Այսօր Գյումրի այցելած Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Գյումրիի ներքաղաքական իրավիճակին ու վաղվանից այստեղ մեկնարկող համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի եռօրյա նախնական ընտրություններին։
ԱԺ նախագահն ասում է, որ միջազգային տարբեր երկրների փորձից են վերցրել մոդելը, և կարծում է՝ քաղաքական դաշտում այս նորամուծությանը կարող են այլ կուսակցություններ էլ հետևել:
«Նոր քաղաքական մշակույթ է, և ևս մեկ անգամ բնակչին հարցնել և հենց բնակչի խորհրդով, բնակչի քվեարկությամբ կուսակցության ներսում թեկնածու ընտրելը և ձևավորելը՝ դա մենք չենք հորինել, դա ժողովրդավար երկրների փորձ է, որը որ փորձում ենք հիմա բերել Հայաստանի Հանրապետություն, և որը որ մնացած կուսակցությունները որ անեն, շատ, ինձ թվում է, օգտակար փորձ կլինի բոլորի համար», - հայտարարեց Սիմոնյանը:
Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը հետագայում նաև գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակը։ Սա մյուս թեկնածուների նկատմամբ խտրական մոտեցում է և վարչական ռեսուրսի կենտրոնացում, որը կօգտագործվի ընտրությունների ժամանակ, մտահոգ են և՛ ընդդիմադիրները, և՛ քաղհասարակության ներկայացուցիչները։
Ալեն Սիմոնյանը բացառեց վարչական ռեսուրսի օգտագործումը։ Օրինակ բերեց 21 թվականի հետպատերազմական զարգացումները։
«2021 թվականի համապետական ընտրություններին, երբ որ «Քաղաքացիական պայմանագրի» բարձր ղեկավարներին, այդ թվում՝ ինձ, վարչապետի, կյանքի և մահվան հարցն էր կանգնած, հիշո՞ւմ եք, որ փողոցում մեր գնդակահարություններն էին բեմադրում, հիշո՞ւմ եք՝ ինչ հռետորաբանություն էր ընդդիմությունը կիրառում, պետական ռեսուրս չօգտագործվեց: Հիմա ինչի՞ պետք է էստեղ պետական ռեսուրս օգտագործվի», - նշեց ԱԺ նախագահը՝ շարունակելով. - «Միևնույն ժամանակ, կներեք, բա ո՞ւմ նշանակենք, եթե պատասխանատուն մենք ենք: Դուք գիտեք, որ ընտրական պրոցեսը հնարավոր չի, եթե ինչ-որ մեկը չլինի, որ էդ թուղթը ստորագրի: Այսինքն՝ քաղաքը պարալիզացնենք, լույսերը անջատենք, գնանք տներով, ինչ է որ մեկի մոտ կասկած չլինի՞: Կասկած կլինի՝ բազմիցս ապացուցել ենք, որ էն մարդիկ, նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամենավառ անդամները, եթե օրենքի հետ խնդիր են ունենում, օրենքը չի հապաղում և արձագանք է տալիս»:
Վարչական ռեսուրս չի կենտրոնացվի մեկ թեկնածուի ձեռքում, եթե պաշտոնակատարը հետագայում չգլխավորի նախընտրական ցուցակը, ասում են ընդդիմախոսները։ Սիմոնյանը հակադարձում է. - «Իսկ ինչո՞ւ չգլխավորի: Էն մարդուն, ով որ որ կլինի ժամանակավոր պաշտոնակատարը, մեծ հաշվով կընտրեն գյումրեցիները: Դրան էլ ենք պատասխանը տվել»:
Իսկ հնարավո՞ր է՝ ՔՊ վարչությունը գյումրեցիների նախընտրած թեկնածուին հավանություն չտա։ «Լինելու է էդ մարդը, ում որ ընտրեց գյումրեցին: Բա ինչի՞ ենք անում, ձևակա՞ն», - ընդգծեց ԱԺ նախագահը:
Ալեն Սիմոնյանն ասում է՝ փորձելու են մաքսիմալ ամեն ինչ անել, այնպես որ ոչ մեկի մոտ որևէ կասկած չառաջանա. - «Տեսնում ե՞ք, մենք ամեն ձևով փորձում ենք մաքսիմալ գնալ գյումրեցու մոտ, հարցնել, ասել՝ ո՞ւմ ես ուզում, որ մենք ներկայացնենք: Նույնիսկ վարչությունում չենք կայացնում էդ որոշումը, գնում ենք գյումրեցու մոտ, ասում ենք՝ «դուք ասեք՝ էսքան մարդ ենք բերել, 7 մարդ ենք բերել, 7-ից ո՞ւմ ես ուզում ընտրես»: Է՞լ ինչ անենք, ո՞նց անենք, որ որևիցե ձևով որևիցե մեկի մոտ կասկած չլինի: Նման փորձ չի եղել է ախր, էս 30-35 տարվա մեջ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը էսքան հասանելի, էսքան մոտ չի եղել»:
Գյումրիի համայնքապետի պաշտոնակատարի համար 7 թեկնածուներ են պաքարում: Դեկտեմբերի 10-ին փրայմըրիզը կավարտվի, և պարզ կդառնա, թե ով է ժամանակավոր ղեկավարելու Հայաստանի երկրորդ քաղաքը։