Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահների ճամբարներում կրկին լարված է. նախկինների հակամարտությանն այս անգամ էլ սրվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի խոսքերի պատճառով: Սրբազանը դրվատել է Ռոբերտ Քոչարյանին, իսկ Սերժ Սարգսյանի որակել քաղաքական դաշտի կոլապսի հիմնական դերակատար. - «Սերժ Սարգսյանի մոտեցումը հետևյալն է՝ «կա՛մ ես կվերադառնամ իշխանության, կա՛մ Նիկոլը կմնա»:
«Որևէ սուտ մեր հասցեին ես անպատասխան չեմ թողնելու», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության անդամ, պատգամավոր Աննա Մկրտչյանը, - «Սա բացարձակ սուտ է: Էն ժամանակ, երբ որ ես պայքարել եմ բոլոր փողոցային շարժումների ընթացքում, էն ժամանակ, երբ որ ես հալածվել եմ, երբ որ նիկոլական ամբողջ ապարատը պետական՝ օրինականություն և իրավականությունը ուրացած և մոռացած, մարդկային բոլոր գծերը հատած, մեզ բռնաճնշումների էր ենթարկում, Միքայել Աջապահյանը դեռ էդ ժամանակ Նիկոլի դագաղների հեղափոխությունն էր գովում և էդ հեղափոխությունը համարում էր իրական հաղթանակ»:
Մկրտչյանը ուսումնասիրել ու համոզվել է՝ Միքայել Աջապահյանը հենց այնպես չի նման խոսքեր ասել, Սերժ Սարգսյանի մասին նրա ու քոչարյանականների մտքերն ու մեղադրանքները համընկնում են, Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ նույն էջերում է հայտնվում:
«Ես կարծում եմ՝ դրանց համանմանություններն էլ և համընկնումներն էլ գոնե թե պատահական չեն, ես դրանց մեջ դիտավորություն եմ տեսնում: Տա Աստված սխալվեմ, և դրանք լինեն անզգուշության հետևանքով», - հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
«Իր օրոք եղել է խաղաղություն, եղել է արդյունավետ: Այո, Գյումրիում եղել է արդյունավետ: Քոչարյանը տղամարդ, տղամարդ ղեկավար է, տղամա՛րդ ղեկավար է», - Կարպիս Փաշոյանի հետ հարցազրույցում հայտարարել է Միքայել սրբազանը, դիտարկմանը՝ «Սերժ Սարգսյանին ամենաշատը չեք սիրում», հակադարձելով՝ «ե՞ս, բացարձակապես, էդպես բան չկա, որ ես որևիցե մեկին չեմ սիրում», սակայն ընդունելով, որ երրորդ նախագահին ամենաշատն է քննադատում. - «Այո, որովհետև ինքը հիմնական դերակատարն ա էս ընդդիմության կոլապսի, ինքը հիմնական դերակատարն ա: Հիմա էլի թող հանրապետականները հարձակվեն: Արդեն էդ հանրապետականների հարձակումը խոսում ա էդ մասին»:
«Գոռոզամտություն, չարություն, հպարտության հասնող մեծամտություն, դիվային էգոցենտրիզմ». երրորդ նախագահի թիմակից Արմեն Աշոտյանն այսպես է պատասխանել Միքայել սրբազանին, նրան քարոզչական գործիք համարել իրենց քաղաքական հակառակորդների ձեռքին. - «Սեփական անձի նկատմամբ հոգևոր խոնարհության փոխարեն դիվային էգոցենտրիզմով տառապող և քաղաքական կյանքում ակտիվացած Միքայել սրբազանը չի էլ նկատում, թե ինչպես է դառնում երկրորդ նախագահի քարոզչական թիմի կողմից մեր դեմ անթաքույց կերպով օգտագործվող անձ»:
«Թե ինչի ա ինքը էդքան խորացել հպարտության, ամբարտավանության, մեծամտության, դիվային էգոցենտրիզմի մեջ, թե ինչի ա էդքան հուզվել, ինքը կիմանա: Քավ լիցի, քավ լիցի և քավ լիցի, ես տեղյակ էլ չեմ Քոչարյանի թիմը որն է, իրենցից էլ տեղյակ եմ այնքանով, որքանով որ հանրապետական են, առնչվում են Սերժ Սարգսյանի հետ: Ոչ մեկի ճամբարում չեմ եղել, չեմ, չեմ լինի», - հակադարձում է Միքայել սրբազանը:
Հակամարտող կողմերից մեկի առաջնորդին դրվատած ու մյուսին փնոված սրբազանը ամիսներ առաջ «Ազատությանը» ասել էր, թե ընդդիմադիր դաշտից երկուսն էլ պետք է հեռանան, Բագրատ սրբազանի շարժման տապալման համարել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին էր մեղադրում: Այսօր «Ազատությանն» ասաց՝ կարծիքը չի փոխել. - «Իրենք են վերցնել ընդդիմության դրոշակը և ձախողել են գործը ընդդիմության պայքարի էս բոլոր տարիներին»:
Երկրորդ նախագահի ճակատից պատգամավոր Ագնեսա Խամոյանն է այս վեճին խառնվել, հիշեցրել Աջապահյանի այդ տարբեր դիրքորոշումներն ու հանրապետականների գրոհը էժան որակել. - «Սրբազանն էլի հարցազրույց է տվել, գովել Քոչարյանի կառավարման տարիները, քննադատել Սերժ Սարգսյանին, ու մի փոթորիկ համացանցում՝ է՛լ դավաճան, է՛լ քայլող անտեղյակություն, է՛լ Քոչարյանի վկա տերտեր, ու էլի բազմաթիվ պիտակավորումներ ու գնահատականներ: Էժան, շատ էժան»:
Քոչարյանականների խրատական ճառերին էլ է անդրադարձել Արմեն Աշոտյանը. - «Սխեման շատ պարզ է, սրբազանը մեր մասին ավելի վատ է արտահայտվում, քան իրենց, նրանք վերցնում են այդ հատվածները և ակտիվորեն շահագործում մեր դեմ: Մենք ստիպված հակադարձում ենք, երբեմն՝ հիպերռեակցիայով, քոչարյանական ալիքներով օրվա հերոս դարձած սրբազանին, իսկ երկրորդի թիմակիցները կուսական անմեղություն արտահայտող դեմքերով սկսում են բարոյախրատական ճամարտակումներ անել»:
Դառնացած են, կբուժվեն. այսպես է արձագանքում իր խոսքերին հաջորդած փոթորկին Միքայել սրբազանը: Նախկինների կռիվը նոր չէ, ասում է՝ նրանց նպատակը Հայաստանի փրկությունը չէ. - «Իշխանատենչությունն է, իշխանության դարդն է»: