Մատչելիության հղումներ

Սկեսրայրի գազալցակայանում սպանությունից Դիանա Գասպարյանը «տեղյակ չէ, երկրում չէր»


Վաղարշապատի ՔՊ-ական քաղաքապետի սկեսրայրին պատկանող գազալցակայանում շաբաթ օրը տեղի ունեցած սպանության գործով արդեն մեկ մեղադրյալ կա: Թե ով է նա, Քննչական կոմիտեն չի մանրամասնում: «Ազատությանը» միայն փոխանցեցին, որ մեկ հոգու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ սպանության և ապօրինի կերպով զենք կրելու հոդվածներով: Իրավապահները չեն հայտնում նաև, թե արդյոք մեղադրյալին գտել ու ձերբակալել են:

Քաղաքապետ Դիանա Գասպարյանն ու ամուսինը՝ ՔՊ-ական ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը, մինչև հիմա լուռ են: Միրզոյանը զանգերին չի պատասխանում, քաղաքապետն էլ ընդամենը խոսնակի միջոցով փոխանցեց՝ երկրում չէր, տեղեկություններ չունի:

Վաղարշապատի փողոցներում փակցված սև ժապավենին 35 տարեկան սպանվածի անունն է՝ Արթուր: Ըստ ՆԳՆ-ի, գազալցակայանում գիշերը վեճ է եղել, կրակել են Արթուր Պարոնյանի ուղղությամբ, նա հիվանդանոցում մահացել է:

«Հետք»-ի տեղեկություններով՝ սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա «Ճապ» մականունով տղամարդը:

«Հետք»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սպանված Արթուր Պարոնյանը «մի քանի ամիս առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչն էլ նրա մոտ խորը հետքեր է թողել: Թե ի՞նչ թեմայի շուրջ են վիճել սպանվածն ու ՔՊ-ական ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը. և ի՞նչ կապ ունի արդյոք «Ճապ» մականունով տղամարդը՝ Կարեն Բադալյանը ՔՊ-ական քաղաքապետի ընտանիքի հետ, պարզ չէ, Քննչականն էլ չի մանրամասնում՝ արդյո՞ք մեղադրյալը հենց նա է՝ Կարեն Բադալյանը:

«Երբ ասում էինք՝ սենց-սենց ա վիճակը ու նույն բարքերն են հետ գալու, մարդկանց թվում էր, թե դա մեր քաղաքական շահի համար ենք ասում, բայց այսօր փաստ, երբ Էջմիածնում շրջում ու տեսնում եք՝ նույն բանն ա, նույն իրականությունն ա ու իրականությունը չի փոխվել», - ասաց «Հայրենատէր» խմբակցության անդամ Ջիվան Աբրահամյանը:

Մինչ Էջմիածնի ավագանու ընդդիմադիր «Հայրենատէր» խմբակցության անդամ Ջիվան Աբրահամյանը մտահոգված է կատարվածով, ՔՊ-ական քաղաքապետը հարցազրույց տալ չցանկացավ: Մեր հարցին էլ՝ Հայաստան վերադառնալուց հետո չի՞ հետաքրքրվել ընտանիքի անդամներից տեղի ունեցածի մասին, խոսնակը կրկնեց՝ դեպքի մասին մանրամասներ չգիտի:

Դիանա Գասպարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանը գտնվում է Վաղարշապատին մոտ՝ Արտիմետ գյուղի սկզբում: Շաբաթ օրվանից այն չի աշխատում, մուտքը ոստիկանական ժապավենով փակ է: «Ազատության» այցելության պահին ներսում աշխատողներ կային, որոնք չցանկացան հարցազրույց տալ, բայց ասացին՝ ոչնչից տեղյակ չեն, դեպքը գիշերն է եղել, իրենք էլ՝ տանը:

Տարածքում էր նաև մի ավտոմեքենա, որը դեպքի օրից այստեղ է: Արդյոք գազալցակայանի տիրոջ ավտոմեքենա՞ն է, պարզ չէ:

«Ազատություն»-ը դեռ փետրվարին էր պարզել, որ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր էր կնքել սկեսրայրի՝ անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի հետ, այս գազալցակայանից համայնքի համար սեղմված բնական գազ գնելու համար: Այս գործարքը Գասպարյանի դեմ վարույթի հարուցման պատճառ է դարձել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այժմ քննում է այն ու եթե խախտում հայտնաբերի, Վաղարշապատի քաղաքապետին կտուգանի ընդամենը 300 հազար դրամով:




XS
SM
MD
LG