Չնայած իշխանությունների հինգ, չորս, երկու, մեկ կամ հենց կես տարի առաջվա հավաստիացումներին, լավատեսությանը՝ Հայաստանն այս տարի էլ է ընդգրկվել Եվրամիության ավիացիոն «սև ցուցակում»։ Հայկականների հետ միասին նաև, օրինակ, աֆղանական, աֆրիկյան օդանավերին է արգելված հատել եվրոպական երկինքը։ Մինչդեռ տարածաշրջանային ոչ մի երկիր ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալության «սև ցուցակում» չկա։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հինգշաբթի օրը այդ ցուցակից դուրս գալու հնարավոր մեկ այլ ժամկետ նշեց. - «Այդ առումով նաև հիմնական նիստը, որը նախատեսված է 2025 թվականի տարեվերջին, մեծ հավանականությամբ՝ նոյեմբեր ամսին, կտա մեր համար ցանկալի հարցերի պատասխանը, և ես հույս ունեմ, որ էդ ցանկալի հարցը կլինի, որ Հայաստանը դուրս գա եվրոպական ավիացիոն «սև ցուցակից»:
Նախարարը տեղեկացրեց՝ եվրոպացի մասնագետներն այս ամսվա սկզբին եկել են Հայաստան՝ ստուգումների, Խուդաթյանի ներկայացմամբ՝ արդյունքները դրական են. - «Ուսումնասիրություններ են իրականացվել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեում և նաև ավիափոխադրող ընկերություններում: Պատկերը բավական լավն է՝ նախնական էդպիսի պատկեր ունենք, որ թերությունների հիմնական մասը, որոնք արձանագրվել են «սև ցուցակում» հայտնվելու ժամանակ, վերացված են»:
Ըստ նախարարի՝ հայկական կողմն անցած տարիներին արել է առավելագույնը ոչ միայն «սև ցուցակից» դուրս գալու համար, այլև՝ հետագայում նման իրավիճակները կանխելու։ Բայց ինչո՞ւ է մինչ օրս երկիրը շարունակում մնալ «սև ցուցակում»՝ Խուդաթյանը հարցին չանդրադարձավ։
Մինչ այդ, նույն ցուցակում Հայաստանի հետ հայտնված մյուս երկրները դրանից դուրս են եկել շատ կարճ ժամկետում։ Թուրքմենստանն, օրինակ, այդ ճանապարհն անցել է ընդամենը մի քանի ամսում։
«Ոլորտի վրա, բնականաբար, բացասական է ազդում, հայկական բիզնեսի վրա է ազդում, քանի որ հայկական ավիաընկերությունները կարող էին հավասար մրցակցություն ապահովելով լինել եվրոպական շուկայում՝ մեծ շուկայում: Այստեղ ոչ թե FlyOne-ի մասին է խոսքը, այլ ընդհանրապես Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերությունների մասին է», - «Ազատության» հետ զրույցում ասաց ավիացիոն ոլորտն ուսումնասիրող Passenger.am ուղևորների իրավունքներով զբաղվող ընկերության համահիմնադիր Վաներ Հարությունյանը:
Հարությունյանը կասկածներ չունի՝ ԵՄ «սև ցուցակի» պատճառով ոչ միայն Հայաստանն է տնտեսական վնասներ կրում, այլև հայաստանցի ուղևորներն են զրկվում հնարավոր ավելի մատչելի ծառայություններից։ Այս պահին եվրոպական երկնքում հայտնվում են միայն հայկական FlyOne-ի ինքնաթիռները, որոնք, սակայն, մոլդովական գրանցում ունեն։
«Նաև այստեղ անհավասարություն է կիրառվում հենց նույն հայկական շուկայում: Եթե FlyOne-ը կարող է այլ երկրների ավիաընկերություններով լիզինգով կամ վարձակալությամբ ինքնաթիռներ վերցնել և եվրոպական շուկա մտնել, ապա ոչ բոլոր հայկական գրանցման ավիաընկերությունները կարող են այդ իրենց թույլ տալ: Բայց եթե ունենային ազատ մուտք եվրոպական շուկա, «սև ցուցակից» դուրս լինեին, ապա կարող էին բոլորը հավասար մրցակցության պայմաններում կատարել բավականին ծավալուն ուղևորափոխադրումներ», - ընդգծեց Passenger.am ուղևորների իրավունքներով զբաղվող ընկերության համահիմնադիրը:
Թե որքան հնարավոր շահույթ են կորցրել հայաստանյան ավիաընկերությունները՝ զրկվելով եվրոպական ուղություններով թռիչքներից, կամ պետությունը, պաշտոնական հաշվարկներ չկան։ Դեռ ամիսներ առաջ այս հարցը խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էր տվել այն ժամանակ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին։
Վաներ Հարությունյանը կարծում է՝ տարիներ շարունակ ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» հայտնվելը ոչ միայն ավիացիայի անվտանգության, այլև տնտեսական քաղաքականության հետևանք է։
«Երկրներ կան, ավիաընկերություններ կան, որոնք ներգրավված չեն, բայց ավելի վատ իրավիճակում է ավիացիոն առումով, նաև անվտանգային խնդիրները՝ դա Ռուսաստանից և Ղրղըզստանից բացի, օրինակ, նշել եմ ես անցյալ տարի, Pakistan International Airlines, կամ Ասիայի տարբեր երկրներում կան, որ ավելի մեղմ վերաբերմունք է «սև ցուցակում», քան թե Հայաստանի դեպքում, որովհետև Հայաստանի դեպքում բոլո՛ր ավիաընկերություններն են», - նշեց Հարությունյանը:
2019 թվականին Եվրամիության Ավիացիոն անվտանգության գործակալության մասնագետները Քաղավիացիայի կոմիտեում այդ թվում թռիչքային անվտագությանն առնչվող գրեթե չորս տասնյակ խնդիրներ էին հայտնաբերել ու ուժեղացված վերահսկողություն սահմանել կոմիտեի նկատմամբ։ Ամիսներ անց արդեն՝ 2020-ին հայաստանյան ավիաընկերությունները ներառվեցին գործակալության ավիացիոն «սև ցուցակում»։ Եվրոպացի մասնագետներն արձանագրել էին՝ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն չի համապատասխանում միջազգային անգամ նվազագույն չափորոշիչներին։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի խոսքով՝ «Եվրոպա թռնելու համար դուք պիտի ունենաք սերտիֆիկացված տեսուչներ՝ եվրոպական ստանդարտների համաձայն, Հայաստանում առայժմ չկա ոչ մի հատ տեսուչ»:
Անվտանգության տեսուչներ անցած տարիներին պատրաստել է կոմիտեն, բայց դեռ ասում են՝ բավարար թվով մասնագետներ չկան։ Քաղավիացիայի ոլորտը կարգավորող մարմնից պատճառաբանում են՝ համապատասխան մասնագետների պակաս կա, նրանց պատրաստման համար էլ ընդհուպ հինգ տարի է պահանջվում։