Մատչելիության հղումներ

Վեճ, քաշքշուկ. Երևանի քաղաքապետարան հատուկջոկատայիններ են ժամանել (լրացվող, տեսանյութ)

Լրացված

11:51

Երևանի քաղաքապետարանում շարունակվում է տրանսպորտի սակագնի հարցի քննարկումը: Մինչ այդ ընդմիջում էր հայտարարվել՝ պայմանավորված դահլիճում լարված իրավիճակով:

11:48

Ավագանու ընդդիմադիր անդամ Սամվել Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իրենք այստեղ եկել էին բովանդակային զրույցի, ոչ թե վեճի:

Մանուկ Սուքիասյանն էլ հավելեց, որ ավագանու անդամին չեն կարող հեռացնել, քանի որ նախապես, ըստ կանոնակարգի, զգուշացում չի եղել, խուսափողը չի անջատվել:

Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը տեղեկացրեց, որ չեն պատրաստվում մասնակցել այս քննարկմանը պայմաններում, երբ իրենց գործընկերոջ նկատմամբ փորձում են բիրտ ուժ կիրառել:

11:40

Քիչ առաջ այստեղ եկան հատուկջոկատայիններ, որպեսզի դահլիճից հեռացնեն Հակոբյանին: Մինչ այդ ընդմիջումը շարունակվում է:

10:15

Երևանի ավագանին արտահերթ նիստ է անցկացնում՝ քննարկելով տրանսպորտի սակագնի հարցը: Նիստը, սակայն, առանց վեճի ու քաշքշուկի չանցավ։ Ավագանու անդամները քննարկման ընթացքում սկսեցին քաշքշել միմյանց: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դահլիճ ոստիկանություն հրավիրեց:

«Խուլիգանությունն այս դահլիճում չի ընդունվելու», - ասաց նա՝ արգելելով նիստին մասնակցել «Մայր Հայաստանից» Սամվել Հակոբյանին, - «Ով ունի սառույցի կարիք, մի հատ դուրս եկեք, սառույց դրեք գլխներիդ, հանգստացեք»:

Հակոբյանն ավելի ուշ ասաց, որ իր համար անթույլատրելի է քաղաքապետի արտահայտությունը. ««Իա»-ն իր պատասխանն ունի։ Ես այստեղ կռիվ անելու համար չեմ, այլ իրենց ապիկարությունը ի ցույց դնելու»:

Արտահերթ նիստի քվորումն ապահովեցին «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» ու «Հանրային ձայն» խմբակցությունները:

Նախագծում նշված է, որ բնակչության կողմից տոմսային միասնական համակարգին անցումը կատարելու և համակարգի անցումը սահուն ապահովելու նպատակով նախատեսվում է փոխադրավարձի նոր սակագին` 150 դրամ:

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ նախագծի հաստատման արդյունքում փետրվարի 1-ից բացի ուղևորության համար նոր ուղետոմսից՝ 150 դրամ արժեքով, նաև հունվարի 1-ից մինչև փետրվարի 28-ն արդեն իսկ ձեռքբերված տոմսերը հավելյալ ստանալու են 30-օրյա օգտագործման ժամկետ:

Պատասխանելով հարցերին՝ Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց, որ 300 դրամանոց արժեքը չեն դարձնում 150, այլ՝ ավելացնում են մեկ ուղևորության համար 150 դրամ արժեքը:

Փոխադարձ վիրավորանքների պատճառ դարձավ հենց 300 դրամ արժեքով մեկանգամյա ուղևորության տոմսը, որը քաղաքային իշխանությունը մանիպուլյացիա է որակում, մինչդեռ քվորումից հետո նիստին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստանը» հակառակն էր պահանջում:

Ինչ վերաբերում է տեխնիկական խնդիրներին, որոնց մասին ևս բարձրաձայնեցին ավագանու անդամները, ապա Սուրեն Գրիգորյանն ասաց, որ չեն արձանագրել դեպք, երբ քարտը չի ճանաչել վալիդատոր սարքը, ապա ավելի ուշ այն գումար է գանձել, ինչի մասին խոսեց ավագանու անդամը: Նա հորդորեց նման դեպքերը ներկայացնել իրենց:

Քաղաքապետը ավելի վաղ հայտնել էր, որ արդեն գնված փաթեթները կերկարաձգվեն:

Նոր սակագները նախատեսվում են վաղվանից՝ փետրվարի 1-ից:

«Մայր Հայաստան» և «Ազգային առաջընթաց» խմբակցությունները շարունակում են պահանջել պահպանել 100 դրամ սակագինը:

XS
SM
MD
LG