Մատչելիության հղումներ

Դատախազությունը դիմելու է ՌԴ՝ Գևորգ Կոստանյանի ու Վահագն Հարությունյանի հանձնման հարցով


ՀՀ դատախազությունը դիմելու է Ռուսաստան՝ Մարտի 1-ի գործով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում այս գործով հանրային լսումների ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

«Չունենք ռուսական կողմից համաձայնություն՝ նրանց արտահանձնելու համար, թեև դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը», - ասաց նա:

Վարդապետյանը հայտնեց, որ և՛ Կոստանյանը, և՛ Հարությունյանը Ռուսաստանում են գտնվում:

Հակակոռուպիցոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր ավելի վաղ ասել էր, որ Կոստանյանն ու Հարությունյանը դեռ գտնվում են հետախուզման մեջ:

Ըստ Արթուր Նահապետյանի՝ Վահագն Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, այն բանի համար, որ որպես քննչական խմբի ղեկավար կազմակերպել է քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և փորձագետներին ներկայացված տարբեր տրամաչափի պարկուճները փոխելու գործընթացը: Ինչպես նաև, ըստ մեղադրանքի, Հարությունյանը խեղաթյուրել է զինված ուժերի մասնակցությունը Մարտի 1 -ի իրադարձություններին՝ այդ կերպ օժանդակելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելու և պաշտոնական կեղծիքներ կատարելուն:

«Հետքը» գրել էր, որ իրավապահների կողմից դեռևս 2019 -ից հետախուզվող նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացի է դարձել և 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում:


XS
SM
MD
LG