Մատչելիության հղումներ

Գյումրիի փրայմըրիզում ամենաշատ ձայները հավաքեց Սարիկ Մինասյանը


Անկուսակցական Սարիկ Մինասյանը Գյումրիի փրայմըրիզի արդյունքում 253 քվեով հաղթեց։

Սարիկ Մինասյան
Սարիկ Մինասյան

Վերջինս անկուսակցական է, զբաղեցնում է Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետի պաշտոնը, նախկին պատգամավոր է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, իսկ ավելի վաղ աշխատել է Գյումրիի քաղաքապետարանում։

Վարչապետն ավելի վաղ հայտարարել էր, որ ամենաշատ քվեն ստացած թեկնածուին կնշանակի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Երկրորդ առավելագույն ձայները ստացել է ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ 220 քվե, 143 հոգի էլ իր ձայնը տվել է իշխանական խմբակցության մեկ այլ պատգամավորին՝ Կարեն Սարուխանյանին։

«Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած նախնական ընտրություններին մասնակցում էր 7 թեկնածու՝ Կարեն Սարուխանյանը և Դավիթ Առուշանյանը, Սարիկ Մինասյանը, Էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության բաժնի ղեկավար Լևոն Անանյանը, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, վարչապետի տիկնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, ՔՊ ավագանու անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթևի Շիրակի համակարգող Էմմա Բարսեղյանը։

Լևոն Անանյանը ստացել է 91 ձայն, Շավարշ Արամյանը՝ 88, Էմմա Բարսեղյանը՝ 113, Վահագն Մկրտչյանը՝ 138։

Գյումրին առանց կառավարիչների է հոկտեմբերի 28-ից։ Իշխանությունները կառավարման այս ճգնաժամի համար հենց իշխանությունից հրաժարված քաղաքական ուժին քննադատեցին։ Իսկ «Բալասանյան» դաշինքն այդպես էլ մինչ օրս չի բացատրել, թե ինչու հեռացավ իշխանությունից։

Իշխանությունները սկզբում որոշեցին արագացնել արտահերթ ընտրությունների անցկացումը՝ ավագանու արտահերթ նիստ հրավիրելով, որն այդպես էլ չկայացավ քվորում չապահովվեց։ Հետո պարզվեց, որ առանց համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի արտահերթ ընտրություններ հնարավոր չէ կազմակերպել՝ տեղամասերի ու պաստառների վայրերի հատկացման համար ստորագրող համայնքապետը չկար։ Ու թեև սկզբում ՔՊ-ն մեկ թեկնածու ուներ՝ ՔՊ Գյումրիի կառույցի ղեկավար Կարեն Սարուխանյանը, բայց վերջինիս նարկոսկանդալում հայտնվելուց հետո ՔՊ-ում մտափոխվեցին ու որոշեցին կուսակիցների ու համակիրների միջև ընտրություն անել ու եռօրյա փրայմըրիզ անցկացնել։

1050 քվեաթերթիկ էր առկա 5 քվեատուփերում, որից 34-ը ճանաչվեցին անվավեր։

XS
SM
MD
LG