրել 24 թվականի սուբվենցիոն ծրագիրը ձախողելու և այն հաջորդ տարի տեղափոխելու համար, որ համապետական ընտրություններից առաջ փորձեն ավելի մեծ ծավալի իրականացված աշխատանք ցույց տալ։ «Քաղաքացիական պայմանագրից» հերքել էին։ Այդ ժամանակ դեռ Գյումրիում արտահերթ ընտրությունների մասին խոսք անգամ չկար։

XS
SM
MD
LG