44-օրյա պատերազմի պարտությունից հետո մեղադրյալի աթոռին հայտնվեցին մի քանի բարձրաստիճան զինվորականներ, նրանց մեծ մասի գործերը դեռ դատաքննության փուլում են, ոմանք՝ դեռ կալանքի տակ:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյան, Արցախի պաշտպանության բանակի հրամանատարներ Ջալալ Հարությունյան, Միքայել Արզումանյան, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյան, պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյան, պետի տեղակալ Անդրանիկ Մակարյան: Այժմ այս նախկին բարձրաստիճան զինվորականներից կալանքի տակ են Տիրան Խաչատրյանն ու Միքայել Արզումանյանը:
Ինչի համար է մեղադրվում Դավիթ Տոնոյանը
Երկու տարվա կալանքից հետո ամռանն ազատ արձակված Դավիթ Տոնոյանը մեղադրվում է բանակից 4.5 միլիոն դոլար յուրացնելու համար: Ըստ իրավապահների՝ 2018-ին նրա օրոք գնված հրթիռները անպիտան էին, ու պատերազմի օրերին դրանք հնարավոր չի եղել կիրառել:
«Թե՛ գնման պահին, թե՛ գնումից երկար ժամանակ հետո, թե՛ այսօր այդ հրթիռները կիրառման համար պիտանի են, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ», - դատարանի բակում լրագրողներին ասել էր Տոնոյանը կալանքից ազատ արձակվելուց օրեր անց, բայց ասածը հիմնավորող կոնկրետ փաստեր չէր ներկայացրել:
Դեռևս պատժաչափ սահմանված չէ. փաստաբան
Մինչ Հայաստանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ ռազմական գործիչներին են մեղադրում պատերազմը տանուլ տալու համար, զինվորականները մեղքը չեն ընդունում:
2.5 տարվա քննությունից հետո վերջերս դատարանը Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչեց պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Նա մեղադրանքը չի ընդունում: Փաստաբան Արսեն Սարդարյանը «Ազատությանը» փոխանցեց՝ դեռևս պատժաչափ սահմանված չէ: Պատերազմի ժամանակ ծանր վիրավորված Ջալալ Հարությունյանը, ըստ իրավապահների, սխալ հրաման է տվել, ինչի հետևանքով Ցորի զորամասի 20 զինվոր հայտնվել է հակառակորդի թիրախում, սպանվել:
Սպանված զինվորների հարազատների փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, սակայն, շարունակում է պնդել՝ հենց գեներալ Հարությունյանն է հայտարարել, թե առջևից եկողները հայերն են, ոչ թե՝ հակառակորդը. - «Ըստ իմ ունեցած այս պահի դրությամբ փաստական տվյալների՝ ինքն ասել է, որ հանկարծ չկրակեք՝ մերոնք են, ու պարզվել է, որ հակառակը՝ թշնամու զորախումբ է եղել»։
Տիրան Խաչատրյանի գործն ուղարկվել է դատարան
Հաջորդ բարձրաստիճան մեղադրյալ զինվորականը Տիրան Խաչատրյանն է: Շուրջ 5 տարվա քննությունից հետո իրավապահները եզրակացրել են՝ Խաչատրյանը 44-օրյա պատերազմի ընթացքում ձախողել է իրեն վստահված բնագծի պաշտպանությունը, խարխլվել է զորքերի կառավարման համակարգը, ինչի հետևանքով էլ հակառակորդը տիրացել է ոչ միայն ռազմավարական բարձունքի, այլև՝ պաշտպանության տակ գտնված տարածքների: Ըստ Քննչականի՝ գեներալն առաջադրանքը տապալել է հոկտեմբերի 7-ից 17-ն ընկած ժամանակահատվածում: Դրանից հետո՝ արդեն հոկտեմբերի 20-ին էլ, արժանացել էր վարչապետ Փաշինյանի կողմից Ազգային հերոսի կոչման:
Նրա փաստաբան Արմեն Անդրիկյանը տարակուսում է. - «Անհասկանալի է։ Այդ գործողություններից հետո պարոն Խաչատրյանին Ազգային հերոսի կոչում են շնորհում, և անցնում է դրանից 4.5 տարի, այդ նույն գործողությունների համար մեղադրանք են առաջադրում ու կալանավորում»:
Կալանավորված գեներալի փաստաբաններն այսօր հայտարարեցին, որ քննությունն ավարտվել է, գործն էլ՝ ուղարկվել դատարան:
Միքայել Արզումանյանը՝ ավելի քան 2 տարի կալանքի տակ
Տիրան Խաչատրյանից բացի, կալանքի տակ է նաև Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: Ավելի քան երկու տարի է՝ քննիչները փորձում են պարզել՝ արդյո՞ք գեներալ-լեյտենանտը մեղավոր է Շուշիի անկման համար:
«Թշնամին առավել մեծ ուժեր և միջոցներ էր կենտրոնացրել, որին դիմակայելու ոչ մարդկային և ոչ էլ սպառազինության բավարար ռեսուրս հայկական կողմը չի ունեցել, ինչի մասին քաջատեղյակ է եղել նաև քաղաքական ղեկավարությունը»,- «Արմլուր»-ին մեկուսարանից ասել էր նա։
Անդրանիկ Մակարյանի գործը՝ երկու տարի դատարանում
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանի գործն էլ արդեն երկու տարի է՝ դատարանում է: Այս բարձրաստիճան զինվորականը ևս մեղքը չի ընդունում:
«Սկզբից մինչև վերջ չի համապատասխանում իրականությանը», - դատավորի հարցին ի պատասխան՝ հայտարարել էր նա:
58-ամյա գեներալ-լեյտենանտն ու ևս երկու զինվորականներ մեղադրվում են անգործության համար: Ըստ մեղադրանքի՝ 62 պայմանագրայինները Զանգելան մեկնելու առաջադրանք են ստացել հենց գեներալ-լեյտենանտ Մակարյանից։ Հասել են քաղաք, երբ ժամեր առաջ արդեն Զանգելանի բարձունքների վրա ադրբեջանցիներն էին նստած։ 62-ից շրջափակումից դուրս են եկել միայն 22-ը, իսկ մնացած 40 զինծառայողների մի մասը սպանվել է, 23-ն էլ մինչև հիմա անհետ կորած է:
Ընդդիմությունը պնդում է՝ «թիրախներ են կազմվել»
Մինչ իշխանությունները պնդում են, որ քրեական գործերի ընթացքին չեն միջամտում, ընդդիմադիրները պարբերաբար հայտարարում են՝ կա քաղաքական որոշում: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ավելի վաղ պնդել էր՝ «այդ քաղաքական որոշման հիման վրա էլ կազմվել են կոնկրետ թիրախներ»:
«Կա քաղաքական որոշում, և այդ քաղաքական որոշման հիման վրա կազմվել են կոնկրետ թիրախներ, և այդ թիրախներից մի մասը ձերբակալվում է, մի մասին ուղղակի թիրախավորում են, մի մասը քննադատության առարկա է դառնում, մի մասի մասին ասում են ամեն ինչ, այն, ինչ որ իրենց պետք է իրենց ընդհանուր քաղաքականության սպասարկման համար», - ասել էր նա:
Ի՞նչ էր հայտարարել ՔԿ նախկին նախագահը
Պատերազմի գործերը քննող Քննչականի նախագահ Արգիշտի Քյարամյանը պաշտոնից ազատվելուց առաջ, սակայն, հայտարարել էր. «Մենք կարողացել ենք ամբողջությամբ քննել 44-օրյա պատերազմի հետ կապված քրեական գործերը: Մենք բոլոր ուղղություններով մանրակրկիտ քննություն ենք իրականացրել և բոլոր ուղղություններով արդյունքներ ունենք»:
Ըստ Քյարամյանի՝ պատերազմի ընթացքում եղել են սխալ մարտավարության, սխալ հրամանների, հրամաններին չենթարկվելու հետևանքով մարդկային ու տարածքային կորուստներ, ռեսուրսների ոչ ճիշտ բաշխման խնդիրներ:
Բարձրաստիճան զինվորականների մեղադրանքները նկարագրող բազմահատոր քրեական գործերը դեռ վճիռների չեն վերածվել: Մինչ օրս չի հրապարակվել նաև 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը: Այն գաղտնի է համարվում, իսկ հանձնաժողովի ղեկավար, իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է՝ կլինեն նոր քրեական գործեր: