Մատչելիության հղումներ

Դատախազությունը պնդում է, որ Ինտերպոլը «մեղադրանքի իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու իրավասություն չունի»


ՀՀ նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան
ՀՀ նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է, հայտարարում է Գլխավոր դատախազությունը՝ անդրադառնալով որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանի այն պնդմանը, թե Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպությունը՝ Ինտերպոլը, հրաժարվել է միջազգային հետախուզում սկսել Հայաստանի նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ, քանի որ այն քաղաքական է հետապնդում է համարել։

Գերատեսչությունից հայտարարում են, թե Ինտերպոլը գործի հանգամանքներ, փաստական տվյալներ չի ուսումնասիրում, մեղադրանքի հիմնավորվածության կամ իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու ոչ միայն իրավասություն չունի, այլև չի ստուգում մանրամասները։ Ավելին, ըստ Գլխավոր դատախազության, կազմակերպությունը համագործակցության շրջանակներում ընդունված առանձին որոշումները, դրանց օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգող, մեղադրանքը հիմնավոր կամ անհիմն, քաղաքական կամ այլ կերպ անհիմն որակող մարմին չէ։

«Ընդ որում, նման դիրքորոշում Ինտերպոլի կողմից դրսևորվում է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանն առնչվող դեպքերով, որպես կանոն՝ նպատակ ունենալով ի ցույց դնել այդ կառույցի բացարձակ չեզոքությունը առանձին երկրներում նախկին կամ ներկա պաշտոնյաների կողմից պաշտոնեական հանցագործությունների մեջ մեղադրվելու կամ պետությունների միջև կոնֆլիկտների արդյունքում անձանց հետախուզման կապակցությամբ: Բազմաթիվ են դեպքերը, երբ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած, քաղաքական գործունեություն իրականացրած անձի կամ ազգային հողի վրա կատարված առանձին հանցագործությունների դեպքերով համագործակցությունն Ինտերպոլի համապատասխան ստորաբաժանման փաստաթղթի հիման վրա սահմանափակվել է», - ասվում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:

Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյանն այսօր լրագրողներին ճեպազրույցի էր հրավիրել՝ հայտնելով, թե սկանդալային փաստաթուղթ է հրապարակելու։ Թե որտեղից իրեն այս փաստթղթերը, պատգամավորը փակագծեր չբացեց։ Թովմասյանը պնդում է, թե Հայաստանի անկախության պատմության ընթացքում սա առաջին նման դեպքն է։

«Պարզ ասած՝ միջազգային քրեական ոտսիկանությունը՝ Ինտերպոլը համարում է, որ Հայաստանի դատախազությունը և Հատուկ քննչական ծառայությունն անհիմն գործ են ըստ էության սարքել, և այդ գործով իրենք չեն կարող որևէ մեկին տեղաշարժը սահմանափակել կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտատարել», - հայտարարեց անկախ պատգամավորը։

2019-ի տարեվերջից հետախուզվող ու Ռուսաստանում գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, թե Թագուհի Թովմասյանի այսօրվա հայտարարությունից է տեղեկացել, որ Ինտերպոլը մերժել իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտատարել։

Կոստանյանի խոսքով, եթե նա ավելի վաղ ունենար այդ փաստաթուղթն, ապա անձամբ կհրապարակեր․ - «Ռուսաստանի Դաշնության դատախազությունը երբ մերժել էր Հայաստանի իշխանություններին իմ նկատմամբ քրեական հետախուզում հայտատարել, ես էդ մասին խոսեցի և փաստաթուղթ էլ հրապարակեցի, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները մերժել են իմ նկատմամբ հետախուզում իրականացնել, որովհետև համարում են, որ իմ հետապնդումը ապօրինի է, առանց որևէ հիմքի և ապացույցի, և քաղաքական բնույթի է։ Հետևաբար ոչ մի բանը ինձ չէր խանգարում, որ եթե ես էդ փաստաթուղը ունենայի, ես էլ հրապարկեի։ Առավել ևս, որ դա ինձ համար շատ կարևոր նշանակություն կունենար»։

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն անցնում է Մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով, մեղադրյալ է ներգրավվել միանգամից 5 հոդվածով։ Ինքը Կոստանյանը անհիմն է համարում իրեն առաջադրված մեղադրանքերը:

Նախկին պաշտոնյան մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը դրդելու հոդվածներով։ Դատարանն, ի դեպ, 2019 թվականի դեկտեմբերի 4-ին բավարարել էր Գևորգ Կոստանյանին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։

XS
SM
MD
LG