«Ուզում եմ շատ հստակ արձանագրել՝ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն, - Երևանի քաղաքապետի այս հայտարարությունից 4 օր է անցել, սակայն որևէ մեկը ձերբակալված չէ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի գործով։ Քննչական կոմիտեից միայն փոխանցում են՝ նախաքննությունը դեռ շարունակվում է։
Տիգրան Ավինյանի լայվի հենց հաջորդ օրն էր քրեական գործ հարուցվել վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի, թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու հոդվածով։
«Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ: Ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան», - ֆեյսբուքյան ուղերձում ասաց Երևանի քաղաքապետը։
Հրդեհը դիտավորություն որակած քաղաքապետին ինչն էր նման պնդման հիմք տվել, քաղաքապետարանից այսօր հայտնեցին, թե երեք գործոն է նման եզրահանգման պատճառ դարձել: Ըստ քաղաքապետարանի՝ հրդեհի հաջորդ օրվա հստակ պատկերն այն է եղել, որ աղբը սկսել է այրվել արտաքին հատվածից և հետո է խորացել դեպի խորքերը, երկրորդ՝ Հրդեհից երկու օր առաջ աղբավայրի պահակին մոտեցել են անհայտ անձինք՝ անուղղակի ակնարկներ արել։ Թե ինչ ակնարկներ են արել, քաղաքապետաանից չեն հստակեցնում: Շեշտում են նաև, որ մինչ հրդեհը չեղարկել են համագործակցությունը ընկերության հետ, որն իրականացնում էր աղբավայրի սպասարկումն ու գործառույթը փոխանցվել է քաղաքապետարանին:
«Վերը թվարկածը հիմք է տալիս ենթադրելու, որ տարծքը դիտավորյալ է հրդեհվել։ Միաժամանակ, իրավապահ մարմինների քննության ընթացքում պահպանվում է անմեղության կանխավարկածը, և վերջնական եզրակացությունը կտրվի քննության արդյունքներով», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։
Երևանի հիմնադրման 2807-ամյակի տոնակատարություններին ընդառաջ բռնկված հրդեհը հաջողվեց ամբողջության մարել միայն կիրակի: Շիջման աշխատանքներին ներգրավված էին ոչ միայն հրշեջները։
Աղբավայրի ծխի մեծ ամպերը հարակից համայնքներից բացի, կիլոմետր էին անցել ու հարցուցել նաև Արաբկիրի, Դավթաշենի ու Ավանի բնակիչների զայրույթը. երևանցիները մի քանի օր բողոքում էին տհաճ ու աղտոտված օդից։ Նույն ընթացքում քաղաքապետարանից ու առողջապահության նախարարությունից հորդորում էին քաղաքացիներին մնալ փակ տարածքներում։ Մինչ շաբաթ կեսօր երևանի կենտրոնում աղտոտվածության առավել բարձր մակարդակ էր արձանագրվել։
Մասնագետները պարբերաբար են հիշեցնում՝ որևէ՝ անգամ տարրական ստանդարտների չհամապատասխանող աղբավայրը լուրջ բնապահպանական ու առողջապահական խնդիր է մայրաքաղաքի համար։ Տարածքում կուտակվող հարյուր հազարավոր վտանգավոր թափոնները՝ մարտկոցների, սննդիկով ջերմաչափերի, էլեկտրոնային սարքավորումների այրման հետևանքով՝ արտանետվում են քաղցկեղածին կամ թունավոր գազեր:
Անցած շաբաթ բռնկված հրդեհից հետո քաղաքապետարանը որոշել է Նուբարաշենի աղբավայրի տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով արտաքին լուսավորության համակարգի անցկացման, տեսախցիկների ու արգելապատնեշների տեղադրման աշխատանքներ իրականացնել։ Դրանք դեռ շարունակվում են։
Մասնասնագետների ահազանգին ի պատասխան, որ Նուբարաշենի աղբավայրը պետք է օր առաջ փակել, տարիներ շարունակ նաև քաղաքային իշխանությունների խոստումն է հնչում նոր աղբավայրի կառուցման մասին։
Քաղաքապետը շաբաթավերջ դարձյալ խոստացավ՝ աղբավայրը փակվելու է, այս տարի կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի առաջին փուլը կհայտարարվի։ Ավինյանը, սակայն, հստակ ժամկետներ չի նշում։
«Մենք ունենք լուրջ համակարգային խնդիր կոնկրետ աղբավայրի հետ կապված», - ասում է բնապահպան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։
Մասնագետները, մինչդեռ, կասկածի տակ են դնում, որ ծրագիրն ընդհանրապես հնարավոր է իրականություն դարձնել։ Շեշտում են՝ Երևանում աղբի զանգվածային առաջնային տեսակավորում չի իրականացվում։
Բնապահպանի խոսքով. «Աղբի վերամշակում, աղբի սորտավորում, այդ խնդիրը մեզ մոտ լուծված չի։ Ինչքան էլ մենք տարբերակող աղբամաններն ունենանք, դա լավ է, որ մարդիկ տեսնեն, հասկանան՝ կարելի է այսպես շերտավորել և այլն, բայց խնդրի լուծման համար դա շատ փոքր քանակ է»։
Երևանում ոչ բոլոր փողոցներում կան թղթի, ապակու, պլաստիկի համար նախատեսված աղբամաններ, իսկ երևանցիներից ոչ բոլորն են աղբը տեսակավորում։