Մատչելիության հղումներ

Հայաստանյան ավիաընկերությունները հնարավոր է հայտնվեն Մոլդովայի «սև ցուցակում»


Օդանավակայան Մոլդովայում
Օդանավակայան Մոլդովայում

Հայաստանյան ավիաընկերությունները հնարավոր է հայտնվեն Մոլդովայի ավիացիոն «սև ցուցակում»։ Երկրի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որը նախատեսում է թռիչքների արգելք ավելի քան 20 երկրից, այդ թվում՝ Հայաստանից։

Ըստ լրատվամիջոցների՝ նախագիծը քննարկվելու է հունվարի 9-ին։ Ընդ որում՝ ցանկում ընդգրկված հայաստանյան ավիաընկերություններից և ոչ մեկը դեպի Մոլդովա թռիչքներ չի իրականացնում: Օրինակ՝ «սև ցուցակում» ընկած Skyball-ը բացառապես օդապարիկներով թռիչքներ ունի՝ այն էլ Հայաստանում։ NovAir ընկերությունը Երևան-Կապան ուղղությամբ է թռնում։ Ցանկում հայտնված FlyArna-ն գրեթե մեկ տարի է՝ չի գործում, իսկ մյուս ընկերությունների չվերթները հիմնականում դեպի ռուսական ու իրանական քաղաքներ են։

Հայաստանից, Ռուսաստանից, Աֆղանստանից ու շուրջ երկու տասնյակ այլ երկրներից չվերթների արգելքով մոլդովական իշխանությունները ցանկանում են ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրոպական միության կանոնակարգերին: Հայաստանը 2020-ից է Եվրամիության ավիացիոն «սև ցուցակում»։ Ըստ Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության՝ հայաստանյան գրանցում ստացող ավիաընկերությունները չեն համապատասխանում օդային անվտանգության միջազգային չափանիշներին։

Դեռ 2020-ին Հայաստանի քաղավիացիայից խոստանում էին՝ եվրոպական ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալ երկուսուկես տարում։ Չորս տարի անց գերատեսչությունում հիմա արդեն ժամկետների մասին խուսափում են խոսել։ Կոմիտեի նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանն ամիսներ առաջ «Ազատությանն» ասել էր՝ ավիացիոն անվտանգությունը ստուգող մասնագետներ չունենալու պատճառով Եվրամիությունը շարունակում է արգելել թռիչքները Հայաստանից։ Հենց Հայաստանի քաղավիացիան է թռիչքների լիցենզիաներ տալիս մասնավոր ընկերություններին։

Ըստ պաշտոնյայի՝ եվրոպական գործակալության մատնանշած թերությունների մեծ մասը շտկել են, բայց արդյոք անցած ամիսներին կոմիտեին հաջողվել է նոր տեսուչներ աշխատանքի ընդունել, որպեսզի Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության պահանջը կատարվի, պարզ չէ։ Գերատեսչությունից այսօր չհաջողվեց պարզել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG