Մատչելիության հղումներ

Ֆան շարժումները մտավախություն ունեն, որ Հայաստան-Վրաստան խաղին չեն ստանա իրենց ավանդական տեղերը


Հայաստան - Ֆաների բողոքի ակցիան Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման ժամանակ, 15-ը նոյեմբերի, 2024թ.
Հայաստան - Ֆաների բողոքի ակցիան Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպման ժամանակ, 15-ը նոյեմբերի, 2024թ.

Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպումից տասն օր առաջ տոմսերի վաճառքն առայժմ չի մեկնարկել. ազգային հավաքականի ֆան շարժումները մտավախություն ունեն, որ սկզբունքային դիմակայությանն ընդառաջ իրենց չեն տրամադրի ավանդաբար հատկացվող տեղերը: Արդեն մի քանի ամիս Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը պահանջող ֆան շարժումները՝ FAF-ն ու Red Eagles-ն ահազանգում են՝ տոմսերի հարցով հստակություն առայժմ չկա:

Ազգային հավաքականի տնային հանդիպումներում FAF-ն արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածն է զբաղեցնում, Red Eagles-ը հարավայինում է տեղավորվում: Ի տարբերություն մարզադաշտ այցելող մյուս ֆուտբոլասերների՝ ֆան շարժումներն ավելի կազմակերպված են երկրպագում, բացականչությունները, երգերը նախապես մշակվում են ու հանդիպումների ամբողջ ընթացքում չեն լռում:

Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանը, որը FAF-ի անդամների հետ մշտական կապի մեջ է, բացատրում է, թե ինչպես է սովորաբար տեղի ունենում այս գործընթացը. - «Տոմսերը այնպես չէ, որ ուղղակի նվեր են տրվում ֆան շարժումներին, այլ որոշակի զեղչով վաճառվել են և առանձին ձևով են վաճառվել, այսինքն՝ իրենք բաց վաճառք որպես այդպիսին չի կազմակերպվել, և կայքում անհասանելի են այդ տեղերը եղել այլ ֆուտբոլասերների համար»:

Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Վրաստանի ընտրանուն կընդունի մարտի 20-ին, երեք օր անց թիմերն արդեն Թբիլիսիում ուժերը կչափեն: Կովկասյան դերբիի նժարին այս մրցաշարի B դիվիզիոնի ուղեգիրն է՝ երկու խաղերի արդյունքում հաղթողը հաջորդ մրցաշրջանը կարգով ավելի բարձր B դիվիզիոնում կսկսի:

Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում տոմսերի վաճառքի փոխարեն պարզապես գրված է՝ «Շուտով», այնինչ վերջին շրջանում ազգային թիմի հանդիպումների տոմսերն ավելի վաղ էին հանվում վաճառքի, անցած սեպտեմբերին կայացած Հայաստան-Լատվիա խաղի տոմսերը հնարավոր էր ձեռք բերել հուլիսին:

«Դեռ չկա անգամ ինֆորմացիա, թե երբ է նախատեսվում սկսել տոմսերի վաճառքը, ինչը ենթադրում է, որ ինչ-որ պրոցես է գնում էս մասով, դեռ չեն կարողանում որոշում կայացնել, թե ինչ պետք է արվի՝ երկրպագուների ավանդական տեղերն արդյոք տրվելու են երկրպագուներին, բացվելո՞ւ է երկրպագուների համար վաճառքը, թե՞ ոչ», - նշեց Խուդավերդյանը:

Արդյոք տոմսերի վաճառքի ուշացումը կապ ունի վերջին շրջանում ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականի՝ երկրպագուների պահանջի հետ: Այս հարցի պատասխանը ստանալ չհաջողվեց, «Ազատությանն» ամբողջ օրվա ընթացքում չհաջողվեց նրանց հետ կապ հաստատել:

Իսկ Թբիլիսիում մարտի 23-ին կայանալիք պատասխան հանդիպման տոմսերի վաճառքը ոչ միայն սկսվել է, այլև արդեն ամբողջությամբ սպառվել՝ Sold out:

«Վրաստանից եկող ինֆորմացիան այնպիսին է, որ Հայաստանում տեղի ունենալիք խաղի ամբողջ հյուրերի սեկցիան՝ շուրջ 900 տոմս, արդեն տրվել է վրացական կողմին և նաև հյուրերի սեկցիայի կողքին գտնվող մոտ 1500 տեղ տրվել վրացիներին: Այս ինֆորմացիան պաշտոնապես ոչ մի տեղ դեռ հաստատված չի, բայց անընդհատ այս ինֆորմացիաներ գալիս են և կարծես թե հերքում էլ չունեն, պետք է որ դա համապատասխանի իրականությանը», - ասաց Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակիցը:

Երկրպագուներն անհանգիստ են՝ եթե ֆան շարժումների ավանդական տեղերը չհատկացվեն, գուցե ստացվի այնպես, որ Երևանում ավելի շատ վրացի երկրպագուների ձայները լսվեն, նրանց թիվը կարող է զգալի լինել: Տարիներ առաջ ակումբային ֆուտբոլում է մի այսպիսի աղմկոտ դեպք է եղել, երբ կատալոնական «Բարսելոնա»-ի հարկի տակ Ֆրանկֆուրտի «Այնթրախթ»-ի հետ հանդիպմանը գերմանացի երկրպագուների ձայնն էր գերիշխում:

Ֆան շարժումների ու Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հարաբերություններն ամիսներ շարունակ լարված են: Հավաքականի ձախողումներից դժգոհ երկրպագուները հրաժարականի պահանջով փողոց դուրս եկան, բողոքի ակցիաներն այնուհետև մարզադաշտեր հասան: Վերջին նման ակցիան ուղեկցվեց ոստիկանական գործողություններով, ցույցի մի շարք մասնակիցներ ձերբակալվեցին, ապա նրանց նկատմամբ խուլիգանության հոդվածով մեղադրանք առաջադրվեց: Նրանք ազատ արձակվեցին չհեռանալու պայմանով:

Անցած նոյեմբերին հավաքականի վերջին տնային հանդիպմանն էլ ֆան շարժումները «հեռացի՛ր» վանկարկումներով ակցիա իրականացրին:

Ֆեդերացիան վերջերս հիշեցրեց այս դեպքերն ու հայտարարեց, թե «երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ, և եթե միջադեպը կրկնվի, մարզադաշտը կարող է որակազրկվել»:

XS
SM
MD
LG