Ալիս Վայդելի համախոհները տոնախմբության մեջ են։ Բունդեսթագի ընտրություններն ավարտված են, ծայրահեղ աջերն առաջին անգամ Երկրորդ համաշխարհայինից հետո խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը կձևավորեն։
«Այո, մենք պատմական հաջողության հասանք, լավագույն արդյունքն է մեր կուսակցության պատմության մեջ, սա անհավանական հաջողություն է։ Մենք ընդամենը 12 տարեկան ենք․ Եվրոպայում ոչ ոք չի հաջողել այսքան կարճ ժամկետում ժողովրդական կուսակցություն դառնալ։ Մենք Գերմանիայում երկրորդ ուժն ենք, մենք վերելքի վրա ենք», - հայտարարել է նա:
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը՝ Ալիս Վայդելի գլխավորությամբ, 20.8 տոկոս ձայներով կրկնապատկում է իր տեղերը Բունդեսթագում։ Առաջին տեղում Քրիստոնյա-դեմոկրատական միությունն է՝ 28.6 տոկոսով։ Առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի 10-րդ կանցլերը դառնալու ճանապարհին է։
Ծանր տրամադրությամբ են շոլցականները․ գործող դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի թիմը պատմական անհաջողություն է կրել՝ 16.4 տոկոս ունեն, կկորցնեն իրենց տեղերի ուղիղ կեսը։
Ծայրահեղ աջերից, քրիստոնյա-դեմոկրատներից ու սոցիալ-դեմոկրատներից բացի, 5 տոկոսանոց շեմը հաղթահարել են նաև Կանաչներն ու Ձախերը։ Գլխավոր ինտրիգը՝ ում հետ կոալիցիա կկազմի կառավարության ղեկավարի ամենահավանական թեկնածուն՝ Ֆրիդրիխ Մերցը։ Երկրորդ տեղում գտնվող ծայրահեղ աջերի հետ համագործակցություն բացառել են:
Կոալիցիա ձևավորելը հեշտ չի լինելու, խոստովանել է Ֆրիդրիխ Մերցը։ Երկրորդ տեղում գտնվող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ղեկավար Վայդելը հայտարարել է, որ պատրաստ է ում հետ ասես համագործակցել, բայց նրա հետ հիմնական ուժերից կոալիցիա կազմող չկա։ Փորձագետները ենթադրում են՝ Մերցը կարող է պայմանավորվել սոցիալ-դեմոկրատների ու Կանաչների հետ։
Միայն թե շատ ձգձգվեն այդ քննարկումները, ասում են Գերմանիայի տնտեսական խնդիրներով մտահոգ մասնագետները։
Նոր կանցլերի քվեարկությունը Բունդեսթագում հնարավոր է միայն իշխող կոալիցիայի ձևավորումից հետո։ Մերցը հուսով է մինչև Սուրբ Զատիկի օրը՝ ապրիլի 20-ը, կառավարությունը ձևավորված կլինի։ Մինչ այդ, քվեների մեծամասնությունը ստացած երկու ուժերը ազդակներ են հղում ու ստանում Միացյալ Նահանգներից։
Ֆրիդրիխ Մերցը որպես առաջնահերթություն նշել է ԱՄՆ-ից «իրական անկախացումը», մասնավորապես՝ անվտանգության հարցերում։ Քննադատելով Թրամփին՝ Գերմանիայի ապագա կանցլերը նշել է, որ նրա վարչակազմը ցույց է տվել, որ «մեծապես անտարբեր է Եվրոպայի ճակատագրի նկատմամբ»։
Թրամփը ողջունել է ընտրությունների արդյունքը, նշել. «Ինչպես Միացյալ Նահանգները, Գերմանիայի ժողովուրդը ևս հոգնել է էներգետիկայի և ներգաղթի վերաբերյալ տարիներ շարունակ առկա անմիտ օրակարգից»։
Թրամփի ձևակերպած այդ «անմիտ օրակարգից» հոգնած ու զզված է նաև Ալիս Վայդելը․ նա ներգաղթյալների արտաքսման կողմնակից է, ցանկանում է, որ Գերմանիան նորից Ռուսաստանից գազ գնելու հնարավորություն ունենա, որովհետև, ասում է, արդյունաբերական երկիրը չի կարող քամու ու արևի էներգիայի հույսին մնալ, հատկապես որ Գերմանիայում «ոչ արև է շողում, ոչ էլ հզոր քամի է փչում»։
Մինչ Մերցը ուզում է անկախանալ Միացյալ Նահանգներից, Ֆրաու Ալիսը SMS է ստանում Իլոն Մասկից. «Այո, այս առավոտ, երբ միացրի հեռախոսս և նամակներս նայեցի, տեսա, որ գիշերվա ընթացքում բաց եմ թողել բազմաթիվ զանգեր, նամակներ, նաև Իլոն Մասկն է անձամբ շնորհավորել։ Մենք՝ կուսակցություն Գերմանիայում, որ ընդունված է նաև արտերկրում, բանակցություններ ենք վարում բոլոր կողմերի հետ, ներառյալ Թրամփի վարչակազմի հետ»։
Ի դեպ, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, Թրամփի սրտով՝ ավանդական ընտանեկան արժեքներ է քարոզում, թեպետ առաջնորդ Ալիս Վայդելը միասեռական է, չի թաքցնում, ամուսնացած է. «Մենք մի բան ենք ցանկանում՝ խաղաղություն Ուկրաինայում՝ ուկրաինացիների ու ռուսների համար, և ամենակարևորը՝ ուզում ենք լավ, շատ լավ հարաբերություններ Թրամփի հետ։ Նա հրաշալի է կառավարում»։
Politico հանդեսից Գորդոն Ռեպինսկու ձևակերպմամբ.
«Ֆրիդրիխ Մերցը եվրոպական առաջնորդ է։ Նա կփորձի Թրամփին համոզել, որ Ուկրաինայում պաշտպանում են արևմտյան արժեքները, և որ Պուտինի պես բռնակալի հաղթանակը կփոխի աշխարհակարգը»։