FlyOne Armenia-ի վերաբերյալ Թուրքիայի ավիացիոն իշխանությունների հայտնի որոշմամբ զբաղվում են Միջազգային քաղավիացիայի կազմակերպությունը՝ ICAO-ն և Հայաստանի արտգործնախարարությունը, այսօր «Ազատությանը» հայտնեցին Քաղավիացիայի կոմիտեից։
Օրերս հայտնի դարձավ, որ թուրքական ավիացիոն իշխանությունները զրկել են FlyOne Armenia-ին՝ Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթներ իրականացնելու հնարավորությունից։
Քաղավիացիայի կոմիտեի Օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի պաշտոնակատար Ստեփան Փայասլյանի խոսքով` ավիաընկերությունը դիմել է իրենց, սակայն Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների և ավիացիոն ոլորտը կարգավորող միջպետական համաձայնագրի բացակայության պատճառով՝ կոմիտեն զրկված է Թուրքիայի Քաղավիացիայի գլխավոր վարչություն ուղիղ դիմելու հնարավորությունից։ Ուստի դիմել է ICAO, Հայաստանի ԱԳՆ ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որի կազմում է գործում կոմիտեն։
«Դեռևս պատասխանը չենք ստացել, գիտեմ, որ հարցը քննարկման փուլում է, թե կոնկրետ ինչ միջոցառումներ են իրականացվում, և ինչ գործողություններ այդ հարցի լուծման ուղղությամբ, մեզ դեռևս հայտնի չեն», - ասաց Ստեփան Փայասլյանը:
Հայաստանի արտգործնախարարություն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղղված «Ազատության» հարցումներին դեռ չեն պատասխանել։
Առայժմ անպատասխան է մնացել նաև Թուրքիայի Քաղավիացիայի գլխավոր վարչություն հասցեագրված մեր նամակը։
Անցած տարի ստեղծված FlyOne Armenia-ի բաժնետոմսերի կեսից ավելին, ըստ մամուլի, պատկանում է Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին փոխկապակցված անձանց, մյուս մասը՝ մոլդովացի երկու նախկին պաշտոնյաների։
Գրեթե մեկ շաբաթ առաջ ընկերությունը հանդես եկավ հաղորդագրությամբ, թե Թուրքիայի ավիացիոն իշխանությունների նման որոշման հետևանքով ստիպված է մինչև այս հունիսի 10 չեղարկել Երևան-Լիոն-Երևան ու Երևան-Փարիզ-Երևան ուղղություններով չվերթերը: Միաժամանակ, Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը շարունակում է իրականացվել։
FlyOne Armenia-ն դեպի Լիոն շաբաթական երկու չվերթ է իրականացրել նախորդ տարվա դեկտեմբերի 18-ից, իսկ դեպի Փարիզ շաբաթական մեկ չվերթ՝ այս ապրիլի 2-ից։
Փայասլյանը «անհասկանալի» բնութագրեց ստեղծված իրավիճակը, երբ ավիաընկերության օդանավը, այսօր էլ Երևանից ուղղություն վերցնելով, կտրում-անցնում է Թուրքիայի գրեթե ողջ օդային տարածքով և վայրէջք կատարում Ստամբուլում, բայց նույն այդ օդանավին արգելված է հատել մինչև Եվրամիության սահման մնացած փոքր հատվածը. «Հիմնականում պետք է այդ ավիաընկերությունը կոնկրետ որոշակի խախտումներ արած լինի, այսինքն` պետք է ընդհանուր կանոններից շեղված լինի, տարբեր տիպի թռիչքի խախտումներ, օդային բարձրության կլինի կամ բեռի տեղափոխման, այսինքն` պետք է խախտումներ թույլ տաս, որոնց արդյունքում ինքն իրավունք կունենա կոնկրետ մի ավիաընկերությանը զրկել: Մենք այս դեպքում որևիցե փաստ չունենք, որ որևիցե տիպի բողոք է ներկայացվել, որ մեր ընկերությունը կամ ընկերությունները որոշակի կանոններ օդային երթևեկության խախտել են»:
Քաղավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանն այսօր չբացառեց, որ FlyOne Armenia-ի մասով Թուրքիայի ավիացիոն իշխանությունների որոշումը կարող է կապված լինել հայաստանյան ավիաընկերությունների վերաբերյալ Եվրահանձնաժողովի երկու տարի առաջ կայացրած որոշման հետ։
«Դա և Հայաստանն է, և Մոլդովան, Ղրղզստանը այս մեր տարածաշրջանում, Աֆղանստանը, Իրանը և աֆրիկյան մի շարք երկրներ ավիափոխադրողներն իրավունք չունեն, Եվրահանձնաժողովի արգելքը կա, որ անվտանգությունից ելնելով: Քանի որ այս FlyOne-ի օդանավը գրանցված է Մոլդովայում, իսկ Մոլդովան էլ այդ արդեն ունի երկրների շարքում, ինչպես և Հայաստանը, ըստ երևույթի ես կարծում եմ` դրա հետ է պայմանավորված Եվրոպա թռիչքներն արգելելը», - նկատեց Շահեն Պետրոսյանը:
Մոտ երկու տարի առաջ Եվրահանձնաժողովի որոշմամբ նաև հայաստանյան բոլոր ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության ավիացիոն թարմացված «սև ցուցակում», քանի որ չէին համապատասխանում Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA-ի չափանիշներին։
Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեից այսօր հայտնեցին, որ այդ ցուցակից հայաստանյան ավիափոխադրողներին դուրս բերելու աշխատանքները շարունակվում են։