Էջմիածնում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 1 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում, «Ազատության»-ը փոխանցել են Քննչական կոմիտեից։
Դեպքից միայն 7 օր անց է քննչականը հաղորդում, որ մեղադրյալին չեն հայտնաբերել և հետախուզում են հայտարարել։
Սպանությունը տեղի է ունեցել մարտի 22-ին՝ Էջմիածնի ՔՊ-ական համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրայրի գազալցակայանում։ Ըստ ՆԳՆ-ի, նախնական տվյալներով, Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, արդյունքում՝ տղամարդը կրակոց է արձակել 35-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ: Պարոնյանը բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է։
«Հետք»-ի տեղեկություններով՝ սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա «Ճապ» մականունով Կարեն Բադալյանը։
Ըստ «Հետք»-ի՝ սպանված Արթուր Պարոնյանը «մի քանի ամիս առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչն էլ նրա մոտ խորը հետքեր է թողել»: Թե ի՞նչ թեմայի շուրջ են վիճել սպանվածն ու քաղաքապետի ամուսինը և ի՞նչ կապ ունի, ըստ «Հետք»-ի, սպանության համար կասկածվող Բադալյանը ՔՊ-ական քաղաքապետի ընտանիքի հետ, առայժմ պարզ չէ։
Քննչականը չի նշում, թե ով է մեղաղրյալը, արդյոք հենց Կարեն Բադալյանն է։
Դիանա Գասպարյանի ՔՊ-ական ավագանու անդամ ամուսինը մինչև հիմա չի մեկնաբանել իր ընտանիքին պատկանող գազալցակայանում տեղի ունեցած սպանությունը, իսկ Գասպարյանն ընդամենը փոխանցել է, որ երկրում չի եղել, տեղյակ չէ կատարվածի մանրամասներին։
Իրավապահներն օրերս խուզարկել են Գասպարյանի բնակարանը: Նրանք փնտրում էին գազալցակայանի տեսախցիկների կրիչները, սակայն «ոչինչ չեն հայտնաբերել»: Դիանա Գասպարյանի պնդմամբ, 2019 թվականին բացված գազալցակայանի տարածքը եղել է նորոգման մեջ և տեսախցիկներով կահավորված չի եղել, դա նախատեսվում էր անել վերանորոգումից հետո: