Նուբարաշենի աղբավայրում մի քանի օր տևած հրդեհներն այսօր մարել են, սակայն թունավոր ծուխը շարունակում է տարածվել ոչ միայն հարակից համայնքներում, այլև՝ կիլոմետրեր հեռու։ Աղբավայրի անմիջապես հարևանությամբ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում ամենից շատն են հրդեհների վնասը զգում։
«Կարող է խեղդվես անգամ, եթե չպաշտպանվես», - ասաց բնակիչներից մեկը:
Նուբարաշենցիներն ասում են՝ հրդեհի թեժ ընթացքում ամբողջ թաղամասը մշուշով է պատվում՝ ճիշտ խիտ մառախլապատ եղանակի պես։ Տապին ստիպված պատուհաներն ու դռները փակում են, որ թունավոր ու տհաճ հոտը չշնչեն, չնայած շատերը օդորակիչ չունեն։ Նշում են՝ գիշերները չեն կարողանում քնել:
Նուբարաշենցիները «սարսափելի» բառով են բնութագրում այն, ինչ վերջին օրերին տեսնում են, շեշտում են՝ ամեն տարի նույնն է, ամռան շոգին աղբավայրը սկսում է վառվել։
«Շատ սարսափելի վիճակ է, հազիվ ենք դիմանում, ամեն երեկո նույն վիճակն է», - հավելեց մեկ այլ քաղաքացի:
Նուբարաշենին հարևան Էրեբունիում էլ ոչ միայն վառված թափոնների տհաճ հոտն են զգում, այլև հենց ծուխն են տեսնում։
Հրդեհները, ըստ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատար Վահե Վարդապետյանի, շոգից են, ապակու մնացորդներից բռնկումներ են տեղի ունենում, նաև աղբի տակ մեծ քանակությամբ մեթան գազ է կուտակվում, որն էլ նպաստում է կրակի տարածմանը։ Պաշտոնյայի խոսքով՝ վերջին օրերին հրդեհը մարող 7 մեքենա է ներգրավվել աշխատանքներին, երեք տասնյակ հրշեջ հերթափոխով փորձել է մարել կրակը, համայնքային երեք տասնյակ ինքնաթափեր ու ամբարձիչներ էլ հող են տեղափոխում, որ կանխեն հետագա բռնկումները։
«Մոտավորապես 500 տոննա ջուր է մատակարարվել, հրդեհաշիջում է արվել, կրակ ընդհանրապես չունենք, ծխացող օջախներ ունենք, այս պահին կոնկրետ հողալցման աշխատանքներ են իրականացնում», - ասաց նա:
1950-ակններին ձևավորված աղբանոցն Հայաստանում ամենամեծն է համարվում. ավելի քան 52 հեկտար՝ ֆուտբոլի 72 դաշտի չափ տարածք զբաղեցնող աղբավայր տարեկան ավելի քան 300 հազար տոննա թափոն է տեղափոխվում, այդ թվում՝ վտանգավոր, ինչպես օրինակ մարտկոցներ, սննդիկով ջերմաչափեր, էլեկտրոնային սարքավորումներ։ Աղբանոցը որևէ միջազգային չափանիշի չի հաապատասխանում, աղբը չի տեսակավորվում, բաց աղբավայրն անգամ ցանկապատված չէ.
Գիտական ուսումնասիրություններն են փաստում՝ նման տեսակի աղբանոցներում թափոնների այրումներից արտանետվող ծանր մետաղներն ու գազերը սրտանոթային շնչառական, սրտանոթային ու քաղցկեղային հիվանդությունների առաջացման հնարավոր պատճառներից են։ Օրինակ, ըստ այդ ուսումնասիրություններ՝ որոշ պլաստմասսաներ արտանետում են հատկապես քաղցկեղածին կամ թունավոր գազեր: Ընդ որում՝ պլաստմասսաների այրումից արտանետվող թունավոր նյութերը կարող են մնալ նույնիսկ հրդեհի ծուխն ու հոտը ցրվելուց հետո։
Բոստոնի հետազոտական մասնավոր համալսարանի տվյալներով՝ պլաստմասսան նաև այլ հիվանդությունների ռիսկն է բարձացնում բնակիչների շրջանում. «Պլաստմասսայի այրումը կապված է նաև սրտի հիվանդությունների, շնչառական խնդիրների և նյարդաբանական խանգարումների ռիսկի բարձրացման հետ: Բաց այրումից առաջացող մոխիրը կարող է պարունակել դիօքսիններ, ծանր մետաղներ և այլ թունավոր նյութեր, որոնք, նստելով գետնին, աղտոտում են հողը, ստորգետնյա ջրերը և, հետևաբար, շրջակա միջավայրը շրջապատող օրգանիզմները և դրանց համապատասխան սննդային շղթաները»:
Աղբավայրից արտանետվող գազերն իրենց վրա զգացող նուբարաշենցիները քաղաքային իշխանություններից էլ պարբերաբար խոստումներ են լսում, որ աղբավայրը փակվելու է, ու նորն է գոործարկվելու՝ ժամանակակից աղբավայր, թափոնների տեսակավորման հնավորությամբ։ Առայժմ ասում են՝ խոստումներից այն կողմ ոչիչն չի փոխվում։
Գործող քաղաքապետ Տիգրան Ավինյանի թիմն էլ էր խոստացել, կոնսերվացնել աղբավայրը, դրա փոխարեն 2024-ին սկսել ժամանակակից ստանդարտներով աղբավայրի կառուցումը։ Դրա շինարարությունը սկսելու համաձայնագրի ստորագրման հայտարարված ժամկետներն անգամ առնվազն երեք անգամ հետաձգվել են։