Մատչելիության հղումներ

Գազալցակայանում սպանության դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել


Արտիմետ խճուղի 1 հասցեում գտնվող գազալցակայանը, արխիվ
Արտիմետ խճուղի 1 հասցեում գտնվող գազալցակայանը, արխիվ

Վաղարշապատի ՔՊ-ական համայնքապետ Դիանա Գասպարյանի սկեսրայրի գազալցակայանում մարտի 22-ին տեղի ունեցած սպանության դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ապօրինի կերպով զենք կրելու և սպանության հոդվածներով, «Ազատության»-ը փոխանցեցին Քննչական կոմիտեից։

Ըստ ՆԳՆ-ի, նախնական տվյալներով, Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է եղել, արդյունքում՝ տղամարդը կրակոց է արձակել 35-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ: Պարոնյանը բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է։ Ով է կասկածյալը, իրավապահները չեն բացահայտում:

«Հետք»-ի տվյալներով՝ սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա «Ճապ» մականունով տղամարդը: «Հետք»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Արթուր Պարոնյանը «մի քանի ամիս առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչը խոր հետքեր է թողել»:

Ինչի՞ շուրջ են վիճել Արամայիս Միրզոյանն ու սպանվածը, կապ ունի՞ արդյոք «Ճապ» մականունով տղամարդը ՔՊ-ական քաղաքապետի ընտանիքի հետ. Դիանա Գասպարյանից այս հարցերի պատասխանը «Ազատության»-ը ստանալ դեռ չի հաջողվել։

Այն, որ Արտիմետ խճուղի 1 հասցեում գտնվող գազալցակայանը պատկանում է Վաղարշապատի քաղաքապետի սկեսրայրին, «Ազատություն»-ը պարզել էր դեռ փետրվարին: Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր էր կնքել սկեսրայրի՝ անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի հետ՝ համայնքի համար սեղմված բնական գազ գնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG