Մատչելիության հղումներ

Մի կողմից՝ շինարարության, հանրային սննդի, ՏՏ երկնիշ աճ, մյուսից՝ գյուղատնտեսության, սննդամթերքի անկում


Անցած տարի Հայաստանում 2000 տոննա պակաս պանիր են արտադրել, փոխարենը ցեմենտ - բետոնի պահանջարկն է կտրուկ մեծացել։

Մի կողմում` շինարարության, հանրային սննդի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների երկնիշ աճ, մյուսում՝ գյուղատնտեսության, սննդամթերքի, խմիչքի, հագուստի արտադրության անկում։ Տնտեսական աճի մասին հայտարարությունների հետևում խայտաբղետ թվեր են՝ վառ ընդգծված առաջատարներ ու հետնապահներ։

Հայաստանի համախառն ներքին արդյունքը՝ 2023-ի ընթացքում արտադրված ապրանքների, ծառայությունների ընդհանուր շուկայական արժեքը, Վիճկոմի նախնական տվյալներով, 9.5 տրիլիոն դրամ է կազմել՝ ներկայիս փոխարժեքով շուրջ 23.5 միլիարդ դոլար։ Մեկ տարվա ընթացքում տնտեսությունն աճել է 8.7 տոկոսով։

Փորձագետները թվերի մեջ մտահոգիչ միտումներ են տեսնում։

«Այն, որ որոշ գործոնների ազդեցությամբ տնտեսությունը կարող է նման մեծ կերպով աճել, իհարկե մտահոգիչ է, դա նաև նշանակում է, որ այդ գործոնների բացակայության դեպքում կամ բացասական միտումների դեպքում տնտեսությունը կարող է նաև անկում ապրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց ACSES վերլուծական կենտրոնի հետազոտող Արմինե Պետրոսյանը։

Տնտեսական 8.7 տոկոսանոց աճի գերակշռիռ մասն առևտուրն ու ծառայություններն են ապահովել։

Այս ճյուղերը միասին Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 60 տոկոսն են կազմում։ Գրեթե երկու տարի շարունակ իշխանությունները բարձր ցուցանիշները ձեռքբերում են համարում, մասնագետներն էլ շեշտում են՝ ռուս- ուկրաինական պատերազմի ազդեցությունն է։ Տնտեսության կառուցվածքում արդյունաբերության մասնաբաժնի նվազումը մտահոգիչ է, ասում է Արմինե Պետրոսյանը։

«Իհարկե, եթե այս արտաքին գործոնները չլինեին, մեր տնտեսությունը կաճեր շատ ավելի դանդաղ, օրինակ՝ տարբեր պաշտոնական գնահատականներով՝ մեր տնտեսության աճելու ներուժը շուրջ 5 տոկոս է», - նշեց նա։

Շինարարության ծավալները անցած տարի աճել են շուրջ 16 տոկոսով, հանքագործական ոլորտը, մինչդեռ, գրեթե 7 տոկոսով կրճատվել է, հանրային սննդի կազմակերպման բնագավառը շուրջ 20 տոկոսով բարելավել է ցուցանիշները, գյուղատնտեսություն, սակայն, տարին բացասական հաշվեկշռով է ամփոփել։

Առանձին ապրանքախմբերի վիճակագրությունն էլ կա. ՏՏ ոլորտում, օրինակ, ծրագրային ապահովման ուղղությունն է մեծ տեմպերով աճում։ Չնայած ծխախոտի դեմ պայքարի հայտարարություններին՝ այս ոլորտը նույնպես ծաղկում է, ոսկերիչների թվերն էլ պակաս տպավորիչ չեն։ Էլեկտրոնային սարքավորումների արտադրությունը մինչդեռ անցած տարի կրճատվել է, հրուշագագործներն էլ դժգոհելու պատճառ ունեն, ավելի քիչ քաղցրավենիք են թխել։

Թե այս միտումները ինչ կբերեն հետագայում, տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Ամբերդ» կենտրոնի փորձագետ Նարեկ Կարապետյանի խոսքով՝ մեծապես կախված է մեկ հանգամանքից՝ կկարողանա՞ Հայաստանն օգուտները հնարավորությունների վերածել, թե ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG