Քաղաքացին ահազանգում է՝ երևանյան տրանսպորտում իրեն առանց հիմքի տուգանել են: Մի քանի շաբաթ առաջ գործի անցած հսկիչներն արդեն հասցրել են պատմության մեջ ընկնել: «Ազատությանը» դիմած քաղաքացին, ձեռքի տակ ապացույց ունենալով, պնդում է՝ թեև իր բանկային քարտով վճարել է ուղևորության համար, սակայն հսկիչներն իրեն չվճարելու համար տուգանել են՝ վարչական պատասխանատվության ենթարկել.
«Իմ քարտը վերցրեց ձեռքը, ինքը իմ քարտը նայեց, տեսավ՝ ես վճարել եմ, բայց քանի որ երևի նկարում էր, երևի չգիտեմ՝ ինչ էր, տրամադրություն չուներ, դուք չեք վճարել, ասում է: Նույնականացրեց, ես ասացի՝ դու իրավունք չունես ինձ նկարել, որովհետև ես վճարել եմ», - պատմում է Կարինե Գրիգորյանը:
Նա այս պատմության մեջ նախօրեին է ընկել՝ 97 համարի ավտոբուսում: Պնդում է՝ առաջացել է, վճարել ու նստել, քիչ անց երկու հսկիչ է բարձրացել, իր կողքին նստած կնոջը տուգանել են, հետո հենց իր բանկային քարտն են վերցրել, մոտեցրել վալիդատորին, հաստատող ազդանշանից հետո հսկիչը պնդել է՝ նոր միայն վճարված է, ու տուգանքի ակտը կազմել:
«Ասում եմ՝ տղա՛ ջան, իրավունք չունես ինձ նկարես, տուգանես, որովհետև ես օրինական վճարել եմ, ես անվճարունակի տեսք ունե՞մ: Տուգանեց ու իջավ», - ասաց կինը:
Կարինե Գրիգորյանը պնդում է՝ հսկիչները ո՛չ որևէ փաստաթուղթ են ներկացրել, թե ովքեր են, ո՛չ հատուկ համազգեստ են ունեցել, իր բանկային քարտն էլ մի քանի րոպե նրանց ձեռքում է եղել:
Ինչ իրավունքով են հսկիչները քաղաքացու բանկային քարտը վերցրել, որի տվյալները գաղտնիք են՝ քաղաքապետարանից չեն պարզաբանում:
97 համարի ավտոբուսում տեղի ունեցածից հետո Կարինե Գրիգորյանն արագ է կողմնորոշվել, անհապաղ գնացել է բանկ ու գործարքների քաղվածք վերցրել, ապացույցն այժմ կնոջ ձեռքին է, սևով սպիտակի վրա գրված է՝ մեկ անգամ քարտից 150 դրամ 14:40-ին է գանձվել, մեկ անգամ էլ՝ 10 րոպե անց: Փաստաթուղթը հաստատում է կնոջ պատմությունը: Վճարում է կատարվել երկու անգամ:
Պարզաբանումների համար քաղաքապետարան դիմեցինք: Ընդունեցին՝ գուցե տեխնիկական խնդիր է եղել: Ասացին՝ կծանոթանան այդ փաստաթղթին և ամենայն հավանականությամբ տուգանքը կչեղարկեն: Քաղաքապետարանից, սակայն, ներողություն չեն խնդրում կատարվածի համար: Հսկիչների սխալի պատճառով կնոջ ծախսած նյարդերն ու փչացած օրը ոչ ոք հետ չի բերի: