Մատչելիության հղումներ

Երկնիշ անկում՝ ռազմավարական հռչակված ՏՏ ոլորտում


Թվերն առաջիկայում էլ կշարունակեն կրճատվել, հայտարարում են մասնագետները:

Հայաստանի ամբողջ ՏՏ արդյունաբերությունն այս տարվա առաջին կեսին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 14 տոկոսով պակաս արդյունք է ստեղծել։ Նվազում են ոչ միայն թվերը, այլև այս ոլորտի մասնաբաժինը Հայաստանի տնտեսությունում։ Անցած տարի IT-ն ավելի մեծ ներդրում ուներ։

Ոլորտի խնդիրների մասին IT մասնագետներն ու տնտեսագետներն ահազանգում են դեռ 2022-ից, երբ սկսեց արժևորվել դրամը: Հայկական ընկերությունների մատուցած ծառայությունները փոխարժեքի պատճառով պակաս մրցակցային էին դառնում, բիզնեսների եկամուտն էլ նվազում էր։ Ընկերությունները կրճատումների մասին էին հայտարարում։ Սրան զուգահեռ` ռուսաստանցիների մեծ ներհոսքն էր։ Ջլատվող հայկականների կողքին ռուսականներն էին հայտնվում, ու ընդհանուր ցուցանիշներում անկում չէր երևում։

Հիմա ռուսական հատվածը հեռանում է կամ արդեն հեռացել է, ու իրական պատկերը տեսանելի է դառնում՝ 14-տոկոսանոց կրճատում, առայժմ:

«Նրանց տեղափոխումը հանգեցրել է Հայաստանում ՏՏ ոլորտի երկնիշ անկման: Այս անկումը է՛լ ավելի կխորանա՝ պայմանավորված ռուսների դուրս գալով», - «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Երկու տարի առաջ Կառավարությունից էլ ընդունեցին խնդիրներն ու IT ընկերությունների համար մեկանգամյա աջակցության ծրագիր մշակեցին։ Հետագայում թեև պարզվեց՝ գումարն այդքան էլ արդյունավետ չի ծախսվել, օրինակ՝ գումարը ստանալուց հետո որոշ ընկերություններ փակվել էին, գործադիրն այժմ էլ է նման ծրագիր իրականացնում

Աջակցությունից նաև Արմեն Ադամյանի ղեկավարած ընկերությունն է օգտվել. շնորհակալ է, բայց ընդգծում է՝ սա լուծում չէ. - «Կարճաժամկետ մի օգնությունը, հա, էդ պահին լուծումը եղավ, բայց, մեկ է, երկու, երեք ամիս հետո դու էլի նույն վիճակում ես»:

ՏՏ ոլորտի անկման այս ամբողջ շրջանում իրենք 20-ից 25 կրճատում են ունեցել, ասում է Ադամյանը. - «Մենք մասնաճյուղեր ունեինք Գյումրիում, Ստեփանավանում, հիմա չունենք: Կուրսը մեծ դեր է խաղում, այսինքն՝ մեր ինքնարժեքը շատ բարձր է, միևնույն ժամանակ աշխատավարձերն են բարձր ոլորտում, շուկան էլ փոխվում է, այսինքն՝ այն ժամանակ եթե մենք մրցակցում էինք միայն տեղական ընկերությունների հետ, հիմա արդեն ավելի բաց է, և դրսից էլ են մեր աշխատակիցներին դիմում, որ միանգամից freelancer տարբերակով իրենց մոտ աշխատեն»:

Արմեն Ադամյանի կարծիքով՝ նման ծրագրերը պետք է իրականացվեն այնպես, որ գործարարները երկարաժամկետ պլաններ կազմելու հնարավորություն ունենան, օրինակ՝ աջակցության երկարաժամկետ պայմանագրեր կնքվեն։

Անկումային ընթացքը փոխելու համար, սակայն, մասնագետներն առաջնահերթ են համարում ՏՏ ոլորտի աշխատանքի բնույթի փոփոխությունը: Հիմա նրանք հիմնականում արտասահմանյան ընկերությունների համար պատվերներ են կատարում՝ outsourcing անում, պետք է փորձեն սեփական արտադրանքը ստեղծել:

Ադամյանի ղեկավարած ընկերությունը սկսել է այս ճանապարհը, վերջերս հեռախոսների համար Armchurch հավելվածն են ստեղծել՝ եկեղեցական կյանքի մասին. - «Հիմա մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, բայց բոլոր ընկերությունները չի, որ հաջողելու են, ու մենք էլ վստահ չենք, որ կհաջողե՞նք, թե՞ չենք հաջողի: Եթե հաջողեցինք, շատ ավելի լավ կլինի, եթե չհաջողեցինք, չի լինի»:

Ընկերությունները ներքին պատվերների համար պետք է աշխատեն, հավելում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը. - «ՏՏ ոլորտի բրենդը ձևավորեն և տեղական արտադրանքներ ստեղծեն, որ նրանք կարողանան պրոդուկտներ ստեղծել և արտահանել համաշխարհային շուկա»:

Տնտեսական վիճակը ներկայացնող վիճկոմի զեկույցը ցույց է տալիս՝ առաջնային նշանակության համարվող IT ոլորտի նահանջին զուգահեռ, շարունակում է բարգավաճել այն բնագավառը, որի դեմ պայքարի մասին է հայտարարվել՝ օնլայն կազինոների թվերը դեռ աճում են։

XS
SM
MD
LG