Անցած օգոստոսին Ռուսաստանից արտահանձնված և կալանավորված «Ալրաղացի Լյովիկ» մականունով հայտնի Հանրապետականի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է, վերահսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել է դատարան։
Լևոն Սարգսյանը մեղադրվում է 12 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար։ Խոսքը 2008-ին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման մասին է: Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում, ավելի վաղ «Ազատությանը» առանց մանրամասներ հաղորդելու փոխանցել էր նրա փաստաբան Աշոտ Սարգսյանը։
Թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանությունների ավելի քան 2 տասնյակ ներկայացուցիչներ ներգրավվեցին տարբեր քրեական գործերում, նրանց մեծ մասը լքեց Հայաստանը, հայտարարվեց հետախուզում։ Սակայն անցած տարիների ընթացքում հաջողվեց Հայաստան տեղափոխել միայն 2 հետախուզվողի՝ Լևոն Սարգսյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը քննադատում է իշխանությանը՝ արդարադատությունը ձախողելու, կանխամտածված ոչինչ չանելու, ամբոխավարության համար։
«Առաջնայինն այն է, թե գործող իշխանությունները, իրավապահ համակարգն ինչ խնդիր ուներ, ինչ խնդիր էր լուծում՝ արդարադատության հաստատում, թե ուղղակի հայտարարությունները։ Արդարադատության հաստատելը մենք չենք տեսել որևէ բնագավառում, մենք տեսել ենք տարաբնույթ հայտարարություններ դատավորների մասին, շատ տխուր հայտարարություններ, մենք տեսել ենք տարբեր քրեական գործերի մասին հայտարարություններ, որոնք մնացել են անհետևանք և ոչ միայն արդարադատության համակարգում», - նշեց Հարությունյանը։
Թավշյա հեղափոխությունից հետո տարբեր քրեական գործերով մեղադրյալի ու հետախուզվողի կարգավիճակ ստացան նախկին իշխանության ներկայացուցիչներից նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, մարտի 1-ի գործով ամբաստանյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մտերիմ, գործարար Սամվել Մայրապետյանը, Սերժ Սարգսյանի փեսա՝ համացանցում իշխանությունների ակտիվ քննադատ Միքայել Մինասյանը և այլոք։
Հետախուզվողների մեծ մասի վայրը հայտնի է՝ նրանք գտնվում են Ռուսաստանում, բայց, օրինակ, Միքայել Հարությունյանին, Ռուբեն Հայրապետյանին և Միհրան Պողոսյանին Հայաստանի ռազմավարական դաշնակիցը հրաժարվել է արտահանձնել Հայաստան տարբեր պատճառաբանություններով։ Իրավապաշտպանն արդեն կարևոր չի համարում, թե որ երկրում են նրանք թաքնվում, ասում է՝ ժամանակը ցույց տվեց, որ այս իշխանության օրոք իրավապահները չկարողացան ավարտին հասցնել այդ գործերը։
«Եթե իրենց համար դա ավելի լավ լիներ, նրանք դա կանեին, բայց իրենց համար այս մի տարբերակն էր երևի ավելի լավ։ Եթե չլիներ այս պատերազմը և այս տխուր պարտությունն ու տխուր իրավիճակը, նրանք այդպես կարող էին շարունակել տարիներով, կարելի էր Կոստանյանին բերել Մոսկվայից, ես չգիտեմ ում Պրագայից, մյուսին՝ Փարիզիս և այսպես կերակրել ժողովրդին, ավելի ճիշտ ոչ թե ժողովրդին, այլ ամբոխին կերակրել այդ տեղեկատվությամբ, բայց պատերազմը և պարտությունը դրեց վերջակետը։ Ավարտվել է արդեն, այս կարճ դարաշրջանը, որը տևեց 2,5 տարի ավարտվեց», - ասաց իրավապաշտպանը։
Վարդան Հարությունյանը, թերևս, ամենակարևոր քրեական գործը համարում է 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործը, որն այդպես էլ, ըստ նրա, ցուցադրականից չտեղափոխվեց իրական բացահայտման մակարդակ։ Այս գործը քննող Հատուկ քննչական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ նախաքննությունը դեռ շարունակվում է։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը կիսում է գործընկերոջ տեսակետը չիրականացված արդարադատության մասին, հավելում է՝ անկախ հետպատերազմյան իրավիճակից, հայաստանյան իրավապահները պետք է շարունակեն արդարադատության իրականացման գործընթացը նաև Ռուսաստանի հետ՝ ջանքեր գործադրելով արտահանձնել բոլոր մեղադրյալներին։
«Արդարադատության համակարգի ձախողումները Հայաստանի Հանրապետության ներքին խնդիրն են, բայց նույնիսկ այդ ձախողված արդարադատության առջև Հայաստանի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներկայացնելը, նախաքննության մարմիններին ներկայացնելը, դա բոլորովին այլ բնույթի հարց է և այստեղ չպետք է մեկը մյուսի հետ կապել», - ասաց Արթուր Սաքունցը։
Սաքունցը, որ թավշյա հեղափոխությունից հետո ևս հայտարարում էր, որ դատական համակարգում բարեփոխումներ են հարկավոր, այժմ էլ է պնդում՝ անկախ ստեղծված իրավիճակից, վեթինգ՝ զտում պետք է լինի։ Եվ եթե այն չիրականացնի այս իշխանությունը, այն, այնուամենայնիվ, պետք է կյանքի կոչի հաջորդը։
«Այն պետք է իրականացվի, առանց որի արդյունավետ դատաիրավական համակարգ, հանրության կողմից վստահելի դատաիրավական համակարգ չենք ունենալու», - հայտարարեց նա։
Գլխավոր դատախազությունից փոխանցեցին՝ հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։