Մատչելիության հղումներ

Գյումրու փրայմըրիզին մասնակցելու հայտ ներկայացրած հինգ թեկնածուի անուն է հայտնի այս պահին


Գյումրվա փրայմըրիզի հինգ մասնակցի անուն է հայտնի այս պահին. նախնական ընտրություններում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար իրար դեմ կպայքարեն վարչապետի տիկնոջ ազգականը՝ Գյումրիի նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, իշխանական պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանն ու ՔՊ համակիր Արտյոմ Թումանյանը։ Վերջնական ցանկը վաղը կհրապարակվի։

Ի՞նչ դեր կխաղա Վահագն Մկրտչյանի ու վարչապետի կնոջ ազգակցական կապը, արդյոք ներկուսակցական փրայմըրիզը ձևական չէ։ Նախկին փոխքաղաքապետը բացառում է սա. - «Ազգակցական կապը երբևիցե որևէ տեղ չի դրսևորվել, չի դրսևորվում և չի դրսևորվելու»:

Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնում Վահագն Մկրտչյանը փոխարինեց Դավիթ Առուշանյանին, ով պատգամավորական մանդատ ստացավ։ Հիմա Առուշանյանը փորձում է վերադառնալ Գյումրիի կառավարմանը։

Առուշանյանին որոշ մանրամասներ հայտնի են, թե մոտավոր ինչ մոդելով է դեկտեմբերի 8-10-ը գյումրեցիների շրջանում անցկացվելու հարցումը. - «Շենքեր են մտնելու, սեփական սեկտոր են գնալու, գուցե շուկա մտնեն, գուցե սրճարաններ, այսինքն, քաղաքն ամբողջությամբ փորձելու են ծածկել, որ մի թաղամասից կամ մի շենքից տեղեկատվություն չլինի, լինի տեղեկատվություն, ինֆորմացիան քաղեն քաղաքի տարբեր մասերից, որ պատկեր ունենանք»:

Որոշվել է, որ օբյեկտիվությունն ապահովելու համար հարցում անցկացնողները գյումրեցիներ չլինեն։

Փրայմըրիզին մասնակցելու հարցում ամենաերկարը թերևս ՔՊ Գյումրիի կառույցի ղեկավար, պատգամավոր Կարեն Սարուխանյանը մտածեց։ Երեկ տեղի կառույցում նիստ են գումարել ու որոշել են, որ ինքն էլ առաջադրվի։

Սարուխանյանն ի սկզբանե ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն էր, բայց երբ նարկոսկանդալում հայտնվեց, կուսակցությունում անսպասելի կանգ առան փրայմըրիզի տարբերակի վրա։ Սարուխանյանը ստիպված էր անգամ թեսթ հանձնել, որտեղ մի նյութի դեպքում էր դրական պատասխան եկել, որն, ըստ նրա, վիրահատության ժամանակ ընդունած ցավազրկողների հետևանք էր։ Հիմա Գյումրիի տարածքային կառույցի ղեկավարն առաջարկում է, որ բոլոր թեկնածուները նույն թեսթը հանձնեն ու իր նման արդյունքները հրապարակեն, որպեսզի թեկնածուների միջև հավասարություն լինի։

Սարուխանյանը չի կարծում, որ փրայմըրիզը 100 տոկոս օբյեկտիվ պատկերը կարտացոլի, բայց որոշակիություն կտա։

Մինչ ՔՊ-ականները պատրաստվում են իրար դեմ պայքարել Գյումրիի քաղաքապետի աթոռի համար, խորհրդարանում առաջիկայում արտահերթ կգումարվի, որպեսզի օրենք ընդունեն ու վարչապետին հնարավորություն տան փրայմըրիզի հաղթողին ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։ Հիմա օրենքն արգելում է։

Մինչ այդ դեռ պետք Գյումրու ավագանին լուծարվի։ Մինչև դեկտեմբերի վերջ 20 մանդատ ունեցող ավագանին դժվար թե կարողանա նիստ գումարել։ Մեծամասնությունը ՔՊ-ինն է վերջինիս մեկ անգամ նիստ գումարելու նախաձեռնությունը տապալվեց. քվորում չապահովվեց։ Այս սցենարով հունվարին ավագանին կլուծարվի, օրենքն էլ պահանջում է, որ առավելագույնը 40-օրյա ժամկետում արտահերթ ընտրություններ անցկացվեն։

XS
SM
MD
LG