Առավոտյան Երևանի քաղաքապետարանի մի քանի պաշտոնյաներ են ձերբակալվել: Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է ձերբակալությունների փաստը, բայց հրաժարվում հստակեցնել՝ քանի հոգի են պաշտոնյաները, ովքեր են, ինչի մեջ են կասկածվում: Կոմիտեի խոսնակը միայն հայտնեց՝ գործողություններն իրականացվում են քննվող վարույթի շրջանակներում:
«Ազատության» տեղեկություններով, սակայն, ձերբակալվածներից մեկը Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանն է: 50-ամյա նախկին բարձրաստիճան ոստիկանը 2019 թվականից Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավարն է:
Ձերբակալությունների վերաբերյալ տեղեկությունն առաջինը հրապարակած քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ մեկնաբանություն չի տալիս: Իսկ ֆեյսբուքյան իր էջում միայն գրել է. «Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»։
«Ազատության» տեղեկություններով՝ 7 մարդ է ձերբակալվել, նրանց թվում են նաև քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, նույն վարչության տարածքային բաժնի պետ Միքայել Ղիմոյանն ու վարչության պետի տեղակալ Արամ Այվազյանը: Մյուս երեքի անունները ճշտել չի հաջողվել: Հակակոռուպցիոն կոմիտեից ոչ հաստատում, ոչ էլ հերքում են այս տեղեկությունը: «Ազատության» աղբյուրները նաև նշում են, որ կոռուպցիոն բնույթի քրգործ է հարուցվել՝ կաշառք տալն ու ստանալը:
Քաղաքապետարանում ու վարչական շրջաններում վերջին շրջանում էլի ձերբակալություններ են եղել:
Մոտ 3 ամիս առաջ իրավապահները Կենտրոնի թաղապետարանում էին, չորս հոգու էին կալանավորել՝ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և քաղաքացու կողմից կաշառք տալու մեղադրանքով: Դրանից առաջ էլ քննիչները Արաբկիրի թաղապետարանից բերման էին ենթարկել վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանին, ըստ նախաքննական մարմնի՝ նա մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով, մեղադրանքը չի ընդունում: Այս գործով ևս 12 մեղադրյալ կա, բայց նրանք բոլորն արդեն ազատության մեջ են, իսկ Արաբկիրի թաղապետն արդեն 8 ամիս է, ինչ բանտում է: Այս գործն արդեն դատարանում է:
Իսկ այսօրվա ձերբակալությունների մանրամասները Հակակոռուպցիոն կոմիտեն հավանաբար վաղը կհայտնի: