Մատչելիության հղումներ

Իրավապահներն օրերս խուզարկել են Դիանա Գասպարյանի բնակարանը, «ոչինչ չեն հայտնաբերել»


Իրավապահներն օրերս խուզարկել են Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանի բնակարանը: Նրա սկեսրայրին պատկանող գազալցակայանում 35-ամյա տղամարդու սպանությունից հետո իրավապահները փնտրում էին այդ նույն գազալցակայանի տեսախցիկների կրիչները:

ՔՊ-ական քաղաքապետի խոսնակի փոխանցմամբ, սակայն, «ոչինչ չեն հայտնաբերել»: Դիանա Գասպարյանը պնդում է, թե 2019 թվականին բացված գազալցակայանի տարածքը եղել է նորոգման մեջ և տեսախցիկներով կահավորված չէր, դա նախատեսվում էր անել վերանորոգումից հետո:

Ավելի վաղ էլ Վաղարշապատի քաղաքապետը կատարվածի մասին ընդամենն ասել է, որ դեպքի օրը երկրում չէր, տեղյակ չէ մանրամասներին:

«Հետք»-ի տվյալներով՝ սպանված Արթուր Պարոնյանը «մի քանի ամիս առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչն էլ նրա մոտ խորը հետքեր է թողել»: Թե ի՞նչ թեմայի շուրջ են վիճել սպանվածն ու քաղաքապետի ամուսինը և ի՞նչ կապ ունի, ըստ «Հետք»-ի, սպանության համար կասկածվող «Ճապ» մականունով Կարեն Բադալյանը ՔՊ-ական քաղաքապետի ընտանիքի հետ, առայժմ պարզ չէ: Միրզոյանը չի պատասխանում հեռախոսազանգերին:

Իսկ սպանության և ապօրինի զենք կրելու հոդվածով հարուցված գործը քննող Քննչականից 4 օր անց միայն հայտնում են, որ մեղադրյալը ձերբակալված չէ. արդյոք փախուստի մե՞ջ է ու հետախուզո՞ւմ են հայտարարել, չեն մանրամասնում: Չեն բացահայտում նաև մեղադրյալի ինքնությունը: Միայն փոխանցում են, որ նախաքննություն է ընթանում:

Վաղարշապատի ավագանու «Հայրենատէր» ընդդիմադիր խմբակցության անդամ Ջիվան Աբրահամյանը մտահոգված է կատարվածով:

«Երբ ասում էինք՝ սենց-սենց ա վիճակը ու նույն բարքերն են հետ գալու, մարդկանց թվում էր, թե դա մեր քաղաքական շահի համար ենք ասում, բայց այսօր փաստ, երբ Էջմիածնում շրջում ու տեսնում եք՝ նույն բանն ա, նույն իրականությունն ա ու իրականությունը չի փոխվել», - ասաց Աբրահամյանը:

Դիանա Գասպարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանը գտնվում է Վաղարշապատին մոտ՝ Արտիմետ գյուղի սկզբում: Այն շաբաթ օրվանից չի աշխատում, մուտքը ոստիկանական ժապավենով փակ է քննչական գործողությունների համար:

«Ազատություն»-ը դեռ փետրվարին էր պարզել, որ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր էր կնքել սկեսրայրի՝ անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի հետ` սպանության դեպքի վայր դարձած այս գազալցակայանից համայնքի համար սեղմված բնական գազ գնելու համար:

Այս գործարքը Գասպարյանի դեմ վարույթի հարուցման պատճառ է դարձել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այժմ քննում է այն ու եթե խախտում հայտնաբերի, Վաղարշապատի քաղաքապետին կտուգանի ընդամենը 300 հազար դրամով:





XS
SM
MD
LG