Մատչելիության հղումներ

Գերմանացի ծայրահեղ աջերը կարող են լուրջ հաջողության հասնել կիրակնօրյա ընտրություններում


«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պաստառը
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության պաստառը

Հինգ օրից Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են շրջադարձային լինել դաշնային հանրապետության ողջ պատմության ընթացքում։ Դրա գլխավոր պատճառը ծայրահեղ աջ դիրքերից հանդես եկող «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության սպասվող հաջողությունն է։ Վերջին շաբաթներին անցկացված սոցհարցումները վկայում են՝ ծայրահեղ աջերը 1949 թվականից ի վեր առաջին անգամ կարող են Բունդեսթագի մեծությամբ երկրորդ խմբակցությունը ձևավորել։

ZDF հեռուստաընկերության անցած շաբաթավերջին հրապարակած հարցման արդյունքների համաձայն փետրվարի 23-ի ընտրություններում քվեների 30 տոկոսով առաջին տեղում են լինելու այժմ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քրիստոնյա դեմոկրատները։ 20 տոկոս ցուցանիշով երկրորդ տեղում կհայտնվի ազգայնական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը։ Ընտրությունների գլխավոր անհաջողակներն, ըստ գերմանացի սոցիոլոգների, լինելու են գործող դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի կուսակիցները։

Սոցիալ-դեմոկրատների օգտին պատրաստ է քվեարկել գերմանացի ընտրողների ընդամենը 16 տոկոսը, ինչը, տեղական մամուլի գնահատմամբ, պատմական մինիմում է։

Մերցը վստահ է՝ արդեն մի քանի օրից հենց իրեն է հանձնարարվելու նոր կառավարության ձևավորումը

Գերմանական կառավարության ապագա ղեկավարի ամենահավանական թեկնածուն՝ Քրիստոնյա-դեմոկրատական միության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը վստահ է, որ արդեն մի քանի օրից հենց իրեն է հանձնարարվելու նոր կառավարության ձևավորումը։ Քրիստոնյա դեմոկրատների առաջնորդի համոզմամբ, սակայն, պետք է անել ամեն ինչ, որպեսզի ինքը ստիպված չլինի կոալիցիա ձևավորել ազգայնականների հետ։

«Որքա՞ն է լինելու մեր և մյուս կուսակցությունների հավաքած ձայների տարբերությունը՝ սա է առաջիկա ընտրությունների առանցքային հարցը», - հայտարարում էր Մերցը։

Գերմանացի ազգայնականները, սակայն, իրենց բավական վստահ են զգում։ Ռիզե քաղաքում կայացած համագումարի ժամանակ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալիս Վայդելը կրկնում էր իր ղեկավարած քաղաքական ուժի առանցքային կարգախոսը՝ անհաշտ պայքար անօրինական ներգաղթի դեմ:

«Կրճատել նպաստներն այն մարդկանց համար, ովքեր անօրինական են գտնվում երկրի տարածքում և ապօրինի ներգաղթյալների հայրենադարձության ծավալուն ծրագիր նախաձեռնել։ Ես պետք է ազնվորեն խոստովանեմ։ Եթե մենք այդ ամենը պետք է կոչենք ռեմիգրացիա, ապա դա հենց այդպես էլ կոչվելու է», - նշում էր Վայդելը։

Շոլցը վստահ է՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման այլ ճանապարհներ ևս կան

Կանցլեր Օլաֆ Շոլցը, սակայն, վստահ է՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման այլ ճանապարհներ ևս կան՝ ավանդական սոցիալական պետության շրջանակներում։

«Եթե դուք ցանկանում եք վստահ լինել, որ Գերմանիան ներդրումներ է կատարում տնտեսական աճ, կայուն կենսաթոշակներ և նորմալ աշխատավարձեր ապահովելու ուղղությամբ, դուք պետք է քվեարկեք Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին», - հայտարարում էր Շոլցը։

Ու թեև Օլաֆ Շոլցը դեռ անցած շաբաթ էր հայտարարել, որ ընտրություններում պարտվելու դեպքում լքելու է քաղաքականությունը, նրա կուսակից սոցիալ-դեմոկրատները հույս ունեն, որ իրենց կհաջողվի մնալ կառավարության կազմում՝ արդեն որպես քրիստոնյա-դեմոկրատների կրտսեր կոալիցիոն գործընկեր։

Նոր այսպես կոչված «Մեծ կոալիցիայի» ձևավորումն, ըստ գերմանացի վերլուծաբանների, հնարավորություն կտա մեկուսացնել ազգայնականներին՝ բացառելով Ալիս Վայդելի և նրա թիմակիցների հնարավոր ազդեցությունը գործադիր իշխանության վրա։ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության ղեկավարները, սակայն, հույս ունեն, որ կիրակնօրյա ընտրություններում իրենց հաջողությունն այնքան համոզիչ կլինի, որ ավանդական ուժերը, ուզեն թե չուզեն, ստիպված են լինելու հաշվի նստել իրենց հետ։

Ազգայնականների դիրքերը ուժեղ են հատկապես երկրի արևելքում՝ նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետության տարածքում։ Այսպես, հարցումների համաձայն, Սաքսոնիայում ծայրահեղ աջերի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 36, Թյուրինգիայում 3,5 իսկ Բրանդենբուրգում 29 տոկոսը։

Գերմանիայի արևելքում միակ բացառությունը Բեռլինն է, որտեղ կիրակի օրը հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց՝ ավանդական կուսակցություններից, նախևառաջ քրիստոնյա-դեմոկրատներից պահանջելով որևէ պարագայում կոալիցիա չկազմել ազգայնականների հետ։

«Ես կարծում եմ, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն ու Քրիստոնյա-դեմոկրտական միությունը լուրջ պրոբլեմ են ստեղծում մեր երկրի համար։ Աջերն այսօր չափազանց ազդեցիկ են և նրանց դեմ հարկավոր է ակտիվ պայքար մղել։ Անհրաժեշտ է փողոց դուրս գալ, որպեսզի պատմությունը չկրկնվի», - նշում էր Բեռլինում կայացած ցույցի մասնակիցներից մեկը։

XS
SM
MD
LG