Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը, որին ներկա չեն անկախ լրատվամիջոցները, իրավապաշտպանները և օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչները։
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր ցուցմունքներով է հանդես եկել Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նա անդրադարձել է Խոջալուում 1992-ի փետրվարին տեղի ունեցած իրադարձություններին՝ նշելով, որ դրանց մասին տեղեկացել է «պաշտոնական աղբյուրներից»։
«Ողբերգության ծավալների մասին մենք այն ժամանակ տեղեկացված չէինք։ Գիտեինք միայն, որ Խոջալուից հարյուրավոր ադրբեջանցիներ են բերվել Ստեփանակերտ։ Նրանց հետագայում փոխանցել են հակառակ կողմին», - Ղուկասյանի խոսքերն է փոխանցում ադրբեջանական APA գործակալությունը։
Ադրբեջանական բանտերում պահվող 23 հայերից 5-ը գերեվարվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո: Մյուս 18-ը, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, արդեն պատանդառվել են 2023-ին:
Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանի փոխանցմամբ՝ 23-ից 7-ի նկատմամբ Բաքվի դատարաններն արդեն մեղադրական դատավճիռներ են կայացրել, որոնք ուժի մեջ են մտել: Մյուս 16-ի գործերով Բաքուն երկու առանձին դատական գործընթաց է նախաձեռնել՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացնելով մյուս 15-ի գործից: