Մատչելիության հղումներ

Երևանի կենտրոնում «օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ է»


Երևանի կենտրոնում ժամը 11։00-ի դրությամբ պայմանավորված աշխարհագրական դիրքով նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների՝ արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Երևանի Նուբարաշենի աղբավայրում նախօրեին կրկին հրդեհ էր բռնկվել: Ավինյանի խոսքով՝ լուսադեմին գրեթե մեծ մասամբ մարվել են կրակի լեզվակները, սակայն առկա է մեծ ծավալի ծխածածկույթ:

Նրա փոխանցմամբ՝ մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է: Շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։

Ավինյանը երեկ պնդել էր՝ Նուբարաշենի աղբավայրում հրդեհը դիտավորություն է: Նա, սակայն, չէր բացահայտել՝ ինչն է նման պնդման հիմք հանդիսացել, միայն ասել էր, թե այդ հարցով խոսել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ներքին գործերի նախարարի հետ։

Ամռան ամիսներին Նուբարաշենում հրդեհները պարբերական են։ Վերջին մեծ՝ օգոստոսին բռնկված հրդեհը մի քանի օր տևեց։ Այդ դեպքում, սակայն, քաղաքապետարանից պնդում էին, թե աղբավայրում շոգից՝ ապակու մնացորդներից բռնկումներ են տեղի ունենում, աղբի տակ կուտակված մեծ քանակությամբ մեթան գազն էլ նպաստում է կրակի տարածմանը։

1950-ականներին ձևավորված աղբանոցը Հայաստանում ամենամեծն է համարվում:

XS
SM
MD
LG