Մինչ Հայաստանի արտգործնախարարը թուրքական լրատվամիջոցին վստահեցնում էր, թե Երևանը, Անկարան ու Բաքուն երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղությանն ու կայունությանը, թուրք պաշտոնյան Բաքվից հայտարարել է՝ Հայաստանը պետք է խելքի գա և առաջին հերթին հենց դա պետք է անի։
Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, այժմ թուրքական խորհրդարանում պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի այս հայտարարությունը հնչում է հայ-թուրքական բանակցություններից բառացիորեն մի քանի օր անց։ Թուրք պաշտոնակիցների հետ հանդիպումները Երևանը դրական է գնահատել։ Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը, սակայն, այդպես էլ չի հստակեցրել՝ ինչո՞ւ է Անկարան ձգձգում երկկողմ պայմանավորվածությունները, միայն շեշտել էր՝ Հայաստանի մեղքով չէ:
«Մենք մեր կողմից մեր անելիքը արել ենք և սպասում ենք, որպեսզի թուրքական կողմը կատարի պայմանավորվածությունները», - ասել է Ռուբինյանը:
Եվ մինչ Երևանում սպասում են երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանն ուղղված Անկարայի քայերին, Էրդողանի մերձավոր դաշնակիցը Բաքվում թուրք-ադրբեջանական միասնական բանակի ստեղծման աշխատանքներից է խոսել և հավաստիացրել՝ գործընթացը շարունակվում է:
«Մեր երկու երկրները պետք է շարունակեն պաշտպանության ոլորտում միասին գործել։ Այդ աշխատանքի հաջողության գրավականներից մեկը համատեղ զորավարժությունների անցկացումն է», - ասել է Թուրքիայի ռազմական գերատեսչության նախկին ղեկավարը:
Աքարը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ղեկավարում էր թուրքական զինուժը, Երևանին հիշեցրել է վերջին պատերազմների հետևանքները և դարձյալ ընդգծել Անկարայի դերակատարությունը Ադրբեջանի ռազմական հաղթանակներում:
«Շուշիում ծածանվում է Ադրբեջանի եռագույն դրոշը։ Հայաստանն առաջիկայում պետք է գիտակցի իրականությունը և ընդունի այդ փաստերը, պետք է հնարավորինս արագ սեղմի Ադրբեջանի մեկնած ձեռքը», - պնդել է թուրք պաշտոնյան:
Երևանն էլ հայտարարում է, որ ինքն է մեկնել իր ձեռքը, բայց Ալիևի վարչակազմը չի շտապում սեղմել այն: Կողմերը մեկ ամիս առաջ են հայտարարել խաղաղության պայմանագրի համաձայնեցման մասին, բայց փաստաթղթի ստորագրման համար Ադրբեջանը պահաջում է, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունն ու լուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Սրան զուգահեռ՝ արդեն մի քանի շաբաթ է Երևանը սուտ է որակում Բաքվի մեղադրանքները, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի ռազմական գերատեսչությունն է լուսանկարներ հրապարակել՝ ցույց տալու, որ ադրբեջանցի զինվորականներն են թիրախավորել Սյունիքի մարզի բնակակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները։
Թուրքիայի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյան այս հարցին էլ է անդրադարձել՝ բռնելով Բաքվի կողմն ու Հայաստանին մեղադրելով հրադադարի խախտումների համար:
«Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները Ադրբեջանի հետ սահմանին զուր ջանքեր են։ Դրանով ոչնչի չի հասնի», - ասել է նա:
Հուլուսի Աքարն ընդգծել է՝ այսօր աշխարհում ուժերի համաշխարհային հավասարակշռությունը փոխվել է, ավելացել են հակամարտությունները:
«Անհրաժեշտ է հաշվի առնել համաշխարհային իրադարձությունների ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա: Ազգային անվտանգության ապահովումը հնարավոր է միայն ուժեղ բանակի առկայությամբ : Սրա ապացույցն է Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում։ Ղարաբաղյան հաղթանակը օրինակ դարձավ ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև թյուրքական աշխարհի, ամբողջ աշխարհի համար», - պնդել է Աքարը:
Աշխարհում այս պահին ստեղծված պայմաններում հուսալի ապավենը բանակն է, եզրափակել է թուրք պաշտոնյան: