Ո՞վ բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության 2018 թվականին, ինչպե՞ս եկավ, և ովքե՞ր էին մասնակցում ցույցերին. Փաշինյանի կառավարումից 7 տարի անց նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցները հրապարակային առճակատմամբ այս հարցն են պարզում:
Ըստ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ 2018 թվի հետ կապված հարցեր կան, որոնց պատասխանները չեն բավարարել ժողովրդին:
«18 թվի հետ կապված հարցը միշտ լինելու է, որովհետև դրա հետ կապված չկա, կամ այն, ինչ կա, բավարար չէ շատ լայն, մեր ժողովրդի մի մեծ մասի համար, և դրանից բխող այս հարցերը միշտ լինելու են, միշտ այս հարցերն ինչ-որ տեղեր առաջ են բերվելու», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Ինչո՞ւ օրվա իշխանությունը՝ Սերժ Սարգսյանը չփորձեց Փաշինյանի ըմբոստության դեմն առնել, ինչո՞ւ թողեցին, որ ընդվզումը վարարի, ու հանրության լայն զանգվածներ փողոց դուրս գան, հարցնում են Քոչարյանի կողմնակիցները՝ այդպես էլ ուղիղ չպատասխանելով՝ ինչ են ուզում ասել, Սերժ Սարգսյանի՞ն են մեղադրում Փաշինյանին իշխանության բերելու համար:
«Երբ Նիկոլ Փաշինյանը գործել է հանցագործություն՝ մուտք է գործել, ներխուժել է հատուկ պահպանվող տարածք, ինչո՞ւ համապատասխան իրավական գործընթաց դրան չի հաջորդել», - հետաքրքրվում է «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը:
Սարգսյան-Քոչարյան լարվածությունը պայթեց Քոչարյանի վերջին ասուլիսից հետո: Եթե տարիներ շարունակ նախկին նախագահների տարաձայնությունների ու սրված հարաբերությունների մասին խոսում էին կուլիսներում ու լուրերի մակարդակով, ապա ասուլիսից հետո կողմերը, թիմերի կարկառուն անդամներն անցան բաց ու սուր փոխհրաձգության:
«Հանրապետականից մեղադրանք երբևէ չի հնչել մինչև այն պահը, երբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը որոշեց մի ամբողջ ժամ նվիրել Հանրապետական կուսակցությանը, նախագահ Սերժ Սարգսյանի մասին ոչ ճիշտ տեղեկություններ հրապարակելու», - լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է ծավալուն հոդվածներով վերլուծել դեպքերի զարգացումները: Սարգսյանի թիմակիցներն ակնարկում են, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանի մերձավորներն էին «Հանրապետության հրապարակում մերժում Սերժին»: Աննա Մկրտչյանն այսօր ուղիղ խոսեց այդ մասին: Խոսքը Ռոբերտ Քոչարյանի եղբոր դստեր մասին է:
«Չի կարելի փորձել ման գալ նիկոլաբերածին և նաև ենթատեքստով ասել՝ մենք մերժելու ենք նիկոլաբերածներին այն դեպքում, երբ ձեր մերձավորները, այն մարդիկ, ում հիմա համակիր եք անվանում, եղել են Հանրապետության հրապարակում», - ասաց «Պատիվ ունեմ»-ի պատգամավորը:
«2018-ի հետ կապված մեզ մեղադրելը այն կարգի աբսուրդի ժանրից է. ի տարբերություն շատ-շատերի՝ մենք շատ լավ էինք հասկանում, շատ լավ գիտեինք՝ ով է Նիկոլ Փաշինյանը, ու ոչ մի ձև չէինք կարող աջակցել: Այդ մարդկանց մեջ կարող է եղել է ծանոթ մարդ, կարող է եղել է նաև բարեկամ, բայց բերել, փորձել պատճառը դա դարձնել, կարծում եմ՝ ազնիվ չէ ու ճիշտ չէ», - հակադարձեց Լևոն Քոչարյանը:
Ինչի՞ց սկսվեց այս անթաքույց վեճը, ինչո՞ւ հանկարծ Փաշինյանին հեռացնելու օրակարգով առաջնորդվող ընդդիմադիր ճամբարներում առաջնային դարձավ Նիկոլ Փաշինյանին իշխանության բերողների փնտրտուքը, Լևոն Քոչարյանն ասաց. «Հորս ասուլիսն է եղել, և դրանից հետո առաջացած բուռն ռեակցիան և հարվածները տարբեր ուժերի ու տարբեր թևերի կողմից»:
Աննա Մկտրչյանը, մինչդեռ, շեշտեց. «Մեզ համար ելակետային, մեկնարկային կետ չի եղել Ռոբերտ Քոչարյանի ո՛չ այս, ո՛չ էլ նախորդող որևէ այլ ասուլիս»:
Ռոբերտ Քոչարյանն ասուլիսում խոսել էր քաղաքական դաշտը չլքելու, ընտրություններին մասնակցելու մասին: Աննա Մկրտչյանը պնդեց, թե ասուլիսի հետ կապված որևէ առարկություն չունեն, ակտիվացել են երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հարցազրույցից հետո, որի ընթացքում, ըստ պատգամավորի, ՀՀԿ-ի հասցեին մեղադրանքեր են հնչել. «Օրինակ՝ ասում էր՝ «Սպայկա»-ի և պղնձամոլիբդենայինի հետ կապված, պարզվեց, թե ումն էր դա: Ո՞վ պարզեց, նիկոլական դատախազության հրապարակածը ձեզ համար փա՞ստ է: Ես դրանից եմ ապշած: Այդ նույն նիկոլական դատախազությունն ասում է, որ մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանն է 10 մարդ սպանել: Բայց, ես գիտեմ, որ դա սուտ է»:
Նախկինների բանավեճը ծավալվեց ու հասավ Սերժ Սարգսյանի փեսային՝ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանին: 2018-ին տեղի ունեցածը հեղափոխություն էր, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մինասյանը, անդրադարձել Փաշինյանին «իշխանության բերողի ուրվականը փնտրողներին»՝ առանց անուններ նշելու:
«Այդ փնտրտուքի ամենամեծ դրաման այն է, որ շատ հաճախ նրանք դուրս են գալիս սեփական կամ մերձավորների հետքի վրա։ Կեսից խճճվում են և կանգ առնում, որովհետև հասկանում են այդ գործի վտանգավորությունը։ Այն վտանգավոր է և բացարձակ անիմաստ։ Վտանգավոր է, որովհետև առերեսվում են իրենք իրենց ու ստիպված լինում արդարանալ, իսկ բացարձակ անիմաստ է, քանի որ չունեն ազնվություն ասելու, որ տեղի ունեցածը հեղափոխություն էր։
Իսկ ո՞վ է հեռացնելու Նիկոլին: Այս անիմաստ աղմուկի մեջ չեք գտնի ամենակարևոր հարցի պատասխանը», - գրել է Միքայել Մինասյանը:
«Մենք գտնում ենք, որ ՀՀ գլխավոր ներքին սպառնալիքը նիկոլիզմն է, և պետք է պայքարել նիկոլիզմի դեմ, բացի նիկոլիզմի դեմ պայքարելուց, Հանրապետականը որևէ այլ, ներքաղաքական կարևորագույն չունի», - շեշտեց ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը:
Անկախ Փաշինյանին իշխանության բերողի փնտրտուքների արդյունքից կողմերը վստահեցնում են՝ իրենց օրակարգում գլխավոր հարցը Փաշինյանին իշխանությունից հեռացնելն է: