Մատչելիության հղումներ

Դավիթ Բաբայանը ձայնային հաղորդագրություն է փոխանցել Բաքվից


Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը մեկուկես տարի Բաքվի բանտում անցկացնելուց հետո այսօր առաջին անգամ ընտանիքի միջոցով հեռախոսով ձայնային հաղորդագրություն է փոխանցել՝ հերքելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունները, թե իբր ինքը դատավարության ժամանակ ասել է, որ հայերն են կազմակերպել Խոջալուի իրադարձությունները:

«Ես ասել եմ լրիվ հակառակը: Ես ասել եմ, որ դրա պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է, և դա եղել է ներիշխանական պայքարի արդյունք, վաղը ես դատական նիստի ժամանակ դրա մասին բարձրաձայնելու եմ», - նշել է Բաբայանը:

Արցախի հայաթափման օրերին Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ Ադրբեջանի պահանջով գնում է Բաքու, Բաբայանն ասել էր, որ իր չներկայանալը կամ փախուստը լուրջ վնաս կհասցնի բազմաչարչար ժողովրդին։ Նախկին արտգործնախարարն այսօրվա ուղերձում չի դժգոհել պահման պայմաններից, այս տեղեկությունը անկախ աղբյուրների միջոցով հնարավոր չէ ստուգել:

«Ընդհանուր առմամբ նորմալ ենք, շատ լավ են վերաբերվում, հատկապես մեկուսարանում որևէ խնդիր չունենք: Մի անգամ նույնիսկ վատ խոսք չեն ասել, մեր մասին մի մտածեք», - նշել է նա:

Մինչդեռ նախկին պետնխարար Ռուբեն Վարդանյանը բարձրաձայնել է կտտանքների մասին: Ծանրագույն մեղադրանքներով Բաքվի դատարանի առջև կանգնած Վարդանյանը երեկ լսել է տուժող ներկայացվող մոտ երկու տասնյակ ադրբեջանցիների: Ըստ պետական լրատվական գործակալության՝ հարցաքննվածների մեծ մասը կա՛մ վիրավորվել, կա՛մ հարազատների է կորցրել Հայաստանի տեղադրած ականների պայթյուններից, նրանք դատարան են գնացել հենակներով: Օրինակ, Հասանլի Ալիև անունով երիտասարդը ցուցմունքում պնդել է, թե Թարթարի գյուղերից մեկում անասուններին արածացնելիս «հայերի տեղադրած ականի պայթյունից» 2024 թվականի փետրվարի 4-ին կորցրել է ձախ ոտքի մի մասը: Սակայն 2024-ի փետրվարին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն արդեն 5 ամիս ազատազրկված էր Ադրբեջանում:

Առանց անկախ փաստաբանների, իրավապաշտպանների ու լրատվամիջոցների ընթացող դատավարության մասին պետական լրատվամիջոցի ռեպորտաժում չի նշվում՝ ի՞նչ կապ ունի ականների տեղադրման հետ Ռուբեն Վարդանյանը:

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Ռուբեն Վարդանյանի թիմակից Մանե Թանդիլյանն ասում է՝ երեկվա նիստը կրկին ցույց է տվել, որ սա ամբողջությամբ բեմադրված ֆարս է:

«Երբ խոսում են՝ Ռուբեն Վարդանյանի տեղադրած ականներից, այդտեղ արդեն դադարում ես ընկալել սա որպես դատավարական գործընթաց, որովհետև ինչպես եք սահմանել՝ հատկապես ում տեղադրած ականները: Ավելորդ է ասել, որ Ռուբեն Վարդանյանը ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ պատերազմին, ո՛չ երրորդ՝ 44-օրյային մասնակից չի եղել որևէ ձևաչափով, անգամ այնտեղ գտնվելու իմաստով: Երբ նա արդեն Արցախում էր գտնվում որպես պետնախարար, ընդամենը 3 ամիս, միայն սոցիալական, հումանիտար ոլորտներն էր նա փորձել համակարգել», - նշեց Թանդիլյանը:

Ականների թեման Բաքուն ակտիվ շրջանառում է 44-օրյա պատերազմից հետո՝ միջազգային հանրությանը կոչ անելով պատասխանատվության ենթարկել Հայաստանին՝ «ականազերծման աշխատանքները միտումնավոր խոչընդոտելու համար»։

Երևանը Բաքվին է փոխանցել ականազերծման քարտեզները, պատրաստակամություն հայտնել նաև ճշգրտել դրանք, բայց Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ քարտեզների ճշգրտությունն ընդամենը 25 տոկոս է:

Ըստ Թանդիլյանի՝ ինչ-որ փուլում այս դատավարությունը շրջվելու է ուղիղ Հայաստանի դեմ

Մանե Թանդիլյանի համոզմամբ՝ ինչ-որ փուլում այս դատավարությունը շրջվելու է ուղիղ Հայաստանի դեմ:

«Էնտեղ դատում են Հայաստանի Հանրապետությանը, և այնտեղ հոդվածներ են բարձրաձայնվում, գրվում և դրանցով կարվում, որ հետագայում Հայաստանի Հանրապետությանը կարողանան միջազգային դատարաններում ներկայացնել որպես ագրեսոր, օկուպանտ երկիր, որի հետևանքն ամբողջական կապիտուլյացիան է: Տեսեք՝ Զինված ուժերի մասին ինչպես են խոսում՝ ցույց տալով, որ սա ագրեսոր երկրի իբրև ռազմական միավորում է: Այս առումով խորը պրոբլեմ ենք ունենալու, թե մենք հենց այս պահին պետական մակարդակով այս դատավարությունները չկանգնեցնենք», - ընդգծեց Թանդիլյանը:

Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանի տեղադրած ականներից մոտ 400 մարդ է զոհվել կամ վիրավորել 2020-ի պատերազմից հետո: Ավելին, 2023-ին Լեռնային Ղարաբաղի վրա լայնածավալ հարձակման պատճառ Բաքուն նշեց, թե իբր ամիսներ շարունակ շրջափակման մեջ մնացած Ղարաբաղի հայերը Ֆիզուլի-Շուշի ճանապարհ են ներթափանցել ու տեղադրել ականներ, որոնց պայթյունից 2 մարդ էր զոհվել, ապա ժամեր անց էլ հաղորդվեց արցախցիների մեկ այլ ահաբեկչության մասին, իբր այդ պայթյունից էլ չորս մարդ էր զոհվել:

Այս ֆոնին Մանե Թանդիլյանը՝ չի տեսնում հայերին հետ բերելու Երևանի ջանքերը, օրինակ, կարող էին դիմել չեզոք Շվեյցարիային:

«Որտե՞ղ է խաղաղությունը, եթե հայորդիները գտնվում են գերության մեջ ու սա շատ դրամաբանական պայման պիտի լիներ ու միջազգային հանրության համար բացարձակ հասկանալի», - ասաց նա:

Վարչապետ Փաշինյանն ասել է, որ հետախուզական տեղեկություններ ունեն, որ Բաքվում պահվող հայերի նկատմամբ կարող են հոգեներգործուն միջոցներ կիրառվել՝ Հայաստանի դեմ ցուցմունքներ կորզելու համար:







XS
SM
MD
LG