Մատչելիության հղումներ

103 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, աջակցել են վրացի փախստականների վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերից մեկը, արխիվ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերից մեկը, արխիվ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 17-րդ անգամ բանաձև է ընդունել, որը ճանաչում է բոլոր փախստականների և ներքին տեղահանվածների Աբխազիա և Հարավային Օսիա վերադառնալու իրավունքը։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 103 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։

Սա, ըստ աղբյուրի, Վրաստանին ամենամեծ աջակցությունն է բանաձևը 2008-ին ներկայացնելուց ի վեր։

1992-1993 թվականների վրաց-աբխազական պատերազմի պատճառով մոտ 250 հազար վրացի խաղաղ բնակիչներ են տեղահանվել:

Նշվում է, որ Հայաստանն առաջին անգամ է աջակցել բանաձևին, մի քանի տարի անընդմեջ չի մասնակցել քվեարկությանը, նախկինում էլ դեմ է քվեարկել։

Վրաստանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին բանաձևին աջակցելու համար։

«Վրաց-հայկական ռազմավարական գործընկերության ևս մեկ մեծ կարևոր քայլ», - X-ի իր էջում գրել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Շարվաշիձեն:

Բանաձևին աջակցել են նաև Ադրբեջանը և Ուկրաինան, դեմ են քվեարկել 9 երկիր՝ Ռուսաստանը, Սիրիան, Նիկարագուան, Զիմբաբվեն, Բուրունդին, Բելառուսը, Կուբան, Հյուսիսային Կորեան և Մալին։ 53 երկիր ձեռնպահ է մնացել։

2023 թվականին բանաձևին աջակցել է 100 երկիր, 9-ը երկիր դեմ է եղել, 59-ը՝ ձեռնպահ։

2023-ի նոյեմբերին մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է ճանաչել Աբխազիան և Օսիան որպես օկուպացված տարածքներ, հայտարարեց, որ Հայաստանը լիարժեք և միանշանակորեն պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

«ՄԱԿ-ում մինչև 2019 թվականը և դրանից հետո Հայաստանի քվեարկությունները շատ տեսանելի և որոշակի տարբերություններ են արձանագրել, ինչի կապակցությամբ մեր եղբայրական պետության՝ Վրաստանի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունն են արտահայտել», - ասել էր գործադիրի ղեկավարը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս տարվա մարտին Երևան կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում հայտարարեց, որ Թբիլիսին երախտապարտ է, որ Երևանը ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և իր հերթին առանց վերապահումների աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

XS
SM
MD
LG