Մատչելիության հղումներ

Գյումրիում և Վանաձորում աղբի վերամշակման ծրագիրը բախվում է խոչընդոտների


Աղբի խնդիրը Վանաձորում, արխիվ
Աղբի խնդիրը Վանաձորում, արխիվ

Գյումրիում և Վանաձորում աղբի վերամշակման 9 միլիոն դոլարանոց ծրագիրը օդից կախված է մնում: Հայաստանի մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում ավելի քան երկու տարի քննարկվող խոշոր այս ծրագիրն այդպես էլ չի իրականանում: Գյումրիում իշխանությունը բացահայտ դեմ է, իսկ Վանաձորում ավագանու նիստեր տեղի չեն ունենում՝ տարածք հատկացնելու հարցն օրակարգ էլ չի հասնում։

Երկու խոշոր քաղաքներն աղբից ազատելու ծրագիր ներկայացրած «Արմէկոտէկ» ընկերության հիմնադիր Միխայիլ Բադինն ասում է՝ կարծում էր՝ երկու համայնքներում էլ ուրախությամբ կընդունեն իրենց ծրագիրը. - «Համայնքը մենակ օգուտ կունենա»։

Վանաձորում խոստացել են տարածք հատկացնել ավագանու առաջիկա նիստում։ Բայց արդեն յոթ ամիս է՝ նիստ չկա։ Հայտնի էլ չէ՝ երբ կլինի։

Իսկ Գյումրիում, թեև անցած տարի ավագանին Բուլվարային թաղամասի և ներկայիս աղբավայրի միջև կենցաղային թափոնների վերամշակման գործարան կառուցելու նախնական համաձայնություն է տվել, բայց ամիսներ առաջ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո գործը կանգ է առել։ Անցած ամիս ավագանու նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանը հարց բարձրացրեց՝ ի՞նչ եղավ աղբի վերամշակման ծրագիրը, ինչո՞ւ այդ մասին լուռ են:

Համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը պատասխանեց, թե ընկերության ծրագիրն ամենևին էլ օգուտ չէ Գյումրիին։ Ավելին՝ ասաց՝ աղբի վերամշակմամբ քաղաքը խոշոր եկամուտներից կզրկվի։

«Իրանք ոչ թե ուզում են կոմպոստային դաշտը տեղափոխեն, որ էդ Մուշ թաղամասը ազատվի, ուղղակի իրանք ուզում են էդ աղբը օգտագործեն, և էդ աղբը օգտագործելով՝ ուզում են քաղաքի ամբողջ, ուրեմն, աղբի հետ կապված գումարներըիրենք հավաքեն, և քաղաքապետարանը էդտեղ շատ մեծ վնասներ է կրելու: Մի օր եկեք, կքննարկենք, ես ձեզ կբացատրեմ: Իրանք հսկայական շահույթներ կվերցնեն, բայց արածը ոչ մի բան է», - հայտարարեց Ղուկասյանը:

Մինչդեռ, ըստ Գյումրիի համայնքապետի՝ քաղաքի համար ոչ շահավետ այս ծրագրով «Արմէկոտէկ» ընկերությունը խոստանում է երկու մեծ քաղաքներում աղբահանությունը կատարել սեփական միջոցներով՝ ժամանակին ու առաջատար եղանակներով։ Նաև աղբահանության տեխնիկական միջոցների ու աղբարկղերի սպասարկում, որակյալ տեղափոխություն, առանց արտանետումների վերամշակում։ Ընկերության հիմնադիր Միխայիլ Բադինն ասում է՝ աղբի վերամշակումից գյուղատնտեսական պարարտանյութ են ստանալու՝ լոլիկի և վարունգի աճեցման համար։ Ընդ որում, ըստ առաջարկի, համայնքները 5 տոկոս բաժնեմաս են ունենալու։

«Աղբի կուտակում չի լինելու բառիս բուն իմաստով, մեր համակարգերը 45-50 րոպեի ընթացքում յուրաքանչյուր մեջի եղած բաղադրությունը հօդս են վերացնում՝ առանց արտանետումների: Գեղեցիկ, ամեն ինչը ստանդարտներին համապատասխան: Բացի դա՝ համայնքը 5 տոկոս կազմակերպությունում փայ ա մնում», - ընդգծեց Բադինը:

Ընկերությունն աղբի մշակման գործարան ունի Ռուսաստանում։ Ավելի քան երկու տարի Հայաստանում պետական ու համայնքային կառույցների հետ գրագրությունների մեջ է։ Գյումրիում և Վանաձորում տարածքի ձեռքբերման գործընթացին է հասել։ Պայմանն այն է, որ երեք տարում ծրագիրը կյանքի կոչվի։ Բադինը, մինչդեռ, վստահեցնում է՝ մեկ տարին էլ բավարար կլինի, եթե խոչընդոտներ չլինեն։

«Ամենակարևորը էսօրվա դրությամբ՝ որ մեր Հայաստանի Հանրապետությունը իրականում գնալով մոռանա աղբի պոլիգոնների մասին», - ասաց «Արմէկոտէկ»-ի հիմնադիրը:

Երկու համայնքների գործող աղբավայրերն էլ շահագործվում են առանց կանոնների, բնակավայրերին կպած, ժամանակ առ ժամանակ կուտակված աղբն այրվում է, ինչը մեծ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար։

Վանաձորի աղբավայրը Արջուտ գյուղին կից է՝ դեռ 2006-ից սեփականաշնորհված։ Սեփականատերն անցած տարիներին ոչինչ չի բարելավել, ներդրումներ չկան։ Արջուտի բնակիչները պարբերաբար ահազանգում են վնասների մասին։ Համայնքն ու սեփականատերը միմյանց վրա են գցում պարտավորությունները։ Արդյունքում՝ վիճակը գնալով ավելի է վատանում։

Աղբի խնդիրը լուծելու պատրաստակամություն հայտնած ընկերությունն էլ հրաժարվում է միջամտել Արջուտի սեփականաշնորհված աղբավայրի կոնսերվացմանը։ Իսկ Գյումրիի Մուշ թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրը ներդրողի աչքի տակ է։ Միխայիլ Բադինն ասում է՝ ամեն տարի պատրաստ են ներդրում անել նաև եղած աղբավայրի վերացման ուղղությամբ. - «200 միլիոնին տարեկան համարժեք, այսինքն՝ էդ մեր կողմից անհատույց, հին աղբավայրի կոնսերվացումը արվի»:

Ինչո՞ւ գործն առաջ չի գնում: Ավագանու ՔՊ-ական անդամն ու խոշոր ներդրումների պատրաստ ընկերությունը Գյումրիի ղեկավարից գրավոր պարզաբանում են պահանջել։ Այն դեռ չեն ստացել։

«Ազատություն»-ը տարիներ առաջ էր պարզել՝ որոշ անհատներ Հայաստանի աղբավայրերից մեծ եկամուտներ են ստանում։ Տասնյակ մարդիկ առավոտից երեկո փորփրում են գարշահոտ աղբը, տեսակավորում, առանձնացնում գտնված իրերն ու հանձնում «տարածքը նայողներին»։ Միայն Երևանի Նուբարաշենի 50 հեկտար աղբանոցից օրական առնվազն երկու բարձված բեռնատար է դուրս գալիս, և իրացվում է մոտ 2 տոննա ապրանք։ Մասնագետների հաշվարկով՝ այն 3-4 հազար դոլար է կազմում։ Նույն պատկերն է նաև Գյումրիի և Վանաձորի աղբավայրերում:

Այլ երկրներում աղբի վերամշակմամբ զբաղվող մասնագետները դեռ տարիներ առաջ «Ազատությանն» ասել էին՝ այստեղ բիզնես շահեր կան, որոնց պատճառով Հայաստանում մշտապես հետաձգվում են աղբի վերամշակման ծրագրերը։



XS
SM
MD
LG