Իր հրաժարականի մասին ընդդիմադիրների հիմնավրումներին ի պատասխան, վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց՝ եթե ժողովուրդը ուզի փոխել կառավարությանը, դա կանի ցանկացած պահի, ապա խոսեց իրենց պլանների մասին:
«Մեր պլանը ձեզ անկեղծ ասում եմ, 2026 -ի ընտրություններին կգնանք ժողովրդի առաջ կկանգնենք, մեր ծրագիրը կկարդանք, կտանք բացատրություններ, ժողովուրդն իր քվեարկությամբ կորոշի», - նշեց վարչապետը:
Ընդդիմադիրները մեղադրեցին իրավապահներին բիրտ ուժ կիրառելու մեջ, Փաշինյանը հակադարձեց
Չշրջանցվեց նաև ոստիկանների գորոծողությունների իրավաչափության թեման։ Ընդդիմադիրները մեղադրեցին իրավապահներին բիրտ ուժ կիրառելու, մարդկանց խոշտանգելու մեջ, Փաշինյանը հակադարձեց՝ ոչ մեկին չեն ծեծել և շնորհակալություն հայտնեց ոստիկաններին՝ կատարած աշխատանքի համար։
«Դուք նույնիսկ չեք պատկերացնում ես ինչքան ոստիկանական հարվածներ եմ ստացել։ Բայց ես վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ոչ մի դեպքի հետևից չեմ գնացել, որովհետև համարել եմ, որ ոստիկանը կատարել է իր աշխատանքը։ Իմ աչքի տակը սևացել է, բայց մեկ է, ոստիկանը արել է իր աշխատանքը», - ասաց Փաշինյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ վարչապետին հորդորեց դուրս գա խորհրդարանից և քայլելով գնալ Բաղրամյան փողոցում իր հրաժարականը պահանջող ժողովրդի մոտ:
Ընդդիմադիր պատգամավորը նաև մի տեքստ ընթերցեց, ասելով, որ այն ժամանակին գրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, բայց հիմա այդ տեքստը ճիշտ Փաշինյանի մասին է, դրա համար մի քանի փոփոխություններով այն իրեն է ուղղում։
«Երևի քեզ չեն ասում, բայց ազգդ քեզ չի սիրում, անկախ նրանից գնում են միտինգ, թե՝ ոչ, լավ են ապրում, թե վատ, չեն սիրում, ուզում են գնաս: Նույնիսկ կողքիններդ հոգնել են, հոգնել են քո ձայնից, արտաքին տեքստից, նկարից հեծանիվից», - ընթերցեց Վարդանյանը:
Փաշինյանը մեղադրեց ընդդիմությանը Արցախի հարցն ու օգտագործելու և իշխանությունը պահելու համար
Մթնոլորտը խորհրդարանում առավել լարվեց Արցախի հարցի պատճառով, երբ վարչապետը մեղադրեց ընդդիմությանն ու նախորդ իշխանություններին Արցախի հարցն ու ժողովրդին տասնամյակներով օգտագործելու և իշխանությունը պահելու համար։ Փաշինյանի այս հայտարարությունը իշխանականները ծափերով ողջունեցին, իսկ ընդդիմադիրները՝ սեղաններին հարվածելով։
«Ձեզ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար, էսօր իրենց բերել եք որպես ցույցի մատերիալ, 5 հազար դրամով ցույցերի բերելու համար։ Հիմա էլ նույնը ուզում եք անել Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ», - Փաշինյանը պատասխանում էր ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը այն դիտարկմանը, որ կառավարությունը պետք է փոխի իր ծրագիրը, քանի որ այդ ծրագրով խոստացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցում, խոստացել է լինել Արցախի անվտանգության երաշխավորը, բայց այդ ամենը չի իրականացրել։
Այս ծրագիրն, ըստ Ռուստամյանի, պետք է փոխվի, իսկ դրա համար պետք է վարչապետը հրաժարական տա, նոր կառավարություն ձևավորվի, որն էլ կբերի նոր ծրագիր։
Փաշինյանը պնդեց՝ 2022 -ից հետո և դրանից առաջ էլ դե ֆակտո ԵԱՀԿ Մինսկի խմուբը գոյություն չի ունեցել։
Ընդդիմադիր պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հարցրեց՝ արդյոք Փաշինյանը իրեն հարց տվե՞լ է՝ եթե չլիներ իշխանություն, ի՞նչ վիճակում կլիներ Հայաստանն ու Արցախը։ Վարչապետը պատասխանեց՝ այո, տվել է այդ հարցը և պատասխանն էլ ունի. - «Կլիներ ամեն ինչը նույնը, մի տարբերություն, որ Հայաստան կլիներ գուբեռնա, 100 տոկոսով»:
«Մենք կորոշենք, երբ դուրս գանք». Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
Ապա խոսեց ՀԱՊԿ-ի մասին, շեշտելով. - «Մեղավորը նրանք են, ովքեր ձևավորվել են մի հատ փուչիկ դաշինք, որի անդամները պարզվեց, գնացել Ադրբեջանի հետ պլանավորվել են մեր դեմ պատերազմը»:
Ընդդիմադիր պատգամավորների դիտարկմանը, որ այդ դեպքում ինչու ՀԱՊԿ-ից դուրս չեն գալիս, Փաշինյանը հակադարձեց. - «Դուրս կգանք, դրանով էլ վախեցնո՞ւմ եք, լավ ենք անում... մենք կորոշենք, երբ դուրս գանք, բա ձեր կարծիքով հաջորդ քայլը ո՞րն է, բա կարո՞ղ է հետ գնանք»: