Մատչելիության հղումներ

ՏՏ ոլորտին արտոնություններ տվող նախագիծն, ըստ պատգամավորների, թերի է և կարող է այլ աշխատողների մոտ հարցեր առաջացնել


Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հերթական արտոնությունը տրամադրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։ Հանրային քննարկման դրված նախագծով՝ եթե ՏՏ ոլորտում աշխատող ընկերության 80 տոկոսից ավելի եկամուտը գալիս է արտասահմանից, ապա նրա աշխատողները 20-ի փոխարեն կվճարեն 5 տոկոս եկամտահարկ։

Էկոնոմիկայի նախարարությունից առաջարկը հիմնավորում են դոլարի ու այլ արտարժույթների կտրուկ արժեզրկմամբ։

2022 թվականի տարեսկզբից նկատվող և այժմ պահպանման միտում ունեցող արտարժույթների, հատկապես դոլարի արժեզրկումն ուղղակի բացասական ներգործություն ունի Հայաստանի այն տնտեսվարողների գործունեության վրա, որոնց ֆինանսական հոսքերի գերակշռող մասը ձևավորվում է արտասահմանյան գործընկերների հետ հարաբերությունների արդյունքում, նշում են գերատեսչությունից։

Ըստ նախարարության՝ դոլարի շուրջ 20 տոկոս արժեզրկման հետևանքով համապատասխան ծավալով կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը՝ խոչընդոտելով կազմակերպությունների բնականոն զարգացմանն ու առաջխաղացմանը։ Միևնույն ժամանակ, սակայն, գերատեսչությունից հստակ թվեր չեն նշում, թե ինչ ազդեցություն է ունեցել դրամի արժևորումը հայաստանյան տնտեսության վրա, կամ ինչ ազդեցություն կունենա իրենց առաջարկը, եթե իրականություն դառնա։

«Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է բերում մերկապարանոց, տակը մի հատ նորմալ թվային հաշվարկ չկա, օրինակ՝ պարտավոր են օրենքի ուժով տան տնտեսական ազդեցության գնահատական։ Չկա դա, այսինքն՝ ինչ կտա դա ոլորտին, ինչքան կկանխարգելի ռիսկերը, ինչ նոր հնարավորություններ կամ վնասներ կընձեռի, թվային պատկեր է պետք, որ, ի վերջո, զիջում են հանրության միջոցը», - ասում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից մասնագիտությամբ տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Նա նկատում է՝ նախագծում նշված չէ նաև, թե պետական բյուջեի վրա այս փոփոխությունն ինչ կարժենա։ Միայն մեկ նախադասությամբ նախարարությունից տեղեկացնում են, որ դրա ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների նվազում. - «Եթե պոպուլիզմը և այդ մանիպուլյացիան վրայից հանում ես, չգիտես՝ ինչ անորոշություն է։ Գուցեև ինչ-որ մի դրական կամ դրականն ավելի շատ լինի, քանի բացասականը, բայց այսպես փորձարկումներով տնտեսական քաղաքականություն չի լինում, հատկապես այն իրավիճակում, որում մենք գտնվում ենք, այն աշխարհաքաղաքական ռիսկեր, տարբեր ռիսկեր, և միշտ չէ, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված մենք լրացուցիչ և մեզանից անկախ օգուտներ ենք ստանալու»։

Իշխող ուժի ներկայացուցիչ Բաբկեն Թունյանն էլ ոգևորված չէ Էկոնոմիկայի նախարարության առաջարկությամբ. - «Կողմ չեմ, որ մենք ընդհանրապես հարկային արտոնությունները խորացնենք, որովհետև դրանք հարկային միջավայրն ընդհանրապես աղավաղում են»։

Մասնագիտությամբ տնտեսագետ պատգամավորն ասում է՝ արտարժույթի տատանումների հետևանքով մեկ ոլորտ չէ տուժել միայն։

«Արտարժույթից տուժել են ոչ միայն ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, այլև հանքարդյունաբերության և բազում այլ ոլորտների, և մենք վերջերս կառավարության որոշմամբ աջակցություն ցուցաբերեցինք ՏՏ ոլորտին, ու բնական է, որ այստեղ հարցեր են առաջանալու, թե ինչու ենք մենք այսպես ասած՝ խտրական վերաբերմունք ցուցաբերում», - նշեց «Քաղաքացիական պայմանագրի» անդամը։

Թադևոս Ավետիսյանն էլ է թվում այն ոլորտները, որոնց ևս անհրաժեշտ է աջակցություն։ Ընդդիմադիր պատգամավորը շեշտում է՝ դրամի արժևորման հետևանքով արտահանմամբ զբաղվող գրեթե բոլոր ընկերություններն են վնասներ կրում։ Ըստ նրա՝ պետությունը խնդիրը պետք է լուծի ոչ թե նման ժամանակավոր միջոցներով, այլ պետք է գրագետ արժութային քաղաքականություն վարի։ Ավետիսյանը պնդում է՝ նաև կառավարության սխալ քաղաքականության հետևանքն է դոլարի նման կտրուկ արժեզրկումը։

«Շան գլուխն այստեղ թաղված է արժութային քաղաքականության մեջ։ Ի վերջո, պետք է հասկանան, որ այս արժութային անընդհատ գնաճը զսպելու համար ազգային արժույթը արժևորել և գերարժևորած պահելը բերում է երկարաժամկետ տնտեսական բացասական հետևանքներ, հարված մեր տնտեսական հենասյուներից հիմնականին՝ արտահանելի հատվածին», - նշեց նա։

ՏՏ ոլորտը Հայաստանում արդեն ունի որոշակի արտոնություններ. մինչև 30 աշխատակից ունեցող ՏՏ ոլորտի ընկերությունները 20-ի փոխարեն վճարում են 10 տոկոս եկամտահարկ։

«Այս պահին արդեն ՏՏ ոլորտի համար գործող արտոնություն ունենք, խոսքը վերաբերում է փոքր ընկերություններին, որոնք նոր են ու մինչև 30 աշխատող ունեն։ Իրենց գծով, եկամտահարկի, շահութահարկի գծով արտոնություններ կան։ Դա մենք մի տարով երկարացրինք, ավելի գլոբալ և մշտական նման փոփոխություն անելը լրացուցիչ քննարկումների կարիք ունի՝ 5 տոկոս եկամտահարկը, բնական է, որ պիտի այլ մասնագիտությունների կամ այլ ոլորտների աշխատողների մոտ հարցեր առաջացնի», - հավելեց Բաբկեն Թունյանը։

Նախորդ տարի ռուս-ուկրաիանական պատերազմից հետո դոլարի կտրուկ արժեզրման հետևանքով կառավարությունը հայտարարեց ՏՏ ոլորտին շուրջ 25 միլիոն դոլարի աջակցություն տրամադրելու մասին։ Արդյոք այս օգնությունն օգնեց ՏՏ ընկերություններին խուսափել փակվելուց կամ քիչ վնասներով գործել, հստակ պաշտոնական թվեր չկան։




Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG