Մատչելիության հղումներ

Ինձ իշխանության ոչ ոք չի բերել, ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ. Փաշինյան


Ո՞վ բերեց Նիկոլ Փաշինյանին իշխանության. նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմերի հրապարակային այս վեճին օրեր անց խառնվեց վարչապետ Փաշինյանը: Այսօր առավոտյան Ֆեյսբուքով պատասխանեց քաղաքական հակառակորդներին՝ մեկ ժամվա մեջ երեք գրառմամբ:

«Երկու կիսամաշ դեմքեր իրենց շրջապատներով վիճում են, թե ո՞վ է ինձ իշխանության բերել, միմյանցից պահանջելով ասել ճշմարտությունը: Դուք ասեք ձե՞զ ով է ժամանակին իշխանության բերել՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձայնը երբեք չստացած այ ընտրակեղծարար-ուզուրպատորներ»:

Այս գրառումից կես ժամ հետո Փաշինյանը երկրորդ ստատուսը գրեց ու նախկինների հարցին ավելի հասցեական պատասխանեց. - «Ինձ իշխանության ոչ ոք չի բերել: 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը իշխանության է բերել Ժողովրդին: Ես ընդամենը ժողովրդի իշխանության տեղապահն եմ և Ժողովուրդն ինձ ուրիշով կփոխարինի՝ երբ ցանկանա»:

Երկու պատասխանը գործադիրի ղեկավարը բավարար չհամարեց՝ կես ժամ հետո երրորդը հրապարակեց՝ արդեն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին իշխանություն բերողների նպատակներին:

Գործադիրի ղեկավարը քաղաքական հակառակորդներին պատասխանում էր աշխատանքային ժամերին, արձագանքում օգտատերերի մեկնաբանություններին՝ դարձյալ թիրախավորելով նախկիններին:

«Ընտրակեղծարար-ուզուրպատորնե՛ր, չմոռանաք ասել, թե ձեզ իշխանության բերողներն ինչի՞ համար են ձեզ իշխանության բերել Հայաստանի Հանրապետությունում: Դուք դա չեք ասի, ես ասեմ. որ Հայաստանի Հանրապետությունը երբեք անկախ պետություն չլինի, որ պետություն չլինի ընդհանրապես», - նշել է վարչապետը:

Էդուարդ Շարմազանովն ու Լևոն Քոչարյանը հակադարձում են

Հանրապետական Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. - «Եթե ինքը ակնարկում է, որ անկախ չենք եղել, Ռուսաստանի տիրապետության տակ ենք եղել, հիշեցնեմ, օրը քանի անգամ էր Նիկոլ Փաշինյանը ասում спасибо Վլադիմիր Պուտինին, ի՞նքն է խոսում անկախությունից, հիմա էլ թռել է Թուրքիայի գիրկը, վաղը հեսա Թրամփն ու Պուտինը կարող է ինչ-որ մի բան պայմանավորվեն, էլի գնա Վլադիմիր Վլադիմիրվիչն ասի՝ այ ցավդ տանեմ, Պուշկինի ցավը տանեմ, Գրիբայեդովի ցավը տանեմ, Ստալինի ցավն էլ տանեմ, ողորմած պապիդ ցավն էլ տանեմ»:

Հայաստանի անկախությունն ու լինել- չլինելու վտանգը հայ ժողովրդի գլխին կախվեց հենց Նիկոլ Փաշինյանի օրոք, վարչապետին հակադարձում է Հանրապետական Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով Ադրբեջանի ղեկավարի պահանջները:

«Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է, ում իշխանության օրոք Ալիևը պահանջում է Հայաստանի Հանրապետության իշխանություններից փոխել Սահմանադրությունը, այդ թվում՝ Անկախության հռչակագիրը: Նիկոլ Փաշինյանն Անկախության հռչակագրի հերն անիծում է, ինքը կռիվ է տալիս Հայաստանի Հանրապետության գաղափարական հիմքերի հետ: Գաղափարական հիմքերը Սահմանադրությունն է և Անկախության հռչակագիրը: Ո՞վ է խոսում անկախությունից, Նիկոլը, որ ՄԱԿ անդամ Հայաստանի Հանրապետությանը կանգնել հայտարարել է, որ Հայաստանը կադաստրի վկայական չունի: Դա ասում է՝ մեկ Իլհամ Ալիևը, մեկ Նիկոլ Փաշինյանը», - ասաց Շարմազանովը:

Հայաստանի անկախության ու գոյության հարցերը մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ե՞րբ է քննարկվել, Փաշինյանին հարցնում է նախկիններից Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը:

«Դրա համար շատ բան պետք չէ, պարզապես պետք է նայել անցած 91 թվից սկսած մեր պատմությունը: Ե՞րբ է Հայաստանը հայտնվել վտանգի տակ, ե՞րբ է ունեցել կորուստներ ու էսքան զոհել, 18 թվականից հետո է եղել հենց իր իշխանության ժամանակ: Այսինքն, ինչի՞ մասին է այստեղ խոսք գնում», - նշեց Լևոն Քոչարյանը:

Ընտրակեղծարարներ ու ուզուրպատորներ մեղադրանքին անդրադարձավ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց 2017-ի խորհրդարանական ընտրությունները: Ի՞նչ էր անում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, եթե կեղծվել էին ընտրություններն ու ուզուրպացրել էին իշխանությունը: Ընդդիմադիր «Ելք» դաշինքը, որի եռյակում էր Փաշինյանն ու հետո դարձավ խորհրդարանական խմբակցության ղեկավարը, ինչո՞ւ փողոցում չէր կամ Սահմանադրական դատարանում:

Փաշինյանի կառավարության դեմ պայքարող ու միմյանց դեմ առճակատող ընդդիմադիր թևերի անդամները վերահաստատում են՝ անկախ այս հակամարտությունից իրենց օրակարգում գլխավորը ոչ թե Փաշինյանին բերողի, այլ նրան իշխանությունից հեռացնելու հարցն է:

Նախկինների միջև այս հրապարակային վեճը սկսվեց անցած շաբաթվանից: Երկրորդ նախագահի թևն ակնարկում է, որ Սերժ Սարգսյանը կարող էր կանխել հեղափոխությունը, բայց չի արել: Ուղիղ չեն ասում, որ Սերժ Սարգսյանն է բերողը: Երրորդ նախագահի թևից էլ ենթադրում են, որ այդ մեղադրանքի թեզը երկրորդ գրասենյակից է շահարկվում առաջիկա խորհրդարանական ընտրություններում ավելի շատ ձայներ ստանալու ակնկալիքով:

Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներից պատգամավոր Աղվան Վարդանյանը խորհրդարանական հարթակից կողմերին հորդորեց զատվել ու առաջիկա ընտրություններին առանձին պայքարել գլխավորի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG