Մարտի 1-ի գործով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը գտնվում են հետախուզման մեջ, խորհրդարանում այս գործով հանրային լսումների ժամանակ հայտարարեց Հակակոռուպիցոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը:
Ըստ Արթուր Նահապետյանի, Վահագն Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, այն բանի համար, որ որպես քննչական խմբի ղեկավար կազմակերպել է քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և փորձագետներին ներկայացված տարբեր տրամաչափի պարկուճները փոխելու գործընթացը: Ինչպես նաև, ըստ մեղադրանքի, Հարությունյանը խեղաթյուրել է զինված ուժերի մասնակցությունը Մարտի 1 -ի իրադարձություններին, այդ կերպ օժանդակելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելու և պաշտոնական կեղծիքներ կատարելուն:
«Հետքը» գրել էր, որ իրավապահների կողմից դեռևս 2019 -ից հետախուզվող նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացի է դարձել և 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ Մարտի 1-ի գործով քրեական վարույթի նյութերը բաղկացած են 600 հատորից: Ծավալով պայմանավորված, 2025 թվականից նախաքննության կատարումը հանձնարարվել է համատեղ քննչական խմբի, որի կազմում ընդգրկվել են Հակակռուպցիոն կոմիտեի և Քննչական կոմիտեի 24 քննիչներ: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: