Մատչելիության հղումներ

«Սերժն է բերել Նիկոլին» թեզը տիրաժավորվել է համապատասխան գրասենյակից». Քոչարյանի ու Սարգսյանի թիմակիցները շարունակում են մեղադրանքները


ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը
ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը

««Սերժն է բերել Նիկոլին» հեքիաթային ու շինծու թեզն արդեն ակնհայտ է դառնում, որ ստեղծվել ու տիրաժավորվել է համապատասխան գրասենյակից», - այսօր հայտարարեց Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը՝ նկատի ունենալով երկրորդ նախագահի գրասենյակը:

Մի քանի օր է՝ երկրորդ ու երրորդ նախագահների թիմակիցները հրապարակային առճակատմամբ հարցեր են պարզում, գլխավորը՝ ո՞վ բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության, ինչպե՞ս ընդվզող մի խումբ վերածվեց լայն զանգվածի, ի՞նչ կլիներ, եթե Սերժ Սարգսյանն իր խոստումը կատարեր ու 2018-ին երրորդ անգամ չառաջադրվեր:

Նախկինների վեճը հասավ անգամ խորհրդարանական հարթակ: Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը երեկ Ազգային ժողովի ճեպազրույցների դահլիճից արձագանքեց քաղաքական հակառակորդներին:

«Այո, ուզենք թե չուզենք, հարցեր կան, որոնք պիտի պարզաբանվեն: Եթե երրորդ նախագահը չառաջադրվեր վարչապետ, ի՞նչ էր լինելու», - ասաց նա, - «ՀՀԿ-ն մեծամասնություն էր: Կարող էին չհանձնել, իրենք են ասել՝ «եթե իմանայինք՝ այսպիսի հետևանքներ են լինելու, այլ կերպ կվարվեինք, ավելի վճռական կլինեինք»:

«Երկրորդի գրասենյակը փաստորեն, այն ֆիլմը հիշեցի՝ մարտի են նետել ծերունիներին, հա՞», - իր հերթին նշեց Շարմազանովը, հավելելով, - «Հեղափոխություն կոչվածը նախ և առաջ արտաքին ուժերի ճնշումների գունավոր հեղափոխության և Հայաստանի ներսում քաղաքական բազմաթիվ դերակատարների Հանրապետականի ու Սերժ Սարգսյանի նկատմամբ կեղծիք, սուտ տարածելու արդյունք էր»:

Նախկին նախագահների թեժ բանավեճը շարունակվում է թիմերի առանցքային դեմքերի մակարդակով: ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանն է ծավալուն հոդվածներով վերլուծում դեպքերի զարգացումները, ակնարկում 2018-ի հանրահավաքներին Քոչարյանի մերձավորների մասնակցության մասին: Սերժ Սարգսյանի հետախուզվող փեսան՝ Վատիկանում նախկին դեսպանը, խառնվեց Փաշինյանին բերողի ուրվականի փնտրտուքին: 2018-ին հեղափոխություն է եղել, ֆեյսբուքյան իր էջում գրել էր Միքայել Մինասյանը:

«Երեկ էլ արդարացման նոր թեզ՝ իշխանությունը հանձնել է ժողովուրդը հեղափոխության միջոցով: Հեղափոխություն լինում է ոչ արդյունավետ կառավարման արդյունքում», - նկատեց Աղվան Վարդանյանը:

«Իսկ ո՞րն է եղել արդյունավետ կառավարումն՝ ըստ իրենց: Ինքը եղել է մի քաղաքական ուժի ներկայացուցիչ այն ժամանակ գոնե, որը շատ երկար ժամանակ Հանրապետականի հետ եղել է կոալիցիայում», - հակադարձեց Էդուարդ Շարմազանովը:

Թե ինչու Հանրապետականը արտահերթ ընտրությունների չգնաց, Արմեն Աշոտյանը խորհուրդ է տալիս հարցնել նրան, ով Սերժ Սարգսյանի հրաժարականից մեկ օր առաջ մեկուսարանում հանդիպեց ընդդիմության առաջնորդ Փաշինյանին: Հանդիպողը վարչապետ Կարեն Կարապետյանն էր:

«Հիմա ինչ-որ մարդիկ տողատակերում ու արդեն նաև բացահայտ փորձում են Կարեն Կարապետյանին մեղադրել: Ազնիվ չէ», - նշում է Աղվան Վարդանյանը:

«Պարոն Կարեն Կարապետյանն է առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետության, ինչո՞ւ է հակադրության մեջ դնում Կարեն Կարապետյանին ու Հանրապետականին, Կարեն Կարապետյանին ու Սերժ Սարգսյանին», - հարցնում է ՀՀԿ անդամը:

Ո՞րն է այս հրապարակային վեճի նպատակը, ի՞նչ են շահում դրանից նախկին նախագահների թիմերը, որ Փաշինյանի իշխանության դեմ պայքարի հրապարակային հարթակներում միասնական են եղել, Էդուարդ Շարմազանովն ասում է. «Ջենթլմենական չէ, մարդկանց հետ 7 տարի շփվես, խրամատում կռվեք, նիկոլիզմի դեմ պայքարեք, հենց մենք կանգնենք, ասենք, կոնկրետ ես, ով կասի՝ Սերժը կամ ՀՀԿ-ն նպատակային բերել է Նիկոլին, իրենք կասեն՝ Շարմազանով ջան, ցավդ տանեմ, մենք դրա հետ կապ չունենք: Մեկ էլ հիմա տեսնում ես՝ իրենք են գեներացրել»:

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ցածր է, քաղաքական ուժերը դիրքավորվելու խնդիր են փորձում լուծել, եթե համախմբումը հնարավոր չէ, տարանջատումը մյուս ճանապարհն է, ասում է Աղվան Վարդանյանը՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի թիմերին, ինչպես նաև Հայ հեղափոխական դաշնակցությանը. «Գլխավոր պրոբլեմը Նիկոլն է, ցանկացած զիջման գնով իշխանության մնալու նրա գենետիկ հիվանդությունը: Հիմա Նիկոլն ամենացածր վարկանիշն ունի: Բնականաբար, քաղաքական հիմնական ուժերը դիրքավորվելու, իրենց կարողությունը մեծացնելու խնդիր են փորձում լուծել»:

Էդուարդ Շարմազանովն արձագանքում է՝ «միաձուլված չենք եղել, որ տարանջատվենք». «Եթե ոմանք մտածում են ընտրություններում շատ ձայն հավաքելու մասին, ապա մենք մտածում ենք հայրենիք ունենալու մասին»:

Տարանջատում հանուն ընտրության. այսպես է Արմեն Աշոտյանը մեկնաբանել Վարդանյանի տեքստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG