Մատչելիության հղումներ

«Դա ոչ մեկին հետաքրքիր չէ». Էջմիածնի նախկին քաղաքապետն ու սկեսուրը՝ մեղադրյալի աթոռին


Էջմիածնի նախկին քաղաքապետը մեղադրվում է երկու հոդվածով՝ փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման համար: Մեղադրյալի աթոռին է նաև Դիանա Գասպարյանի սկեսուրը՝ նույն՝ փողերի լվացման հոդվածով: Երկուսն էլ ստորագրություն են տվել չբացակայելու մասին, հայտնում է «Ազատության» աղբյուրը:

Օրերս, երբ հայտնի դարձավ, որ նախկին քաղաքապետին մեղադրանք ներկայացվել, Գասպարյանի սկեսուրը՝ Ռուզաննա Ասատրյանը, «Ազատության» հետ զրույցում հերքեց, թե նման բան կա:

Այսօր, երբ ինքն էլ է մեղադրյալի աթոռին, հրաժարվեց տեղեկություններ փոխանցել. - «Դա ոչ մեկին հետաքրքիր չէ»:

Գործը քննող Հակակոռուպցիոն կոմիտեն չի հերքում, որ մեղադրանքներ է առաջադրել հարս ու սկեսուրին: Բայց հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հանցանք է վերագրվում նրանց, արդյոք երկուսի մեղադրանքը նույն գործի շրջանակո՞ւմ է: Պատասխանների համար «Ազատությունը» հարցումներ է ուղարկել Գլխավոր դատախազություն ու Հակակոռուպցիոն կոմիտե: Քննչական մարմինը, ի տարբերություն այլ գործերի, էջմիածնի ՔՊ-ական նախկին քաղաքապետի հարցում շատ գաղտնապահ է:

Արդյոք Գասպարյանի ու նրա սկեսուրի դեմ հարուցված գործը կապ ունի՞ մեկ տարի առաջ հարուցված քաղաքի հողերի վաճառքի քրեական գործի հետ: Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու դրվագներով գործի շրջանակում Գասպարյանն անցած տարի հարցաքննվել էր։ Իրավապահները քննում են՝ արդյոք հովանավորչության դրսևորում չէ՞, երբ Գասպարյանն ու իր թիմը կազմակերպել են քաղաքի հողամասերի վաճառքը նրա իսկ ընտանիքի անդամներին:

«Պարզապես փորձում են իրավական գործընթացների իմիտացիա ստեղծել»

Էջմիածնի ավագանու ընդդիմադիր «Հայրենատէր» խմբակցության անդամ Ջիվան Աբրահամյանի կարծիքով՝ այս քրեական գործով պարզապես փորձում են իրավական գործընթացների իմիտացիա ստեղծել:

«7 տարի անընդմեջ այդ ամեն ինչի մասին բարձրաձայնվել է, 7 տարի ոչինչ չի արվել, երբ Դիանա Գասպարյանն այլևս իրենց համար նպատակահարմար քաղաքական ռեսուրս չէր, սպառեցին և օգտագործեցին իրավական պետության իմիտացիա ստեղծելու համար», - ասաց Աբրահամյանը:

Ջիվան Աբրահամյանը քանի տարի է՝ բարձրաձայնում է քաղաքում տեղի ունեցող հողերի անօրինական վաճառքի մասին, հիմա էլ պնդում է՝ արդարադատության հույս չունի. կքննեն, բայց այդպես էլ այդ հողերը չեն վերադարձնի քաղաքին, կարծում է:

«Ոչ մի բան էլ հետ չեն բերի կամ միգուցե և ինչ-որ բան աչքկապոցու համար անեն, բայց դա իրականում ոչինչ չփոխող հարց է, մենք ավելի շատ պետք է քաղաքական առումով նայենք՝ այդ ավագանու անդամները, որոնք այդ ամեն ինչին մասնակից են, ինչ գնահատական է ստանալու այդ ամեն ինչը ու ոնց է լինելու», - ընդգծեց նա:

Շաբաթներ առաջ անսպասելի քաղաքապետի պաշտոնից հեռացած Գասպարյանը հրաժարականի կոնկրետ պատճառ չէր նշել, միայն ասել էր, թե ուզում է ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Բայց ոչ մի խոսք այս քրեական գործի մասին:

Բարեկարգ քաղաք խոստացող Գասպարյանի ամուսինը, սակայն, Էջմիածնի Տերյան փողոցի վրա վեր խոյացող առանձնատների շինարարությունը սկսել էր առանց թույլտվության, կինն էլ՝ նույն քաղաքապետը, ըստ «Հետք»-ի, աչք էր փակել այդ ապօրինության վրա, և միայն լրագրողների ահազանգից հետո էր ամուսինը՝ ավագանու իշխանական անդամ Արամայիս Միրզոյանը, ստացել տարածքի համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Սևակ Խաչատրյանի կարծիքով՝ Գասպարյանը քրեական գործերի պատճառով է հրաժարական տվել

«էջմիածին» ընդդիմադիր դաշինքի անդամ Սևակ Խաչատրյանի կարծիքով՝ Գասպարյանը քրեական գործերի պատճառով է հրաժարական տվել, և իսկ իշխող ուժը փորձում է իր վարկանիշը բարձրացնել:

«Որովհետև իրենք գիտեն, որ ՔՊ-ի վարկանիշը պլենդուզից ցածր է Էջմիածին քաղաքում, որ՝ մենք արդարադատություն ենք փորձում անել, նույնիսկ մեր թիմակիցների հանդեպ կողմնակալ չենք», - նշեց Խաչատրյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն հողերի վաճառքի համար դեռ դեռ անցած տարի տուգանել էր Գասպարյանին 300 հազար դրամով: Որոշման մեջ նշվում է, որ արդեն նախկին քաղաքապետը հանձնաժողովին տեղյալ չի պահել, որ այդ հողամասերը վաճառել է իր հետ փոխկապակցված անձանց: Գասպարյանն, ի դեպ, չէր ընդունել, որ շահերի բախում կա՝ պնդելով, թե իր ամուսնությունը գրանցված չէ, սկեսուրի հետ էլ նույն տանը չի ապրում:

Մեկ այլ քրեական գործ էլ կա. ՔՊ-ական համայնքապետի ընտանիքին պատկանող գազալցակայանում ամիսներ առաջ սպանություն էր տեղի ունեցել: Իրավապահները խուզարկել էին Գասպարյանի բնակարանն ու վերջերս գազալցակայանի երկու աշխատակցի մեղադրանք առաջադրեցին հանցագործությունը պարտակելու համար:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ առնչություն ունեն գազալցակայանի գործի հետ հենց նախկին քաղաքապետն ու նրա ընտանիքի անդամները:

Քրեական գործերից բացի, Գասպարյանի անունը կապվում է նաև այլ խախտումների հետ: Ամիսներ առաջ էլ «Ազատություն»-ը պարզել էր, որ Դիանա Գասպարյանը քաղաքի համար սեղմված բնական գազը գնել էր սկեսրայրից՝ նրա հետ կնքելով 13.6 միլիոն դրամի պայմանագիր: Հրապարակումից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել Գասպարյանի կողմից ենթադրյալ շահերի բախման համար: Այս վարույթի ընթացքը դեռևս պարզ չէ: «Ազատությունը» հարցում է ուղարկել հանձնաժողովին:



Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG